Այսօր հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Մեր ընթերցողին ենք ներկայացնում 2019 թվականին տպագրված հարցազրույցը եւ Պրահայի ելույթների մասին հրապարակումը։
Մեր ժամանակների վիրտուոզ ջութակահարներից մեկին՝ Սերգեյ Խաչատրյանին 2019թ. սեպտեմբերի 27-ին հոտնկայս ծափահարեց չեխ եւ օտար բարձրաճաշակ հանդիսատեսը, ինչին Սերգեյը հակադարձեց Գրիգոր Նարեկացու ՙՀավուն, հավուն՚ի կատարմամբ՝ հայկական միջնադարյան մեղեդիներով լցնելով քարացած հայացքներով ողողված Ռուդոլֆինումի հանրահայտ սրահը։ Այս համերգը, որն ուղիղ հեռարձակվում էր Չեխական ռադիոյով, երկար կհիշվի հանդիսատեսի կողմից։
Շոստակովիչի ջութակի թիվ 1 կոնցերտի կատարումը՝ Սերգեյ Խաչատրյանի եւ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, իրոք, բացառիկ երեւույթ էր Պրահայի երաժշտական կյանքում։
Դժվար էր հավատալ, որ նման բարդ ստեղծա•ործության կատարումը կարող է ջութակի միջոցով դառնալ այդքան հասանելի՝ միեւնույն ժամանակ հիպնոսացնել դահլիճում ներկա դասական երաժշտության սիրահարներին։ Սերգեյ Խաչատրյանի այս կատարումը սովորական ելույթ չէր, առօրյա կատարում չէր։ Դա ապրված ստեղծագործության բացահայտում էր, խաչատրյանական բացահայտում։ Խոսքերով դժվար է նկարագրել այն մոգական լիցքը, որ նա կարողացավ հասցնել ունկնդիրներին, քանի որ այդ պահի ազդեցությունը կարելի էր զգալ միայն դահլիճում լինելով։
Ջութակի նման տիրապետում ես վաղուց չէի լսել։ Թեեւ 2016-ին նույն դահլիճում նա արդեն ներկայացրել էր Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, եւ նույն ոգեւորությամբ ոտքի հանել հանդիսականներին, բայց Շոստակովիչի մեկնաբանությունը կարելի է ասել անգերազանցելի էր։
Իհարկե, այդ հարցում նրան աջակցեց նաեւ չեխական նվա•ախումբըª գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Լիբղայխի (Alexandr Liebreich) հմուտ ղեկավարությամբ։ Ով կմտածեր, որ հանրահայտ Դավիթ Օյստրախին նվիրված եւ վերջինիս կատարմամբ առաջին անգամ 1955-ին Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ) հնչած կոնցերտն, այսօր՝ գրեթե 65 տարի անց, եվրոպական հանդիսատեսին ամենաբարձր մակարդակով կներկայացնի մեր հայրենակից Սերգեյ Խաչատրյանը։
Իզուր չէ, որ հայ տաղանդավոր ջութակահարն ընտրվել է Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի 2019-2020 համերգաշրջանի հիմնական (ռեզիդենտ) երաժիշտ։
Չնայած գերհոգնած վիճակին, նա իր ելույթից հետո վերադարձավ դահլիճ՝ ունկնդրելու համերգի երկրորդ մասը. Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Անտոնին Դվորժակի 8-րդ սիմֆոնիան, որն իր լավատեսություն սփռող մեղեդիներով եզրափակեց համերգաշրջանի բացման երեկոն։
Դիրիժոր Ալեքսանդր Լիբղայխը հիանալիորեն ղեկավարեց չեխ մեծանուն կոմպոզիտորի այդ հրաշալի ստեղծագործությունը։
2019-ի սեպտեմբերի 27-ին Խաչատրյանն արդեն չորրորդ անգամ ելույթ ունեցավ Պրահայում, իսկ սեպտեմբերի 12-ին չեխական Օստրավայում բացեց Յանաչեկի անվան միջազգային երաժշտական փառատոնը։
2019-ին Եվրոպական տարբեր քաղաքներում ելույթներից հետո, հոկտեմբերի 20-ին նա ելույթ ունեցավ նաեւ Ճապոնիայում։
Իսկ Չեխիայի երաժշտասերներին հաճելի անակնկալ էր սպասվում 2020 թ-ի ապրիլի 6-ին եւ 7-ին, սակայն նր ելույթները հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով։
