Դեռևս 2021թ. փետրուարի 11-ին, ՀՀ Ազգային Ժողովում, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ ԱրտգործՆախարար Արա Այվազեանի յայտարարութիւնից յետոյ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը յայտարարութեամբ մատնանշեց գործող իշխանութիւնների վտանգաւոր մօտեցումները Թուրքիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների վերաբերեալ:
Ըստ այդմ, կարծիք էր յայտնուել, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը նախ պատրաստւում է համակերպուել Արցախի Հանրապետութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի (յարձակարարութեան, aggression) իրականացման հետևանքով ձևաւորուած ստատուս քուոյի (status quo) հետ, ինչպէս նաեւ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազաւթմանը, բնակչութեան տեղահանմանն ու էթնիկ զտումներին։
Երկրորդ, Հայաստանի կառավարութիւնը փաստօրէն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջ-պետական յարաբերութիւնների ոլորտում, Արցախեան Հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց գոյութիւն չունի և իշխանութիւնները պատրաստւում են մոռացութեան մատնել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման և հատուցման հարցի հետապնդման քաղաքականութիւնը, ինչպէս նաև Հայաստան-Թուրքիա միջ-պետական սահմանին առնչուող խնդիրները։
Արդէն մարտի 16-ին, ՀՅԴ Բիւրոն, հաշուի առնելով տարբեր պաշտօնեաների յայտարարութիւնները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկութիւնները` լեգիտիմութիւնը (իրաւահարազատութիւնը, legitimacy) կորցրած և Հայրենիքի մի կարևոր հատուած թշնամուն յանձնած ՀՀ իշխանութիւններին խստօրէն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մէջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետութեան հարիւրամեայ նպատակների իրագործում։
Վերջին օրերի իրադարձութիւնները -- մասնաւորապէս Վարչապետի, ՀՀ Անվտանգութեան Խորհուրդի Քարտուղարի և ՀՀ Ազգային Ժողովի Փոխ-Խոսնակի յայտարարութիւնները -- մէկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլացիոն (թշնամիին հետ անձնատւութեան համաձայնագիր ստորագրած) իշխանութիւնները յստակ քաղաքականութիւն են իրականացնում Թուրքիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների, այսպէս կոչուած, կարգաւորման համատեքստում, ինչը փաթեթաւորւում է տարածաշրջանային ենթակառուցուածքների ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացութեան մատնել մեր ժողովրդի պատմական անցեալը, հրաժարուել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային պահանջից, իրաւական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջ-պետական փաստացի սահմանը, ամբողջապէս հրաժարուել Արցախեան Հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնումից ու կարգավիճակի հարցից և Հայաստանի Հանրապետութեան տարածքը մի քանի հնարաւոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետութիւններն իրարու կապող աշխարհագրական միջանցք:
Յատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանութիւնները, խօսելով տարածաշրջանային ենթակառուցուածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիօրէն ընդունում են, որպէս ղարաբաղեան հակամարտութեան կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապէս Արցախեան Հիմնախնդրի թրքահաճոյ կարգաւորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամեակներ տևող թուրքական պետական դիրքորոշմանը:
Հայաստանի վարչապետի պաշտօնին կառչած անձը շարունակում է պրիմիտիվ դատողութիւններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետևանքային իրողութիւնների շուրջ։ Մինդեռ ակնյայտ է, որ հայութեան դիրքորոշումը հետևանք է ոչ թէ հայ և թուրք ժողովուրդների համահաւասար պատմական դիմակայութեան, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դէմ կազմակերպուած բնաջնջման և զանգուածային հայրենազրկման։ Իր հերթին, Թուրքիայի թշնամական քաղաքականութիւնը պայմանաւորուած է, ոչ թէ հայության կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիկական հաշուեյարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպէս շարունակութիւն իր նախորդների հակահայ դարաւոր քաղաքականութեանը՝ նոյն համաթուրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խօսքով, Թուրքիան մեզ դիտում է իբրև թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծաւալապաշտական ծրագրերի իրականացմանը և քանի որ մենք չենք հրաժարւում մեր պատմական յիշողութիւնից, ինքնութիւնից, ինչպէս և նախընթաց ժամանակահատուածում արժանապատիւ կեցուածք ենք դրսևորել։
Չափազանց ցաւալի է, որ ակներեւ այս ճշմարտութիւնները, որոնք շօշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգութիւնը և բաց նյարդը, ստիպուած ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին։
Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացայայտ թշնամական քաղաքականութիւն վարել Հայաստանի Հանրապետութեան ու համայն հայութեան նկատմամբ, ինչի ամենա-ակնառու դրսևորումը արցախեան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թուրքական զինուժի բացայայտ և լայնածաւալ ներ-գրաւումն էր։
Հայաստանի իշխանութիւնները սկսել են ժողովրդի գիտակցութիւնը մանիպուլեացիայի (մեքենայութեան, manipulation) ենթարկել նաև տարածաշրջանային խաղաղութեան և համակեցութեան մասին անհիմն ու սին խօսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տևական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղութեան կայուն երաշխաւորը։ Խաղաղութիւնը տարածաշրջանում խախտուել է մեր հանդէպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում, հետևապէս Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պէտք է խաղաղութիւն քարոզել։ Մեր ժողովուրդը ամենից լաւը գիտի խաղաղութեան գինը, բայց իր պատմութեան հրամայականով գիտի նաև, որ անարժանապատիւ խաղաղութիւնը միայն ճանապարհ է բացում ապագայի արիւնալի պատերազմների համար։
Այսպէս կոչուած խաղաղութեան կեղծ քարոզը Հայաստանի իշխանութիւնները անամօթաբար շարունակում են նոյնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնեաները բացայայտ յավակնութիւններ են դրսևորում Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ճակատագրին, ապա պէտք է հաշուի առնել, որ սահմանը անօրինական կերպով և որպէս թշնամական գործողութիւն փակուել է հէնց թուրքական պետութեան կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որևէ դերակատարութիւն չի ունեցել, հետևապէս սահմանի բացման գործում առաջին քայլը պէտք է անի հէնց թուրքական պետութիւնը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է Ցեղասպանութեան պահանջատիրութեան քաղաքականութիւնից և Աէցախեան Հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլացիոն իշխանութիւնները։
Վերջիններիս մի անգամ ևս զգուշացնում ենք՝ Հայոց Ցեղասպանութեան հարցը ուրացող և Արցախեան Հիմնախնդրից փաստացիօրէն հրաժարուող իշխանութիւնը Հայաստանում դատապարտուած է։ Դատապարտուած է այդ քաղաքականութիւնն առհասարակ և եթէ իշխանութիւնները տուրք տան թուրքական պահանջներին և փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մէջ, միևնոյնն է մեր ժողովուրդը երբեք դա թոյլ չի տալու, իսկ որպէս հետևանք՝ Հայոց պատմութեան տարեգրութեան մէջ ունենալու ենք թրքահաճոյ և դաւաճանի պիտակ կրող իշխանութեան մասին տխրահռչակ էջեր։
Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների անվտանգութեան և ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանութիւնը իրականացնելու համար, կենսական է, որ ՀՀ իշխանութիւնները անմիջապէս հեռանան ասպարէզից և ազգային ուղղուածութեամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգաւոր վիճակից հանելու պատասխանատւութիւնը։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2021 թ.
Երևան