ԱՄՆ նախագահի խոսնակ Ջեյն Փսակին օրերս հայտարարել էր, որ ,,Այս վարչակազմը հանձնառու է առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, վստահեցնելու, որ նման կոտորածներ այլևս չեն կրկնվի: Այս ամենի կարևոր բաղադրիչն է պատմության ճանաչումը»։ Այս ուղերձը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։
ՕՐԵՐ-ը մեկնաբանության խնդրանքով դիմեց ,,Ազդակ,, օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին։
-Ի՞նչպես եք գնահատում Սպիտակ Տան խոսնակի հայտարարությունը՝ նախագահ Բայդենի ապրիլ 24-յան ուղերձին ընդառաջ։
- Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչել է 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր մահացել էին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Նա այն ժամանակ ասել էր, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք այս սարսափելի փաստի առթիվ: Եվ մենք մշտապես հարգելու ենք այս մեծ ողբերգությունից հետո հայ ժողովրդի ցուցաբերած տոկունությունը:
,,Այս վարչակազմը հանձնառու է առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, վստահեցնելու, որ նման կոտորածներ այլևս չեն կրկնվի: Այս ամենի կարևոր բաղադրիչն է պատմության ճանաչումը»,- նշել է խոսնակը՝ Kathimerini-ի խնդրանքով արձագանքելով ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից նախաձեռնված նամակին, որը ստորագրել էին 36 այլ դեմոկրատ և հանրապետական սենատորներ:
Սպիտակ տան խորհրդականներից մեկը այս առիթով ասել էր․ «Դա այն է, ինչ Բայդենը խոստացել էր որպես թեկնածու, և հենց այդ քաղաքականությունն է առաջ տարվում»։ Սպիտակ տան մեկ այլ խորհրդական, անդրադառնալով ապրիլի 24-ին սպասվող հայտարարությանը, ասել է․ «Բայդենը իր խոսքի տերն է»։
Սպիտակ Տանից հնչած այս բոլոր տեսակետները ճանաչումի նախաբան են բանաձեւում եւ թողում այն տպավորությունը, որ նախագահ Բայդենը ապրիլ 24յան իր ուղերձում օգտագործելու է Ցեղասպանություն եզրը։ Դիտարկենք մի երեւույթ, որից հետո փորձենք քաղաքական տրամաբանությամբ ընկալել ճանաչումի նախաբան ձեւաւորող Սպիտակ Տան կողմից այս հարթակի ստեղծման շարժառիթը։
Թե՛ գրավոր նամակը եւ թե՛ խորհրդականները անանուն են։ Չգիտենք թէ ո՞վ է ստորագրել սենատոր Մենենտեսի նամակին պատախանող եւ իբրեւ Սպիտակ Տան խոսնակ ներկայացող անձը։ Չեն նշվում նաեւ մյուս երկու խորհրդականների անունները։ Սա որոշ առումով կմշուշապատի հետագա ընթացքը։ Բայց գանք հիմա քաղաքական պարունակին։ Պարզ է, որ Անկարան թե՛ ֆինանսական (լիրայի կտրուկ գահավիժում) թե՛ ներհասարակական (իսթամբուլյան կոնվենցիայից դուրս գալու առիթով զանգվածային ցույցեր) եւ թե՛ քրդերի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու առումներով դժվար իրավիճակում է հայտնվել։ Թե՛ ներքին եւ թե՛ արտաքին այս հանգմանքները որոշակիորեն կապվում են Վաշինգտոն-Անկարա լարված հարաբերությունների հետ։ Բայց ամենաուշագրավը Անկարայի զորակցական դիրքորոշումն է Մոսկվային՝ Վաշինգտոն-Մոսկվա «հրաձանաձգության» ֆոնին։
Այլապես, ցավոք, ո՛չ խոսքի տեր լինելը, ո՛չ ողբերգական կոտորածներն ու մարդու իրավունքները քաղաքական կատեգորիա չեն, որ առանց քաղաքական շահի մղիչ գործոնի հիմնական տեղաշարժ ապահովեն։ Սպիտակ Տան հարթակը այս դեպքում նախազգուշացնում է Անկարային, որ այս դեպքում շատ առաջ չգնա դեպի Մոսկվա։ Եւ որքան լարվեն Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները եւ այդ լարված գծի վրա Անկարան կանգնի Մոսկվայի կողքին, այնքան կբարձրանա հավանականությունը Բայդենի կողմից ցեղասպանություն եզրի արտաբերման։