Ստորեւ ներկայացնում ենք Սերգեյ Խադատրյանի հետ մեր հարցազրույցը, որը տպագրվել է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2019ի 2րդ համարում։
Հարցազրույց Սերգեյ Խաչատրյանի հետ
-2011 թվականին առաջին անգամ երբ համերգ տվեցիր Ռուդոլֆինումում, ասացիր, որ տպավորություններդ գերազանցեցին սպասելիքները, հիացած ես թե՛ դահլիճից, թե՛ հանդիսատեսից, եւ թե՛ Պրահայից։ Այս անգամ էլ համերգային ելույթիդ մեջ հնչեց Խաչատրյան։ Ո՞վ է կատարել այս ընտրությունը։
-Ընտրությունն իրենցն էր եւ ցանկությունը, որ կատարեմ Խաչատրյան, եւ ես մեծ ուրախությամբ համաձայնեցի։ Ես մինչ այդ Արամ Խաչատրյան չէի նվագել Պրահայում։ Միգուցե Սովետական տարիներին Խաչատրյանն ավելի շատ է հնչել, բայց ես հասակացա, որ նվագախումբն այդքան հաճախ չի կատարել։ Ես իբրեւ հայ ուրախ եմ ներկայացնել ՙիմ՚ կոնցերտը։
-Շատ ես սիրո՞ւմ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։
- Այո, շատ-շատ եմ սիրում։ Եվ կարծում եմ, երբ որեւէ հնարավորություն է ստեղծվում եւ օտարներն են ուզում հայկական ծրագիր, պետք է ամեն կերպ աջակցել։ Հետաքրքիր զուգադիպությամբ համերգը չեխ ֆիլհարմոնիկի հետ ղեկավարեց Քրիստանը, որի հետ այս տարի Բեռլինում միասին ենք հանդես եկել՝ կրկին Խաչատրյանով։
- Հետաքրքիր է, որ առանց գովազդի, համերգի տոմսերն արդեն սպառված էին։
- Վերջին շրջանում նկատվում է, որ եթե մեծ նվագախմբերի հետ ես ելույթ ունենում եւ իրենք հանդես են գալիս իրենց դահլիճներում, ապա տոմսերն արդեն իսկ վաճառում են աբոնեմենտային համակարգով։
- 2015-ին ակտիվորեն մասնակցեցիք Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներում, նաեւ քրոջդ՝ Լուսինեի հետ համատեղ ելույթներ ունեցաք։ Նա էլ առանձին ներկայացումով հանդես եկավ։ Բունդեսթագի կողմից ցեղասպանության ճանաչման բանաձեւն ի՞նչ նշանակություն ունեցավ քո համար՝ իբրեւ Գերմանիայում երկար տարիներ բնակվող հայի։ Որքան գիտեմ ձեր ընտանիքը ցեղասպանության վերապրողներից է։
-Չեմ կարող ասել, թե դա կոնկրետ ինչ ազդեցություն է ունեցել։ Չեմ էլ հիշում, որ պապիկս այդ թեմայով երբեւէ խոսեր, մեզ չի էլ փոխանցել մանրամասներ, նույնիսկ հայրս չգիտի մանրամասն, թե իրականում ինչ է եղել իր հոր ընտանիքի հետ։ Բայց, իհարկե, ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ ողջ հայության համար շատ կարեւոր օր էր, որ Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Անկեղծ ասած, ինձ համար նույնիսկ մի քիչ անսպասելի էր։ Այսօր շատերի համար խնդիրը ոչ թե այն ՝ դա եղել է, թե ոչ, այլ առաջին հերթին քաղաքականությունն է առաջ մղվում, որը միշտ չէ որ ազնիվ է իր բնույթով։ Չէի կարծում, հատկապես այս ժամանակ դա տեղի կունենա, երբ Թուրքիան Գերմանիային օգնում է փախստականների հարցում։ Ինձ համար անսպասելի էր Բունդեսթագի ճանաչումը։ Իհարկե, պրագմատիկ առումով դա մեծ փոփոխության չի բերում, բայց քանի որ Բունդեսթագում բոլորը գրեթե միաձայն ընդունեցին, դա մեզ համար մեծ բան է։ Ես չեմ ուզում ասել, որ Գերմանիային շնորհակալ եմ, (շատերն են այդպես գրել), բայց դա այն քայլն էր, որ վաղուց պետք է արվեր։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ եղավ, եւ հարգում եմ, որ Գերմանիան այս քաղաքական վիճակում ուժ գտավ այդ քայլն անելու։
-Ընտանիքիդ արմատները որտեղի՞ց են սերում։
-Իմ մայրիկի կողմը Գյումրիից է, իսկ հորս հայրը՝ Ղարսից է։
-Հարցազրույցներից մեկում ասել էիր, որ ընտանիքը քո ներքին օջախն է, որը շատ ամուր է եւ իրար հետ շատ կապված եք։ Մանավանդ մոտ 8 տարեկանից անընդհատ ապրելով Գերմանիայում, ինչպե՞ս եք կարողացել հայկական ինքնությունը պահպանել, փայլուն հայերեն խոսել, եւ նաեւ համակերպվել գերմանական հասարակությանը։
-Շատ մարդիկ լավ ինտեգրացվում են, նույնիսկ դառնում են գերմանացի։ Մեր պարագայում՝ իմ ու Լուսինեի ծնողների կատարած աշխատանքն է, որի շնորհիվ, լինելով օտար երկրում, կարողացանք մեր ինքնությունը պահպանել։ Միգուցե սխալվում եմ, բայց երբեմն օտար երկրում ավելի հեշտ է լինում ինքնությունդ պահպանել, քան այն երկրում, որտեղ ապրում ես։ Ես ու քույրս, երբ գնում էինք դպրոց, զգում էինք, որ մենք այլ կերպ ենք մտածում, այլ մտածելակերպ ունեն՝ նույնիսկ դասատուների նկատմամբ հարգանքը, ծնողի նկատմամբ հարգանքը։ Դու զգում ես, որ տարբեր ես։ Կան մարդիկ, որ այդ տարբերությունը զգալով, ուզում են ինտեգրվել, որ մենակ չլինեն։ Մենք այնպես ենք հասակ առել, որ հպարտության պես զգացել ենք մտածելակերպի տարբերությունը, եւ հասկանալով, որ մենք ուրիշ ենք, համարել ենք, որ դա է ճիշտը։ Դա մեր էությունն է։ Իհարկե, դա երբեմն հանգեցնում է նրան, որ մենակ ես մնում։ Թեեւ այստեղ էլ պետք է նշեմ, որ մենք ունենք շատ լավ գերմանացի ընկերներ։ Երբ նոր էինք եկել եւ առաջին քայլերն էինք անում երաժշտության մեջ, շատ գերմանցիներ են մեզ օգնել։
Անկախ այս ամենից, դու զգում ես, որ քո մտածելակերպով ու ապրելակերպով մի քիչ մեկուսացված ես, բայց դա մեզ երբեք չի խանգարել։ Ավելին, այն փաստը, որ մենք երաժիշտներ էինք, մեզ շատ է օգնել։ Մենք պարտավորված չէինք լինել ինչ-որ շատ մարդկանց կամ որոշակի համակարգի մեջ։ Երաժիշտներն իրենք մեկուսացված են իրենց էությամբ եւ իրենց գործի բերումով։ Դրա համար այդ ամենը մեզ չի խանգարել։ Ամեն դեպքում, ինչ էլ լիներ, մենք մեր դաստիարակությունից ելնելով, կմնայինք այնպես, ինչպես որ կանք։ Իհարկե, սուտ կլինի ասել, որ մենք ընդհանրապես չենք փոխվել, որովհետեւ որտեղ էլ դու ապրես, շրջապատը ինչ որ հետք թողնում է քո վրա՝ ոչ միայն բացասական, այլեւ դրական։
-Ի՞նչ է տվել քեզ Գերմանիան։
-Նախեւառաջ Գերմանիան տվել է ինձ այն հնարավորությունը, որ լինեմ այն մարդը, այն երաժիշտը, որով, կարելի է ասել, հայերն ու Հայաստանը ինչ որ չափով հպարտանում են։ Դա կարող է մի քիչ պարադոքսալ հնչի, բայց կարծում եմ, որ եթե չլինեի Գերմանիայում, այս նվաճումները չէին լինի։ Այսպիսի երաժիշտ չէի դառնա, եթե երաժշտության իմ պրոֆեսորը չլիներ, որը ինչ որ չափով ինձ ջութակահար դարձրեց։ Իհարկե, միջազգային կարիերա սկսելու հնարավորությունները նույնպես չէին լինի։
Այսօր Հայաստանում երաժիշտներին չեն տրվում այն պոտենցիալ հնարավորությունները, որ նրանք կարողանան ներկայանալ։ Առնվազն մի քանի տեղական համերգ կարող են տալ եւ դրանով սահմանափակվել։ Կարծում եմ, որ միակ տեղը նվագախմբերում նվագելն է, իսկ երբ ուզում ես ավելին, արդեն ամեն ինչ դժվարանում է։ Հասկանալի է, որ երկրի վիճակը այնքան էլ լավ չի, եւ դրա պատճառով էլ այդպես է։ Բոլոր տեղերում էլ, երբ երկիրը գլոբալ խնդիրներ ունի լուծելու, արվեստին միշտ էլ մնում է վերջին տեղը։ Դրա համար էլ արվեստը տուժում է։
-Չնայած դրան, քո հարցազրույցներում միշտ ասում ես, որ Հայաստանը քո տունն է, եւ Հայաստանն այլ կերպ ես ընկալում։ Նույնիսկ Հայաստանի քարքարոտ բնությունը քեզ համար հաճելի է։ Դա է վկայում նաեւ, որ վերջին տարիներին բավականին համեգներ ես ունենում Հայաստանում։
