Մարտի 21-ին, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայ հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի առաջնորդարանի գահասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն:
Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան Մասնաճյուղի նախագահի խորհրդական և Ռումինիայի ներկայացուցիչ Մարինե Հովակիմյանը, Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի ռումինական մասնաճյուղի նախագահ Միհայ Տըրտըրեանուն, Ասոցիացիայի ընդհանուր քարտուղար Կըտըլին Բըլտեանուն, թեմի հոգևոր դասը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ: Խոսքով հանդես եկավ ռումինահայ լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը և ներկայացրեց 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, հայոց կողմի կորուստները, Հայ Եկեղեցու և հոգևորականության, այդ թվում Ռումանիոյ առաջնորդի մասնակցությունն ու բացառիկ դերը պատերազմի ընթացքում՝ մասնավորապես նշելով. ,,Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիան զանգվածային և բացահայտ աջակցությամբ Թուրքիայի կողմից՝ նաև Սիրիայից օգնության եկած և լավ վճարված իսլամիստ վարձկանների օգնությամբ, որոնք բոլորն օգտագործեցին ժամանակակից գերբարդ կործանիչ զենքեր: Անշուշտ, ուժերն ամբողջովին անհավասար և անհամաչափ էին. հայերը, մանավանդ երիտասարդները, արիաբար նետվեցան մարտի մեջ՝ իրենց նախնիների հողն ու նրա սահմանները պաշտպանելու ցանկությամբ: Դժբախտաբար, հայ երիտասարդ և տարեց զինվորների ու կամավորների հերոսությունն ունեցավ ցավալի, ողբերգական ավարտ, ինչը հանգեցրեց ոչ միայն մի քանի տարածքների, այլ նաև հազարավոր զինվորների կորստին, գերիների, իսկ շատերն էլ վիրավորվեցին կամ մինչ օրս համարվում են անհայտ կորած…,,։
,,…Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ՝ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանն այդ օրերին ռազմաճակատում էր գտնվում՝ վտանգելով իր կյանքը և առողջությունը շարքային հայ զինվորի և հրամանատարի կողքին, որպեսզի նրանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերի: Իր համար դա մի սովորական քայլ էր, քանի որ հայ ժողովրդի պատմության ընթացքում հոգևորականը միշտ եղել է քարոզիչ, իր տեսակի մեջ զինվոր, և, մի ձեռքում պահելով խաչը, մյուսում՝ զենքը, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Այս պատերազմում ևս պատահական չէր, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը գտնվում էր մարտիկների շարքում: Այդ օրերին սոցիալական ցանցերում տեսանյութ էր շրջանառվում, որում մեր Սրբազան հայրը, շրջապատված զինվորականներով, քահանաներով ու սարկավագներով, քայլում էր լեռնային ճանապարհներով և կանգ առնում զինվորների խմբերի մոտ, իսկ նրա զենքը պարզապես մի մեծ սև խաչ էր՝ կապված սպիտակ սրբիչով։ Նրանք ակնածանքով և հավատով լսում էին նրա ոգու, քաջալերանքի խոսքերը՝ հանուն նախնյաց հողի պաշտպանության, իսկ հետո բոլորը շատ տպավորիչ արտասանեցին «Հայր մերը»: Սրբազանը հայ զինվորին կոչեց Աստծո հրեշտակ, երկրի սահմանների պաշտպան,,:
Խոսքի ավարտին տեղի ունեցավ շքանշանի և շնորհակալագրի հանձնման արարողակարգը: Ֆիդայական ոգին բարձր պահելու համար Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Հայաստանի «Ֆիդայիներ» կազմակերպության կողմից պարգևատրվեց «Տարոնի Առյուծ» շքանշանով, իսկ Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի կողմից շնորհակալագրով՝ Հայրենիքի օրհասական պահին իր ցուցաբերած օգնության և մարտական գործողություններին անձնական մասնակցությունը բերելու համար:
Պարգևատրումից հետո մեկ րոպե լռությամբ հարգվեց Արցախյան երկրորդ պատերազմում նահատակվածների անմահ հիշատակը, որից հետո Տաթև Սրբազանն իր օրհնությունն ու խոսքը բերեց ներկաներին՝ նշելով. ,, Արցախ ենք մեկնել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ հայ զինվորի, հրամանատարի և կամավորի կողքին կանգնելու, ոգեշնչելու և մարտական ոգին բարձր պահելու համար: Կարծում ենք զարմանալի ոչինչ չկա այստեղ, քանզի հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հայ հոգևորականը ոչ միայն եղել է քարոզիչ, այլ նաև զինվոր, մի ձեռքին խաչ, մյուսին զենք, մասնակցել Հայրենիքի պաշտպանության կամ ազատագրության սրբազան առաքելությանը: Արցախում մենք տեսանք արի, առյուծասիրտ և սխրագործ զինվոր ու սպա: Մենք տեսանք մահը, բայց միևնույն ժամանակ հարությունը, տեսանք խաչի ու մահվան ճանապարհ, բայց միևնույն ժամանակ Տիրոջ հարության օրինակով հաղթանակ ու վերածնունդ: Մենք զինվորի աչքերի մեջ տեսանք Աստծո ներկայությունը և հայ զինվորից սովորեցինք քաջություն և սրբազան նպատակի համար կյանքը զոհաբերելու, չխնայելու պատրաստակամություն: Եվ չնայած պատերազմի աղետալի ելքին, Մենք հավատում ենք, որ Արցախը ինչպես եղել է, լինելու է հավիտյան Հայաստանի անբաժանելի մաս, հավատում ենք, որ թեև ճակատամարտում պարտվել ենք, բայց վերջնական հաղթանակը մերն է լինելու: Փառք ու պատիվ Մեր զինվորներին, սպաներին ու կամավորներին: Փառք հայոց բանակին: Կեցցեն Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, կեցցե ռումանահայությունը, որ պատերազմի օրերին իր աջակցությունը բերեց Հայրենիքին, կեցցե Ռումինիան, որ 1000 տարի շարունակ հնարավորություն տվեց հային ապրել, գործել ու պահպանել իր հավատն ու ավանդույթյունները հյուրընկալ այս հողի վրա,,:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան