Մարտի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գրող, գրականագետ Սոնա Վանյանի «Մարդը և մարտը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Ցերեկույթը վարում էր Սոնա Շահնազարյանը: Գրքի շապիկի լուսանկարների հիմնական մասի հեղինակը Սիփան Գյուլումյանն է:
Շնորհանդեսը սկսվեց դաշնակահար Արթուր Գյուրջինյանի Հայոց բանակի հիմնի կատարումով: Կազմակերպիչների խոսքով սա խնկարկումի, ապրելու և ապրեցնելու խորհուրդ ուներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց այն փաստի, որ այս անգամ էլ հայերի հետ ռազմաճակատում կողք կողքի մարտնչել են նաև եղբայրական եզդի ժողովրդի զավակները: Ռազմահայրենասիրական կատարումներով հանդես եկան Երևանի մշակույթի, արվեստի պետական քոլեջի սաներ Արև Պեպանյանը, Գարիկ Սիմոնյանը, Վահագն Կարապետյանը։ Նրանց նվագակցում էր դաշնակահար Մարիամ Ներսիսյանը: Ելույթ ունեցավ նաև նույն քոլեջի դասախոս, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:
Այնուհետեւ, գրքի հեղինակ Սոնա Վանյանը հակիրճ ներկայացրեց գիրքն, իսկ վերջում նա հավելեց, որ գիրքը լինելու է շարունակելի՝ ունենալով 2-րդ ու 3-րդ մասերը: Նրա խոսքով գրքի 2-րդ մասը նվիրելու է բոլոր կենդանի ու վերադարձած, իսկ 3-րդը՝ բոլոր նրանց, ում մասին նա չի անդրադարձել առաջին մասում:
Իր ելույթի ընթացքում նա բեմ հրավիրեց գրքի հրատարակման ժամանակ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեին այս աշխատության լույս տեսնելու գործում: Յուրաքանչյուրին ներկայացնելով անհատապես նա իր երախտիքի խոսքերն ուղղեց նրանց՝ հույս հայտնելով, որ նրանց անելիքներն ու համագործակցությունը կլինի շարունակելի:
Իսկ ցերեկույթի վերջում դաշնակահար Արթուր Գյուրջինյանի գեղեցիկ հնչյունների ներքո գրքերը նվիրեց բոլոր այն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին, ում մասին գրել է գրքում, այդ թվում՝ 44 օրյա պատերազմի նահատակներ՝ Մամիկոն Կասոյանի,Արեն Հովհաննիսյանի, կամավոր Էլվիս Իսրաելյանի, Արտաշես Հայրապետյանի, Զորիկ Շահրամանյանի (պատմությունների առաջին հերոս), Սամվել Գևորգյանի, Գարիկ Հովակիմյանի, կապիտան Արտուշ Արզումանյանի, Վրեժ Մարտիրոսյանի,Գուրգեն Մնացականյանի( սա այն հերոսներից է, ով ունենալով առողջական խնդիրներ, թողեց ընտանիքի անդամներին ու մեկնեց ռազմաճակատ), Արթուր Մազմանյանի (Մզմե), (նրա մասին կարելի է ընթերցել Մզմեի պարտեզը պատմվածքում), Ալբերտ Հովհաննիսյանի, Հովիկ Վերանյանի, Գոռ Յարալյանի, Վլադիմիր Իսախա-նյանի, Արամ Հովհաննիսյանի,Արցախ հերոս,ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մենուա Հովհաննիսյանի, Մխիթար Գալեյանի Ալեն Մարգարյանի,Անդրեաս Անդրեասյանի, Հայկ Մկրտչյանի Հայկ Սահակյանի (Ռիժիկ, ում անունով է ժողովածուն կոչվում Մարդը և Մարտը), Արտաշես Մարտիրոսյանի (այս հերոսի պատմությունը գրվել է ծնկաչոք,սա համարվում է մոր նամակն ուղղված հերոս զինվորին), Իշխան Մանուկյանի (սա գրքի գլխավոր հերոսներից է, ում արիության պատվին ստեղծվեց պատմություններից մեկը), Ալեքսան Սիմոնյանի (քանի որ հերոսը Գյումրիից էր, նրա պատմությունը գրված է այդտեղի բարբառով) ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Գրքերը հանձնելու ընթացքում բոլոր հերոսածին ծնողներին ու հարազատներին, ինչպես նաև ստեղծագործող մարդկանց ուղղված կոչով ու հայրենասիրական, հուզիչ, ոգևորիչ պահանջատիրական և խրոխտ ելույթով հանդես եկավ, 44 օրյա պատերազմի նահատակներից, հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը: Նա իր ելույթն ավարտեց բոլոր հերոսների ընտանիքների անդամների ու հարազատների կողմից գրքի հեղինակին ուղղված երախտիքի խոսքերով: Միջոցառման վերջում կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ Սոնա Վանյանը:
Նշենք, որ գրքի հեղինակ Սոնա Վանյանը ծնվել է 1992 թ-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, սովորել է նախ տեղի՝ Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Երևանի 159 միջնակարգ դպրոցում 2009-2015 թթ ընդունվել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 2018թ-ից աշխատում է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում» որպես՝ հայոց լեզվի և հայ գրականության դասախոս 2017թ-ին Համահայկան գրողների միության կողմից արժանացել է ,,տարվա լավագույն մշակութային գործիչ,, կոչմանը։ Ստեղծագործել է 8 տարեկանից, 2004 թվականից տպագրվել է բազմաթիվ թերթերում, ամսագրերում, կայքերում։ 2015թ-ից ստեղծել և մինչ օրս էլ ղեկավարում է «Երիտասարդ գրողների գրական ակումբը»։ Առաջին գիրքը տպագրել է 2016թ֊ին, «Սիրո հևքը գրչի ներքո» ժողովածուն ամփոփում է 12 հեղինակների, այդ թվում նաև գրքի հեղինակի՝ Սոնա Վանյանի բանաստեղծական շարքերը։ 2018 թ տպագրվեց «Ինձ նման մարդիկ» անալոգիան՝ Սոնա Վանյանի համահեղինակությամբ 2020 թ֊ին առանձին գրքով լույս տեսավ «Նա» վիպակը, որը հեղինակի առաջին էլեկտրոնային գիրքն էր և նաև առաջին ժողովածուն արձակի ժանրում «Մարդը և մարտը» ժողովածուն, որը նվիրված է արցախյան 2֊րդ պատերազմի հերոսներին՝ իրապատում պատմվածքների շարք է և հեղինակի թվով 4-րդ գիրքն է։ Գիրքը նվիրված է 2020 թվականի արցախյան պատերազմի մարտիրոս, հերոս հայորդիներին։ Հեղինակի առաջին՝ «Սիրո հևքը գրչի ներքո» գիրքը տպագրվել է 2016 թվականին։ 2018 թվականին տպագրվել է «Ինձ նման մարդիկ» անալոգիան՝ Սոնա Վանյանի համահեղինակությամբ: 2020 թվականին առանձին գրքով լույս է տեսել «Նա» վիպակը, ինչպես նաև «Մարդը և մարտը» ժողովածուն. ժողովածուի տպագրության համար հեղինակը շնորհակալություն է հայտնում «Gateway Armenia» հասարակական կազմակերպությանը:
Շնորհանդեսը տեղի ունեցավ հարց ու պատասխանի մթնոլորտում: Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկաների համար ընթերցեց իր սիրելի հատվածները և մեկնաբանեց, թե ինչու է հենց դրանք նախընտրում։ Երեկույթի վերջում հեղինակը գեղեցիկ ուղերձներով մակագրում ու տրամադրում էր գիրքը: Շնորհանդեսից հետո զրուցեցինք գրքի հեղինակի հետ:
-Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք գիրքը։ Ինչպե՞ս կբնութագրեք վերնագիրը: Ի՞նչ ուղերձ ունի ձեր աշխատությունը
- <<Մարդը և մարտը>> 2020 թ֊ին հերոսացած քաջերի մասին իրապատում պատմվածքների ժողովածու է։ Ուղերձը մեկ է՝ ճանաչենք ու չմոռանանք նրանց։
-Ովքե՞ր են ընդգրկված գրքի խմբագրական ու հրատարակչության կազմում։
-Գրքի խմբագիրը ես եմ, տեխնիկական խմբագիրը՝ պատմաբան, մշակույթի քոլեջի ամբիոնի վարիչ, Երևանի Պետական Համալսարանի ասպիրանտ՝ Գուրգեն Մուրադյանը։ Գրքի լույսընծայման գործում անգնահատելի ավանդ ունի նաև Լիլիթ Մովսիսյանը, ով հանդիսանում է գրքի տպագրական աշխատանքների համակարգողն ու կազմակերպիչը։ Մի խոսքով գրքի լույսընծայումը մի մեծ թիմի տքնաջան աշխատանքի արդյունք է։ Գրքի վերատպության հարցերով հետաքրքրված բոլոր բարերաները կարող են դիմել ինձ, իսկ ընթերցողներին գիրքը հասանելի կլինի միայն առցանց պատվիրման տարբերակով։
-Ի՞նչ կպատմեք գիրք գրելու գաղափարի մասին։