-Այո, ես փորձում եմ տարվա մեջ նվազագույնը գոնե մեկ անգամ ելույթ ունենալ Հայաստանում, մինչեւ հիմա դա ստացվել է, նույնիսկ երբեմն ավելի հաճախ եմ գնում։ Չեմ կարող ասել հաճելի է, թե հաճելի չէ, բայց դա իմն է։ Դա ինձ հոգեհարազատ է։ Օրինակ Երեւան քաղաքի նկատմամբ մեծ կապ, ինչպես իմ ծնողները կամ դուք ունեք, ես չեմ զգում։ Դեպի քաղաքը նկատի ունեմ։ Բայց երբ ճամփորդում եմ Հայաստանով, Սաղմոսավանքն եմ տեսնում, որն իմ ամենասիրելի վայրերից մեկն է, կամ Տաթեւ եմ գնում, հասկանում եմ, որ դա իմ հոգին է, այն ինչ որ ես տեսնում եմ ու զգում։ Նույնիսկ չեմ էլ կարող բացատրել ինչու, քանի որ փոքր ժամանակ ես Տաթեւում չեմ էլ եղել։ Բայց դա իմն է, եւ այդ զգացմունքն ինձ համար կարեւոր է։ Օրինակ, Արցախում չէի եղել։ Հավաքեցի հայաստանցի երաժիշտ ընկերներիս, նվագախումբ ստեղծեցի, մի քանի շաբաթ պատրաստվեցինք, Վիվալդի ու Բախ նվագեցինք Ստեփանակերտում եւ ապաª Գյումրիում։
- Մի առիթով ասել ես, որ ջութակի ընտրությունը ծնողներիդ ընտրությունն է եղել եւ սկզբում դու ավելի նախընտրում էիր ուղղակի բեմում լինել։ Այս տարիներին ի՞նչ որ փոփոխություն տեղի ունեցե՞լ է, ջութակը գրավե՞լ է բեմի տեղը։
- Իհարկե, ոչ թե ջութակը, այլ՝ երաժշտությունը։ Քանի որ ջութակն իմ արտահայտվելու միջոցն է, կարելի է ասել, որ ես շատ եմ սիրում իմ գործիքը։ Բայց ինձ թվում է, որ առաջին հերթին երաժշտությունն է այդ կապը ստեղծում բեմի վրա։ Ճիշտն ասաց, ես ոչ թե երազել եմ բեմի վրա լինել, այլ ինձ պատմել են, որ դա ինձ շատ է դուր եկել։ Որովհետեւ իմ մոտ երազանք չի եղել, որ բեմի վրա ելույթ ունենամ։ Երբ ծնողներս գործիքը տվեցին իմ ձեռքը, եւ ես սկսեցի սովորել, հասկացա, որ ինձ համար հաճելի է ելույթ ունենալը, մարդկանց ծափերը։ Դա նկատի ունեմ 6-7 տարեկան հասակում։ Հետագայում այդ կատարելու հագեցումն իմ մոտ լրիվ անցավ։ Հիմա դա ինձ չի բավարարում։
-Երաժշտությունից բացի, որը համարում ես քեզ համար երջանկություն, էլ ի՞նչն է քեզ երջանիկ պահեր պարգեւում։
-Դժվար է ասել։ Ճիշտն ասաց, իմ համար երջանկություն է, որ ես իմ ընտանիքի հետ եմ եւ կարողանում ենք միասին ապրել մեր բոլոր օրերը։ Նաեւ ընկերուհի ունեմ, որը հայ չէ, իսպանուհի է, բայց արդեն հայերեն է խոսում։ (Մեր հարցազրույցից մեկ տարի անց, Սերգեյն ամուսնացավ եւ այժմ որդի ունի-խմբ.)։ Ես իմ էությամբ հասկանում եմ, որ երջանիկ մարդ եմ, եւ այն ինչին ես հասել եմ, ծնողներիս շնորհիվ, որոնք ամեն ինչ արել են, որ ես ամեն ինչի հասնեմ։Եվ իմ քույրը, որն իմ նման երաժիշտ է, իր հետ ելույթներ ենք ունենում, այս ամենը երջանկություն է։
Մեր ընտանիքում միշտ մտածում էինք՝ ինչը լավ չի, որ կարելի է լավացնել։ Չգիտեմ, եթե դա հայերին բնորոշ է։ Հայերը շատ վայելել չգիտեն, ինչպես այլ ազգերի մոտ է։
-Տարեկան 50-55 համերգ ես ունենում, շրջում ես տարբեր երկրներում, նաեւ հայերի ես հանդիպում։ Ընդհանրապես, ըստ քեզ, ինչպիսի՞ն է հայի տեսակն այսօր։
-Դժվար է ընդհանրացնել, քանի որ Հայաստանի ու արտերկրի հայերը շատ են տարբերվում իրարից, եւ դրա համար բոլոր շերտերին պետք է ճանաչես։
Մեր ընտանիքը հիմնականում շփվում է այն մարդկանց հետ, որոնք արվեստին են մոտ։ Իհարկե, այլ ընկերներ ունենք, որ հաջողություններ ունեն այլ մասնագիտությունների մեջ։ Չգիտեմ, դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։
-Քո հաջողությունները սկսվեցին Սիբելիուսի, Եղիսաբեթ թագուհու եւ այլ մրցույթների հաղթանակներից։ Ընդհանրապես ինչքանո՞վ ես կարեւորում մրցույթները, եւ այժմ, երբ արդեն հայտնի ջութակահար ես, շարունակում ես մասնակցել նման մրցույթների։
-Երաժիշտները մարզիկների նման չեն, որ որոշ ժամանակ անց դադարում են մրցույթներին մասնակցել, որովհետեւ արդեն կարիերայում հաջողություն ունեն։ Ինչո՞ւ, որովհետեւ արվեստն ի սկզբանե մրցակցության թեմա չէ։ Ճիշտ է, մրցույթներ կան, եւ ես էլ եմ մասնակցել, եւ ինձ համար դա շատ կարեւոր էր, որովհետեւ այդպես սկսվեց իմ միջագային կարիերան։ Բայց շատ այլ երաժիշտներ կան, որ երբեւէ մրցույթների չեն մասնակցել, բայց ունեն միջազ•ային կարիերա։ Այդ ամենը կախում ունի, թե դու ինչ անհատ ես, ինչպիսի կապեր ունես, ինչպես ես հասկանում այսօրվա աշխարհը, ինչպես կարելի է առաջ գնալ։ Իմ պարագայում, ես մի հայ էի, որ եկա Գերմանիա եւ այդպիսի մեծ աջակցություն չէի կարող ունենալ, ոչ պետության կողմից, ոչ էլ այլ մարդկանց։ Հետեւաբար իմ ծնողները տեսան, որ միակ հնարավորությունս մրցույթներին մասնակցելն է։
-Հետաքրքիր է, որ 16 տարի առաջ մեր ամսա•րին տված հարցազրույցներից մեկում, քո դասատուն ասել է, որ կտեսնեք, 15 տարի հետո Սերգեյ Խաչատրյանը կլինի աշխարհի լավա•ույն ջութակահարներից մեկը։ Կարծում ես ուսուցչիդ երազանքը կատարվել է։
-Չգիտեմ, դա երեւի պետք է իրեն հարցնեք։ Համենայնդեպս, երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ, որ ահագին ճանապարհ ենք անցել, եւ շատ բաներով ենք անցել։ Միաժամանակ, կարծում եմ, որ դեռ շատ երկար ճանապարհ առջեւում է։ Ոչ մի դեպքում կանգնել չի կարելի։ Իհարկե, չես կարող չմտածել կարիերայի մասին եւ կանգնել։ Միշտ պետք է զարգանաս իբրեւ երաժիշտ։ Պետք է աշխատես քո վրա իբրեւ մասնագետ, եւ մեր մասնագիտության պարագայում, ինչքան էլ համերգը լավ ստացվի, միշտ ինչ որ տոկոս կա, որ այնպես չի լինում, ինչպիսին դու կցանկանայիր կամ չի բավարարում ամբողջությամբ։
Դա հիասքանչ բան է, քանի որ ցույց է տալիս, որ դու դեռ աճելու տեղ ունես, եւ ապագա համերգներում կարող ես շտկումներ անել։ Եվ այդպես մինչեւ կյանքիդ վերջ կամ ստեղծագործական կարիերայի ավարտ։
- Բայց քո ուսուցիչներից մեկն արդեն ասել է, որ ամեն համերգին այնպես ես տրվում եւ սպառվում մինչեւ վերջ, որ կարծես վերջին համերգը նվագելիս լինես։ Շարունակում ես նույն ձեւով սպառվել...
- Շարունակում եմ։ Դժվար է ժամանակակից աշխարհում լավ կարիերա ունենալը եւ լավ երաժիշտ լինելը։ Դրանք միասին չեն ընթանում։ Այսօր եթե ուզում ես մեծ կարիերա ունենալ, եւ մեծ անուն հանել, դու պետք է ապրես հակաերաժշտական կյանքով։ Քանի որ այսօր կյանքը շատ արագ է, մարդիկ ուզում են ամեն ինչ վայրկենապես ունենալ, մարդիկ ուզում են շատ համերգներ։ Դու պետք է ամեն տեղ լինես։ Եթե դու հրաժարվես, 50 հոգի սպասում են, որ քո տեղը գրավեն։ Այդ համակարգը, որ գնալով ավելի է արագանում, երաժշտին ուղղակի սպանում է։ Երաժիշտ լինելու համար քեզ պետք է ժամանակ, եւ իմ պարագայում դուք նշեցիք 50-55 թիվը, երբեմն ես կասեի նույնիսկ 40-ի է հասնում տարեկան համերգներիս թիվը, եւ դա անհավանական կարող է թվալ, որ այդքան քիչ համերգներով կարելի է դեռեւս նման կարիերա ունենալ։ Բոլոր ժամանակներում