Երևանում՝ Թումանյան 31 հասցեում (Թումանյան - Փարպեցի խաչմերուկ), մարտի 20-ին բացվեց աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի անվանական աստղը։ Արտավազդ Փելեշյանի` դեպի կինո ճանապարհը սկսվել է այս խաչմերուկից։
Թումանյան - Փարպեցի խաչմերուկում գտնվող բացօթյա ֆրանսիական սրճարանը՝ Վարպետի սիրած հազվագյուտ երևանյան անկյուններից է։ Փելեշյանն այստեղ շատ հաճախ է սուրճ խմում։ Աստղի բացման գաղափարը «Արև Ֆիլմ» ստուդիայի ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի նախաձեռնությունն է։ Հրանտ Վարդանյանն ու Արտավազդ Փելեշյանը մտերիմ բարեկամներ են։ Նրանք հաճախ են այստեղ գալիս երկուսով․ սուրճ են խմում, զրուցում ու վայելում պահը՝ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում։
«Մի օր ասացի` վարպետ ջան, գնանք իմ սիրած սրճարանը, որը խաչմերուկի վրա է: Եկանք Թումանյան-Փարպեցի խաչմերուկում գտնվող այս սրճարանը, և նա սիրեց այդ վայրը։ Դրանից հետո միշտ ասում էր` գնանք մեր սրճարանը: Երկու տարի առաջ, հերթական անգամ, երբ մեր սրճարանում վայելում էինք արդեն սիրելի դարձած մեկ գավաթ սուրճը, ասաց` դու գիտե՞ս, որ դեպի կինո իմ ճանապարհը սկսվել է հենց ա՛յս խաչմերուկից», - պատմեց Վարդանյանը։
Ի դեպ, նրանց բարեկամությունը սկիզբ է առել դեռ այն ժամանակ, երբ Հրանտ Վարդանյանն սկսել է Վարպետին նվիրված՝ «Բացակա պատկեր» ֆիլմի նկարահանումները։ Եվ աստղի բացման նրա նախաձեռնությունն էլ նվիրումի մի յուրօրինակ տուրք է իրենց ամուր ու սիրով խարսխված բարեկամությանը։
Հայաստանի ազգային կինոկենտրոն