-Գրքի պատմվածքները հենց հոդվածներից են ծնվել. սկզբում կայքերից մեկի համար զոհված տղաների մասին հոդվածներ էի հավաքագրում, ինչն էլ գաղափար ծնեց՝ հերոսներին վերածելու գրական հերոսների՝պահպանելով նյութի իսկությունը, չհեռանալով իրականությունից։ Ստեղծագործական փուլը շատ տքնաջան էր, հերոսներից յուրաքանչյուրի հարազատների հետ երկարատև զրույցներ ու հանդիպումներ եմ ունեցել։ Այդ ամենը խորապես ազդել էր հոգեբանությանս վրա, տղաները, որոնց չէի էլ ճանաչում, երազներով ինձ այցի էին գալիս։
-Քանի որ Դուք Ձեր գիրքը գրել եք պատերազմի ընթացքում և նվիրել եք
Արցախյան հերոսամարտում զոհված բոլոր հերոսների հիշատակին, արդյո՞ք այդտեղ ընթերցողը կհանդիպի իրական հերոսների հետ:
-Ժողովածուի նպատակը հենց այդ էլ եղել է, ոչ թե հորինել կերպարներ, այլ ստեղծել իրապատում պատմվածքների շարք, որտեղ գրական կերպարը՝ հենց անմահացած հերոսնն է։
-Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի հերոսներին:
-Սկսեցինք ճանաչել, որովհետև ապրեցինք պատերազմական այնպիսի օրեր, որ ամեն տուն հերոս տվեց։ Գրքում տեղ գտած յուրաքանչյուր պատմվածք ունի իր գլխավոր հերոսը, ընդհանրական հատկանիշ կարող եմ նշել նրանց գիտակցված պայքարը, ծնողասիրությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելու ցանկությունը։ Գրքիս հերոսների մասին հարազատները բազմաթիվ հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ են ներկայացրել, որոնց ընթերցողը կծանոթանա գրքում։ Որևէ մեկին առանձնացնել չեմ ուզում։
-Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո։
-Դեռևս սահմանին կամ որևէ զորամասում հյուրընկալվելու պատիվ չեմ ունեցել, այդ պատճառով էլ զգացողությունների մասին խոսել չեմ կարող։ Գրքի առաջաբանի հեղինակը մասնագիտությամբ պատմաբան է, պատմաբան է նաև գրքի էջադրողը, նրանց կարծիքը եղել է դրական և ոգևորիչ։ Այլ կարծիքներ չէին կարող հնչել, քանի որ գրքի բովանդակությունը հասանելի է եղել միայն գրքի կազման գործում սերտ համագործակցություն ունեցող անձանց։
-Մեր օրերի ո՞ր հերոսի իդեալական կերպարը կնշեք։
-Ինձ համար զինվորականի իդեալական կերպարը սկսվում և ավարտվում է կապիտան Արտուշ Արզումանյանի մարդ տեսակով, կցանկանայի, որ մեր զինվորականները ևս նույնչափ խիզախ ու հայրենասեր լինեին։ Հայ երիտասարդին էլ մաղթում եմ անընկճելի ոգի ու կամք, չէ՞ որ պատերազմը ավարտվեց սահմանին, բայց տեղափոխվեց՝ թիկունք։ Մեր օրհասական խնդիրն է միավորվել հայրենիքի փրկության գործին։ Հայրենիքը բոլորիս համընդհանուր ցավն ու հպարտություն է, ամեն մեկիս պարտքն է հոգ տանել մեր հայրենիքի ամրության ու կենսունակության մասին։ Մասնագիտությամբ՝ մանկավարժ եմ և ամեն ջանք գործադրում եմ, որ գալիք սերնդի մեջ արթնացնեմ հայրենասերի ջերմ զգացումներ։
-Որպես առաջատար մասնագետ հիմնականում ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում:
-Դեռ տարիներ առաջ ստեղծեցի Երիտասարդ գրողների գրական ակումբը, որը մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելու ընթացքում՝ տպագրեց շուրջ 3 անթոլոգիա։ Հիմնական համագործակցությունը գրադարանների, դպրոցների, հրատարակչությունների ու գրախանութների հետ է, անուններ նշել չեմ ուզում։ Միայն կփաստեմ, որ այսօր քիչ են այն մշակութային օջախները, որոնք երիտասարդ գրողների հետ համագործակցության եզրեր են փնտրում։ Գրական դաշտում ստեղծագործողը միայնակ է հարթում իր ուղին։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի ու Սոնա Վանյանի ֆեյսբուկյան էջի