Ապրիլի 6-ին Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում անցկացվեց գիտաժողով՝ «Նավասարդից մինչև Նովրուզ. հայ-իրանական մշակութային ընդհանրությունները» խորագրով: Գիտաժողովին ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հայ և իրանցի մտավորականներ ու ուսանողներ։ Նշենք, որ զեկուցումները եռալեզու էին՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն։
Ողջույնի ելույթով հանդես եկավ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց , որ չնայած համաճարակային բարդ պայմաններին՝ Իրանագիտության ամբիոնը շարունակում է իր գիտական և կրթական երթը։ «Իրանագիտության ամբիոնը և ԵՊՀ-ն ՀՀ-ի ամենակարևոր ու գիտական բոլոր չափորոշիչներին համապատասխանող արևելագիտական օջախներն են»,-ասաց նա: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա շնորհավորեց անցած տոները և շնորհակալություն հայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար։ «Տոները լավ առիթ եմ միմյանց ողջունելու, շնորհավորելու և մշակութային ավանդույթներով կիսվելու համար»,- ասաց դեսպանը։
Հիմնական զեկուցումներով ելույթ ունեցան Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, , բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը,ով շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հյուրերին մասնակցության համար և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է հայ-իրանական մշակութային սերտ կապերին, որոնք իրենց արտացոլումն են գտնում նաև տոնացույցում, Նավասարդից մինչև Նովրուզ ընկած փոխառնչություններում։
«Ըստ էության հայերս և Հին Հայաստանը պահպանել ենք հին իրանական տոնացույցի կարևորագույն մի տարրը, որն այնտեղ մոռացության է մատնվել կամ վերաձևակերպվել է Նովրուզի տեսքով։ Ըստ այդմ՝ Հայաստանը շատ պարագաներում իրանական մշակույթի համար ունի թանգարանի նշանակություն»,- ասաց Վ. Ոսկանյանը։Նրա զեկույցի թեման էր «Նավասարդ՝ հին Հայաստանի Ամանորը»: Զեկույցներով հանդես եկան իրանագիտության ամբիոնից պրոֆեսոր, արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, «Հայաստան-Իրան ընդհանուր մշակույթի երկու ճյուղերը»՝թեմաների վերաբերյալ:
Զեկուցումներով հանդես եկան իրանագիտության ամբիոնից,դասախոսներ՝ պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Թերեզա Ամրյանը «Չարշամա Սոր՝ եզդիական «կարմիր չորեքշաբթին», իրանագիտության ամբիոնի դոկտոր Մաջիդ Քարիմին «Մի նկատառում Աբու-Ռեյհան Բիրունիի՝ «Ասար ալ-Բաղիա» երկում Նովրուզի մասին» բանասիրական գիտությունների թեկնածու Արտյոմ Տոնոյանը, «Նովրուզի տոնակատարության առանձնահատկությունները Ադրբեջանի պարսկախոսների շրջանում»Ահարոն Վարդանյանը «Նովրուզն իրանական ինքնության խորհրդանիշ», դասախոս Արփինե Առուշանյանը «Նովրուզը Իրանի զրադաշտականների շրջանում», , Յասեր Քարամզադեն «Նովրուզը թալիշների շրջանում», Լիանա Պետրոսյանը, «Նովրուզի քաղաքականացումը հարավկովկասյան տարածաշրջանում» ,իրանագիտության ամբիոնի հայցորդ Նարե Գևորգյանը «Նովրուզը Շահնամեում» թեմաներով:
Գիտժողովն ամփոփեց Վարդան Ոսկանյանն, ով շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից ու մասնակիցներից հույս հայտնեց, որ նմանատիպ գիտաժողովները կլինեն շարունակելի՝ ամրապնդելու հայ-իրանական դարավոր կապերը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Թերեզա Ամրյանի և ԵՊՀ ֆեյսբուքյան էջի