մարդը մտածել է, որ հիմա ամենավատ ժամանակն է։ Այսօր մարդկանց կարծես որակ պետք չի։ Եվ ցավոք, դա մտնում է նաեւ երաժշտության մեջ, արվեստագետների շրջան։ Այսօր շատ ավելի կարեւոր է, թե դու ինչ մարդկանց ես ճանաչում, ինչն ըստ էության միշտ է կարեւոր եղել, եւ դա նորմալ է, բայց այսօր անձնական ծանոթությունն ավելի վեր է դասվում, քան նվագի որակը։ Խոսքը չի վերաբերում այն արվեստագետներին, որոնց նկատմամբ ոչ միայն հար•անք ունես, այլեւ իրենցից սովորելու շատ բան։ Օրինակ, ես այսօր միջազգային կարիերա արած մի քանի երաժիշտների գիտեմ, եւ զարմանում եմ, թե ինչպես են նրանք հասել նման մակարդակի, քանի որ միայն իրենց նվագով դա անհնարին էր։ Տեխնիկային կարող են տիրապետել, բայց խնդիրն այն է, թե ինչպես են մեկնաբանում, ինչպես են իրենց մտքերն այդ գործիքով արտահայտում, եթե, իհարկե, դրանք կան կամ ասելիք ունեն։ Դա է այսօր պակասում երաժշտական աշխարհում։ Այստեղ է այն բալանսը, որ պետք է տեսնես, թե քո սկզբունքներից ինչն է կարեւոր, միաժամանակ կախված մնալով այսօրվա քեզ համար անհրաժեշտ համերգների կազմակերպիչներից։ Այստեղ է, որ պետք է միջին ճանապարհը գտնել։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։
-Այստեղ է հիմնական խնդիրը՝ երաժշտության եւ բիզնեսի հարաբերակցությունը։ Այս հարցում դու փոխզիջումների չես գնում։
-Աշխատում եմ չգնալ, ինչքան որ դա հնարավոր է։ Այսինքն, եթե ես զգում եմ, որ դա իմ նվագին կամ իմ երաժիշտ լինելուն խան•արում է, հատկապես իմ նվագելուն, ես փորձում եմ դա չընդունել։ Բայց ուղղակի, ինչպես դուք համեմատեցիք բիզնեսն ու երաժշտությունը, եթե առաջինը սկսում է գերակայել՝ ի հաշիվ որակի եւ երաժշտության, այդ դեպքում ամեն ինչ դժվարանում է։
-Երբեմն բացահայտ չի երեւում երաժիշտների միջեւ ՙթաքնված՚ մրցակցությունը, բայց խոսում են, թե ով է ումից առաջ անցել։
-Երաժշտության մեջ առաջ ու հետ անցնելը հարաբերական է։ Ես համարում եմ, որ կյանքում ոչ մի մրցակից չեմ ունեցել, եւ կյանքում ոչ մեկի հետ չեմ մրցակցել։ Ես միշտ ունեցել եմ իմ եսը երաժշտության մեջ, իմ միտքը, իմ ասելիքը, իմ խոսքը։ Ոչ թե ասում եմ՝ դա ամենալավն է, այլ որովհետեւ դա իմն է, եւ դա ուժեղ է։ Ես իմ էությամբ կանգնած եմ դրա հետեւում։ Դա առաջին հերթին մաքուր է եւ անկեղծ։ Հիմա դա ամենաթույլն է, թե ուժեղը, այլ հարց է, քանի որ բոլորն իրենց նվաճումներն ունեն։ Մաքսիմ Վենգերովը շատ լավ եւ ուժեղ ջութակահար է։ Նույնը Ռեպինի մասին կարող եմ ասել։ Այդ մարդիկ հասել են իրենց բարձունքին։ Ես՝ ես եմ։
-Դուք հաճախ եք հանդես գալիս դուետներով կամ եռյակներով՝ լինի Նարեկ Հախնազարյանի կամ ձեր քրոջ՝ Լուսինեի հետ։ Չեք մտածել, միջազգային քառյակ ստեղծել եւ գոնե տարեկան մի քանի անգամ ներկայանաք միջազգային բեմերում։
- Ինչու չէ, հիանալի գաղափար է։ Նարեկի հետ առաջին անգամ Բրամսի կոնցերտն ենք կատարել, այդտեղից էլ սկսվեցին մեր համատեղ ելույթները։ Եվ դրանից հետո 3-4 համերգ նվագեցինք Եվրոպայում՝ տրիոյի կազմով, մեզ միացավ նաեւ Լուսինեն։ Դա 2014 թվականն էր։ 2015 թ. նվագեցինք Վիեննայում, Ամստերդամում, Պետերբուրգում։ Փարիզի նվա•ախմբի հետ Բրամս նվագեցինք Նարեկի հետ։ Նարեկն էլ փայլուն կարիերա ունի իբրեւ մենակատար թավջութակահար։ Նարեկը հիմա լավագույններից մեկն է, շատ լավ թավջութակահար է։ Համենայնդեպս, մենք նման համերգներ կազմակերպում ենք, երբ հնարավորություն լինում է։ Եթե թավջութակահարի հետ որեւէ ծրագիր է նախատեսվում, նա առաջին մարդն է, որին նկատի եմ ունենում։ Լինելով հայ, ես պետք է փորձեմ մեր հայերի հետ նվագել, եթե դա հնարավոր է։
