Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հետագա գործընթացներին, ասաց, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է ապրիլի 20-30–ն ընկած ժամանակահատվածում հրաժարական ներկայացնել:
«Քանի որ այս հայտարարությունն արվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիք է ստացել, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու իր հրաժարականի պարագայում, քանի որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս վարչապետի հրաժարականի պարագայում խմբակցությունների կողմից նոր վարչապետի թեկնածության առաջադրումը»,-ասաց սահմանադրագետը:
Գոհար Մելոյանի խոսքով՝ ապրիլի 20-30-ի միջակայքում հրաժարական տալուց հետո 7 օր պետք է վարչապետ չընտրվի:
«Երկրորդ անգամ թեկնածու չառաջադրելու և նոր վարչապետ չընտրվելու պարագայում ևս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: դրանից հետո ոչ ուշ քան 30 օր անց և ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ»,-ընթացակարգը ներկայացրեց սահմանադրագետը: