Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սերբիայի հայերի մասին մինչև օրս գրվել են տարրաբնույթ հոդվածներ, ակնարկներ: Վերջերս Հայաստանի Ազգային գրադարանում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներ՝  բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանին և սերբահայ գրող Անուշ Բալայանին, ովքեր պատմեցին  հետաքրքիր ու յուրօրինակ համատեղ աշխատանքի մասին։ Նրանց հեղինակությամբ լույս է տեսել  «Հայերը և սերբերը» երկլեզու աշխատությունը։

Հայերեն մասը գրել է Արծվի Բախչինյանը, ապա Անուշ Բալայանն այն թարգմանել է սերբերեն: Մի առանձին գլուխ սերբերեն է գրել  սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը, որը  Անուշ Բալայանը թարգմանել է հայերեն: Գիրքը հրատարակվել է Սերբիայում 2020 թ. «Պեշիչ և որդիներ» հրատարակչությունում: 302 էջանոց գրքի սերբերեն և հայերեն մասերը բաժանվում են լուսանկարների ներդիրով՝ թվով 34:

Մի քանի խոսքով ներկայացնեմ հեղինակներին:

Արծվի Հենրիկի Բախչինյանը հայագետ է, պատմաբանասեր, սփյուռքագետ, գրող և թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու:Ծնվել է 1971 թ. Երևանում: 1988–1993 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում:1996–1997 թթ. որպես հրավիրված հետազոտող աշխատել է Ուփսալայի (Շվեդիա) համալսարանի աֆրոասիական լեզուների ինստիտուտում:2009-ից աշխատում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի հայ գաղթավայրերի և սփյուռքի բաժնում:1989-ից գիտական և հանրային մամուլում լույս է ընծայել հարյուրավոր բանասիրական, սփյուռքագիտական և կինոգիտական բնույթի հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:Հայ ժողովրդի պատմամշակութային հարաբերությունների մասին պատմող տասնյակ գրքերի հեղինակ է, որոնց թվում՝ «Հայազգի գործիչներ. հնագույն ժամանակներից մինչև այսօր» (2002), «Նապոլեոն Բոնապարտը և հայերը» (2003), «Հայաստան-Սկանդինավիա, պատմամշակութային հարաբերություններ» (2003), «Հայերը համաշխարհային կինոյում (2004), «Շամախեցի պարուհին. Արմեն Օհանյանի կյանքը և ստեղծագործությունը» (2007, համահեղինակ՝ Վարդան Մատթեոսյան), «Հայերը Սկանդինավյան երկրներում. հայ-սկանդինավյան պատմամշակութային կապեր» (2010), «Հայերը համաշխարհային պարարվեստում» (2016), «Հայերը Չինաստանում. հայ-չինական պատմամշակութային կապեր» (2017), «Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչություններ» (2017, 2018) և այլն:Թարգմանում է անգլերենից ու շվեդերենից հայերեն և հայերենից անգլերեն:Լույս ընծայել «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմվածքների ժողովածուն (2014), «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցի» վեպը (2017), որի համար 2019 թ. ստացել է «Վահան Թեքեյան» մրցանակը: Վեպը թարգմանվել է ռուսերեն և լույս ընծայվել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: 2019 թ. լույս է տեսել նրա «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպը:

Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը գրող է, փիլիսոփա, մարդաբան, համակարգչագետ, երաժիշտ և թարգմանիչ:Ծնվել է 1956 թ., Բարբաթովացում, Սերբիա: Ուսանել է փիլիսոփայություն և մարդաբանության մագիստրատուրա Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում:Արվեստի վարպետի կոչում է ձեռք բերել Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում որպես դոկտորանտ:Հումանիտար գիտությունների դոկտորի կոչումը ձեռք է բերել Բոսնիա և Հերցեգովինայի Բրչկոյի վարչական շրջանի Միջազգային համալսարանում: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է «Քննադատական մարդաբանության և փիլիսոփայության վերահաստատումը ժամանակակից պայմաններում» թեմայով:Մասնագիտական երաժշտությամբ զբաղվում է 1978–1987 թթ.: 1987–1991 թթ. որպես հետազոտող աշխատակցում է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ինստիտուտում։1992–2010 թթ. նվիրվել է ինֆորմատիկային. ինժեներների թիմի հետ մշակել է էկրանից կարդացող և ձայնի սինթետիզատոր սերբերենի և այլ լեզուների PC համակարգիչների համար: Ինֆորմատիկայի դասընթացներ է վարում տեսողության խնդիրներ ունեցողների հետ:2010 թ. Սերբիայի գրողների միության անդամ է: Նրա գրական աշխատանքները (պատմվածքներ և բանաստեղծություններ) տպագրվել են գրական ամսագրերում և ժողովածուներում:Հրատարակած գրքերն են՝ «Կրակագույն պատմվածքներ» (2009, թարգմանաբար լույս է տեսել գերմաներեն 2011 թ.), «Խուզած ոչխարների մոտ» վեպը (2013): Բարբաթի որոշ պատմվածքներ լույս են տեսել երկու գերմաներեն ժողովածուներում, իսկ որոշ պատմվածքներ, բանաստեղծություններ և աֆորիզմներ թարգմանվել են սլովեներեն և հայերեն:Զբաղվում է հասարակական-հումանիտար աշխատանքով: «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագահն է:

Անուշ Բալայանը ծնվել է 1965 թվականին Երևանում: Սովորել է «Դավիթ Անհաղթ» Հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում: 1995 թվականին տեղափոխվել է Բելգրադ,որտեղ ապրում ու ստեղծագործում է այստեղ`ներկայացնելով հայ մշակույթը սերբ ժողովուրդին,իսկ Սերբիայի`հայերին: Այդ տարիներին բանաստեղծությունները տպագրվել են տարբեր օրաթերթերում: Նույն թվականին մասնակցել է Գրողների միջազգային հանդիպմանը,այնուհետև «Սիրո խոսք» պոեզիայի 3-րդ միջազգային փառատոնին Դեսպոտովացում: «Սերբ գրողները հայրենիքում և սփյուռքում»,ինչպես նաև «Պոետ» գրողների միության անդամ է: Զբաղվում է թարգմանչական գործունեությամբ,մասնավորապես՝ հայերենից սերբերեն ու սերբերենից հայերեն լեզուներով:«Հայերը և սերբերը»գրքի օրինակներից կան ընթերցասեր հասարակության կողմից  սիրված օջախներից մեկում՝  Հայաստանի Ազգային գրադարանում:

 

Գրքի մասին կայացած հարցազրույցը Անուշ Բալայանի հետ ներկայացնում եմ ընթերցողներին:

Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք գիրքը թարգմանելու ընթացքում:

-Դժվարություններ գրեթե չեն էլ եղել. մենք՝ Արծվի Բախչինյանը, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը և ես, սիրով ենք աշխատել այս գրքի վրա, յուրաքանչյուր տեղեկություն քննել ենք իրար հետ, ճշգրտել: Ներկա պայմաններում մեզ այն արագ իրականացնելու հնարավորությունը տալիս են կապի նոր միջոցները:

–Պատրաստվու՞մ եք գիրքը թարգմանել նաև այլ լեզուներով:

-Այս գիրքն արդեն երկլեզու է՝ հայերեն և սերբերեն: Այլ լեզուներով թարգմանել կարող են ցանկացողները:

–Սերբերենի՞ց եք թարգմանել, թե՞ հակառակը:

-Արծվի Բախչինյանի հայերեն գրված գիրքը թարգմանել եմ սերբերեն, իսկ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի սերբերեն գրված գլուխը՝ հայերեն:

–Խնդրեմ, մի քանի խոսքով ներկայացրեք գիրքը:

–Գրքի վերնագիրն է «Հայերը և սերբերը», իսկ ենթավերնագիրը՝ «Հայերը և սերբերը պատմության քառուղիներում»: Հայագետ, Արծվի Բախչինյանն, իր այս պատմաբանասիրական աշխատությամբ, փորձում է ի մի բերել հայ-սերբական պատմամշակութային կապերի պատմությունը Սերբիայում և նախկին հարավսլավական երկրներում: Այն ընդգրկում է միջնադարից մինչև այսօր ընկած ժամանակահատվածը: Հայ-սերբական գիտամշակութային գործունեություն ծավալած մի քանի անուններ էլ ներկայացված են սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի գրքի հավելվածում:

–Իսկ ի՞նչ ուղերձ ունի գիրքը:

–Գիրք ստեղծելը հայրենավեր գործ է: Այն մոռացությունից կպաշտպանի թե՛ կարևոր իրադարձությունները, թե՛ դեպքերն ու դեմքերը: Այս գիրքը վկայությունն է վաղ ժամանակներից հայերի անհերքելի գոյության մասին Սերբիայի տարածքում: Նրանց թողած նյութական վկայություններն են հայատառ տապանաքարերն ու կառուցած վանքերը, ստեղծագործած երաժշտությունն ու հայագույն կտավները, գրական ժառանգությունը:

–Ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում:

-Գիրքը հրատարակել է «Պեշիչ ի սինովի» հրատարակչությունը, որը հիմնականում զբաղվում է պատմական ճշմարտությունների պահպանման հայրենանվեր գործով: Այնպես որ, հրատարակիչ Վեսնա Պեշիչն ուրախությամբ ընդունեց նաև մեր գրքի հրատարակման առաջարկը:

–Ինչպիսի՞ ընդունելության արժանացավ գիրքը:

–Յուրաքանչյուր գրքի ծնունդ ինքնին արդյունք է տքնաջան աշխատանքի: Ես նկատեցի, որ գիրքը սպառողական ընթացք ստացել է գրախանութներում, չնայած որ դեռևս շնորհանդես չենք կազմակերպել: Իսկ փորձը ցույց է տվել, որ շնորհանդեսների ժամանակ ընթերցողը ավելի է ոգևորվում եւ գիրք ձեռք բերում: Գրքի մասին՝ հրատարակչի, համահեղինակի և թարգմանչի մասնակցությամբ երկու հաղորդում է կազմակերպել սերբական ռադիոյի «Կոնտրապունկտ» հաղորդաշարը:

–Ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում Սերբիայի հայերը, արդյո՞ք զբաղվում են հայապահպան գործունեությամբ:

–Սերբիայի հայերը ապրում են ամենօրյա կյանքով, յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը, զբաղմունքը: Նրանք բոլորն էլ առանձնահատուկ սեր ու հարգանք են վայելում իրենց շրջապատում և ավելի հեռուներում: Սերբիայի հայությունը, ցավոք, չունի ազգային փոքրամասնության կարգավիճակ: Միջոցառումներ կազմակերպում էինք, գրական-երաժշտական երեկոներ, շնորհանդեսներ, հայ մեծերին նվիրված դասախոսություններ: Դեռևս չի գործում որևէ հայկական դասընթաց կամ դպրոց, թերևս ակնկալում ենք, որ մեր պետությունն էլ ստեղծի հայերենի ամբիոն:

–Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք Սերբիայի հայերի կյանքից:

–Հետաքրքիր դեպք. դե՛, կյանքը ամենուր մտել է մի դժգույն փակուղի: Հայ ազգի հետ կատարվածը ցնցեց ողջ գիտակից մարդկությանը, իմ դեպքում՝ սերբ լայն հասարակությանը: Ավելի շատ իմ սերբ բարեկամների հորդորով էր, որ կազմակերպվենք և բողոքի մեր ձայնը բարձրացնենք ի աջակցություն հարձակման ենթարկված հայ ազգի: Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին հավաքվեցինք Բելգրադի Սուրբ Սավա տաճարի առջև, որտեղ ելույթներ ունեցանք: Դա մի առանձնահատուկ օր էր: Մարդիկ եկել էին անգամ հեռավոր վայրերից: Այդ օրը ես հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներին, որոնց հետ նոր մակարդակի բարձրացրինք մեր առնչությունները, այն է՝ ավելի ակտիվ գործունեությամբ հայ-սերբական մշակութային կապերը մատչելի դարձնենք Սերբիայում:

Գարիկ Ավետիսյան