-Իսկ ինչքանո՞վ է պարտավորեցնում Ձեզ Հայաստանի մշակութային դեսպան բնորոշումը։
-Չգիտեմ, թե որքանով է ճիշտ նման կոչում տալը, մարդիկ հաճախ են այդ մասին ասում, բայց ես չեմ մտածում այդ մասին։ Ես փորձում եմ լինել նախեւառաջ մաքուր եւ անկեղծ իմ նկատմամբ, իմ արվեստի նկատմամբ, փորձել ամենալավը անել իմ համար։ Քանի որ եթե փորձեմ լավն անել իմ համար, ապա մյուսների համար էլ լավը կլինի։
-Այժմ խոսենք քո ամենամեծ հոբբիի մասին։ Այդ մասին առաջին անգամ ինձ պատմել է հայրդ։ Ջութակ եւ ավտոմոբիլային սպորտ։ Կարծես թե իրարից շատ հեռու երկու հասկացություններ են։ Ինչպե՞ս կապվեցիր այդ սպորտաձեւին։
-Դա իմ հոր ազդեցությունն էր։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ դրանք իրարից հեռու չեն։ Իհարկե, էքստրեմալության մասով կարելի է կապել, բայց նախեւառաջ, ադրենալինի մասին պետք է խոսել։ Երբ բեմի վրա ես, դա էլ էքստրեմալ վիճակ է, ճիշտ է մի քիչ այլ աշխարհի հետ ես շփվում, պարզ է, որ սպորտ չի, բայց այդ զ•ացողությունն ունեմ։ Ես մասնակցում եմ մեքենաների մրցավազքին, երբեմն նաեւ հորս հետ ենք մասնակցում իբրեւ թիմ, որի անունն ի դեպ Արմենիա է։ Իհարկե, այս ամենը Գերմանիայի մասշտաբով է։ Ճիշտ է դրանք պրոֆեսիոնալ մրցումներ չեն, այլ սիրողական, բայց այդ սերը կա։ Ես դեռ փոքր հասակից շատ եմ սիրել մեքենաներ։
-Ի՞նչ մեքենա ես նախընտրում վարել։
-Իմ մեքենան ճապոնական է՝ Սուբարո, բայց իր վրա Սուբարոյից շատ քիչ մաս է մնացել։ Ես երկու հոբբի ունեմ։ Դրանք միացրել եմ իրար։ Քանի որ շատ եմ սիրում մեքենաներ, գժվում եմ արագության համար։ Միաժամանակ ինձ հետաքրքրում է, թե ինչպես է աշխատում՝ մի բան կառուցելու ընթացքը։ Միգուցե դա գալիս է մայրիկիս հորից։ (Մայրիկիս հայրը եղել է ավտոճանապարհային նախագծման կարեւոր ինժեներներից մեկը)։ Ամեն ինչ քանդում էի, ու փորձում էի նորից սարքել։ Այդ ցանկությունն անցել է մեքենաներին։ Դրա համար եմ ասում, որ իրական Սուբարոյից շատ քիչմաս է մնացել վրան։
- Իսկ տարվա ընթացքում ո՞րքան հաճախ ես վարում։
- Հիմնականում այդ մրցումներին ենք մասնակցում, որոնք կոնկրետ օրեր ունեն։ Բախտս բերում է, եթե այդ ժամանակ համերգներ չեն լինում։
-Ամենաշատը, որքա՞ն արագություն ես բացում։
- Իմ մեքենայով բացել եմ մինչեւ 293։ Այդ մեքենան իմ լավ ընկերոջ հետ ենք հասցրել այդ մակարդակի, ով հիանալի ինժեներ է։ Ինքը Իտալիայում է ապրում։ Բացի իրենից, ոչ ոք իմ մեքենային ձեռք չի տալիս։ Կամ ինքն է գալիս Գերմանիա, կամ ես եմ գնում Իտալիա։
- Եթե մի օր այլեւս ջութակը թողնես, երեւի կզբաղվես մեքենաներով։
- Ճիշտն ասած, շատ գործ կա, որով կարող եմ զբաղվել կամ ինձ հետաքրքրում է։ Ամեն դեպքում, հուսով եմ, ջութակը չեմ թողնի։
-Իսկ մեքենայում ի՞նչ երաժշտություն ես լսում։
-Մեքենան այնքան բարձր ձայն ունի, որ անհնար է երաժշտություն լսել։ Համենայնդեպս դասական երաժշտություն չեմ լսում, քանի որ ամբողջ օրը դրա մեջ եմ։ Ես չեմ սիրում կողքից դասական երաժշտություն լսել, սիրում եմ, երբ դրա մեջ եմ։ Դա քո մասնա•իտությունն է, դա քո երաժշտությունն է։
-Ո՞ւմ ես համարում քո ամենակարեւոր ուսուցիչը։
-Րիսսինին եմ համարում իմ ջութակի ուսուցիչը։ Շատ այլ ուսուցիչներ եմ ունեցել Հայաստանում մի տարի եղել եմ Պյոտր (Պետրոս) Ասատուրովիչ Հայկազյանի մոտ։ Հրաչյա Հարությունյանի մոտ վարպետության մի քանի դասեր եմ ունեցել։ Երբ եկա Գերմանիա մասնավոր դասեր ունեի մի կնոջ մոտ՝ Զոյաչի, որ Կիեւի օպերայից էր։ Վյուզբուրգի կոնսերվատորիայում երկու տարի ուսանող էի Գրիգորի Ժիսլինի մոտ։ Իսկ 1996 թվականից Յոզեֆ Րիսսինի մոտ էի, Կարլսռուհեի կոնսերվատորիայում, ինքն է ինձ դարձրել ջութակահար։ Նա ամեն ինչ սկսեց զրոյիցª վարժություններից։ Ես իրեն եմ շնորհակալ, քանի որ այն, թե ինչպես եմ այսօր տիրապետում գործիքին, իր շնորհքն է։ Իսկ իբրեւ երաժիշտներ, իհարկե, իմ ծնողները՝ իմ հայրը, որն ինձ մինչեւ հիմա ուղղություններ է տալիս, երբ դրա կարիքը լինում է։ Ես իբրեւ երաժիշտ մեծացել եմ հորս հետ։ Ինքն իմ հետ շատ է պարապել, բացի այն, որ գալիս էր իմ դասերին։ Նա ինձ հետ միշտ աշխատել է։ Ուրախ եմ, որ ինքը ջութակահար չէ, քանի որ միշտ այլ տեսանկյուն է ունեցել երաժշտության մեջ, եւ իրեն ջութակի փոքր տեխնիկական խնդիրները չեն հետաքրքրել, որի պատճառով երաժշտությունը մեկ-մեկ տուժում է։ Բայց քանի որ հայրս ինձ հետ աշխատել է, կարելի է ասել, որ իմ մտածելակերպը լրիվ ջութակահարային չի, ինչն ինձ ահագին օգնել է։
-Իսկ հայերենը տանն ես սովորել, թե շաբաթօրյա դպրոց ես գնացել։
-Գերմանիայում միայն գերմանական դպրոց եմ գնացել։ Իսկ հայերենը մոտ երկու տարի՝ առաջին եւ գրեթե երկրորդ դասարանները Երեւանում եմ հաճախել։ Անգլիական թեքումով դպրոցն էինք գնում։ Դա մեզ փրկեց, քանի որ այստեղ միանգամից հայտնվեցինք գերմանական դպրոցում եւ գոնե մեր իմացած անգլերենով կարողացանք շփվել։ Այդտեղ էլ մեզ շատ լավ մարդիկ հանդիպեցին։
1992թ. հայրս եկել էր Գերմանիա մրցույթի, մնաց եւ փորձեց կազմակերպել մեր գալը։ Նա մնաց Ֆրանկֆուրտում իբրեւ դաշնամուրի ուսուցիչ, մեկ տարի անց մենք միացանք իրեն, եւ գնացինք Ֆրանկֆուրտի մեր թաղամասի դպրոցը։ Տնօրենը շատ երաժշտասեր մարդ էր։ Ես այդ ժամանակ դեռ այդպես չէի նվագում, բայց Լուսինեն արդեն լավ դաշնամուր էր նվագում։ Երբ նա իմացավ, որ մենք երաժիշտների ընտանիք ենք, ինքը մեզ շատ աջակցեց։ Մենք միանգամից նստեցինք երկրորդ եւ չորրորդ դասարաններում՝ առանց գերմաներեն որեւէ խոսքի իմացության։ Այստեղ էլ մեզ օգնեց անգլերենի իմացությունը։ Հիմա որ մտածում եմ, զարմանալի է թվում ինձ։ Բոլոր երեխաները գերմաներեն խոսում էին, իսկ մենք` ոչ։ Դասատուները ձեռքերով՝ ցույց տալով էին բացատրում, թե ինչի մասին են խոսում։
- 2012թ. Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց քեզ։ Ինչպե՞ս ընդունեցիր այդ կոչումը, եւ հոգեբանորեն դա քեզ ի՞նչ է տալիս։
-Ես այնքան բծախնդիր եմ ինքս իմ նկատմամբ, իմ նվագի, իմ գործունեության նկատմամբ, հետեւաբար այդ առումով ոչ մի բան չի կարող ինձ փոխել։ Ես կարծում եմ, որ եթե ես իմ նվագից մի քիչ գոհ լինեմ, այդ ժամանակ ողջ աշխարհն ինձանից գոհ կլինի։
Դրա համար, քանի որ դեռ գոհ չեմ, համարում եմ, որ դեռ շատ աշխատելու տեղ կա£ Կոչման արժանանալը չեմ կարող ասել, որ ինձ ոգեւորում է կամ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում դրանից, բայց, իհարկե, դա նաեւ ինչ որ չափով մեր պետության նվաճումներից մեկն է, եւ ուրախ եմ որ իմ գործն ու արվեստը գնահատվում է։ Շատ շնորհակալ եմ դրա համար։
Զրույցը վարեց
Հակոբ Ասատրյանը
2019 Պրահա