Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Փետրվարի 18-ին,  LOFT-ում տեղի ունեցավ Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը համընկավ եզդիական Խըդըր Նաբի տոնակատարության հետ: Շնորհանդեսին ողջույնի խոսքով  հանդես եկավ  հայ գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ  հայ գրականության ամբիոնի դասախոս, խմբագիր, լրագրող, գրքի խմբագիր Հայկ Համբարձումյանը։

Նա հակիրճ ներկայացրեց Թերեզա Ամրյանի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին: Այնուհետև ելույթներով հանդես եկան Գրանիշ կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանն, ով շնորհավորելով հեղինակին առաջարկեց, որպեսզի առաջիկա ստեղծագործությունները գրի արդեն փոքր-ինչ փոխված ժանրով:

Ելույթ ունեցավ նաև նրա գործընկերներից Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պարսից գրականության դասախոս, գրականագիտական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը:

Միջոցառումն ընթանում էր հարց ու պատասխանի և քննարկման ջերմ մթնոլորտում, որի ընթացքում գրքի հեղինակն ու խմբագիրը պատասխանում էին գրականագետների, գործընկերների ու ընթերցասեր հասարակության հուզող հարցերին: Հեղինակի խոսքերով գրքի շնորհանդեսը հետաձգվել էր երկրում տիրող համավարակի ու պատերազմական դրության պատճառով:

Նա նշեց նաև, որ գրքի առաջին ընթերցողն է եղել իր դասախոս վաղամեռիկ Լյուսյա Ղազարյանը: Հեղինակը խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին՝նշելով այն փաստն, որ արդեն աշխատում է նոր վեպի վրա: Հատկանշական է այն հանգամանքն, որ այստեղի հանդիսատեսի մեջ կային այնպիսի մարդիկ, ովքեր ծագումով եզդի էին, կամ ապրել էին իրենց միջավայրում:Միջոցառման ընթացքում խոսվեց գրքի ռուսերեն լեզվով թարգմանության մասին, որը մոտ ապագայում կգտնի իր ընթերցողներին:

Միջոցառման վերջում Թերեզա Ամրյանն ու գրքի հեղինակ Հայկ Համբարձումյանն իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներից՝ հույս հայտնելով,որ մոտ ապագայում կհանդիպեն նոր հրատարակությունների շնորհանդեսներին:Երեկոյի ընթացքում ընթերցասերները հնարավորություն ունեցան ձեռք բերել գիրքը հեղինակի մակագրությամբ։

Շնորհանդեսից հետո զրուցեցինք գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ: 

 

  - Թերեզա, օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Ձեր վեպը՝ «Այն եզդի կնոջ ճամպրուկը»։ Ինչպե՞ս ծրագրեցիք գրքի լույս ընծայումը համավարակի պայմաններում։ 

-Այո,  այս տարի ապրիլին «Զանգակ» հրատարակչությունը հայտարարել էր պատմվածքի մրցույթ՝ «Նամակներ պարետին» խորագրով։ Մրցույթը լավ հնարավորություն էր տարբեր ստեղծագործողների համար՝ կիսվելու թագավարակի, արտակարգ դրության ժամանակ ունեցած հույզերով, պատմություններով, ապագայի նկատմամբ հույսով, լավատեսությամբ կամ մտավախություններով։ Մրցույթի արդյունքում ժյուրին ընտրեց քսան պատմվածք, և տպագրվեց «Նամակներ պարետին» պատմվածքների ժողովածուն։ Դրան զուգահեռ հրատարակչությունը սկսեց համագործակցել պատմվածքների հեղինակների հետ՝ այլ ստեղծագործություններ լույս ընծայելու նպատակով։ Այդ համագործակցությունն էլ ինձ հնարավորություն տվեց՝ ներկայացնելու իմ չհրատարակված գործերը։ Արդյունքում լույս տեսավ «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպը:  

- Ինչի՞ մասին է գիրքը, ովքե՞ր են գրքի հերոսները, ինչպիսի՞ն է գլխավոր հերոսը։

-  Գրքում պատմվում է Հայաստանաբնակ եզդի կնոջ կյանքի ճանապարհի, նրա առջև ծառացած խնդիրների և դրանք հաղթահարելու մասին։ Գրքի հերոսներն իմ մարդիկ են․ գլխավոր հերոսուհին իմ նախատատն է՝ քնքուշ և զորեղ մի կին, որի կերպարի և նրա անցած ճանապարհի միջոցով ընթերցողն ավելի լավ կտեսնի եզդի կանանց աշխարհը, նաև կծանոթանա հայերի հարևանությամբ հայտնված եզդիների ճակատագրին։

- Ի՞նչ ուղերձ ունի գիրքը։ Ինչի՞ մասին է այն պատմելու իր ընթերցողին։

- Կարծում եմ ուղերձները շատ են, ընթերցողը կտեսնի ոչ թե մի ուղերձ, այլ բազմաթիվ և տարբեր ուղերձներ․ օրինակ՝ աղջիկներին և կանանց կրթություն ստանալու հնարավորությունից չզրկելու, լուսավորության միջոցով ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու, ինքնությունը պահպանելու և զարգանալու ուղերձը և այլն։ Ես կցանկանայի հատկապես առանձնացնել խաղաղության ուղերձը։ Դեգերումներից հոգնած իմ հերոսերն ու հերոսուհիներն այնքա՜ն ծարավ են խաղաղության։

- Տարիներ առաջ ես ներկա էի Ձեր մենագրության շնորհանդեսին, որը գիտական աշխատանք էր, մինչդեռ նոր գիրքը վեպ է հետաքրքիր է ինչպիսի՞ն է Ձեզ համար անցումը գիտականից դեպի գեղարվեստական ստեղծագործություն։

 - Գեղարվեստական տեքստեր գրելը նոր չէ ինձ համար, այն միշտ էլ տեղ է ունեցել իմ կյանքում։ Գրելը իմ պատմությունները թղթին հանձնելու, դրանք ինքս ինձ պատմելու հնարավորություն է եղել։ Պարզապես նախկինում իմ գրածները չէին հասնում ընթերցողներին․ դրանք կա՛մ ես էի ընթերցում, կա՛մ ընթերցում էին շատ մտերիմ մարդիկ միայն։ Բայց ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ իմ նախատատի մասին պատմող պատմվածքներիցս մեկը անցյալ տարի աշնանը հայտնվեց «Գրանիշում»։ Ընթերցողի արձագանքն ու հետաքրքրությունը ինձ քաջալերեց։ Ես սկսեցի իմ գրվածքները պատմվածքների տեսքով ներկայացնել ընթերցողին։ 

- Ապագայում նոր գործեր լույս ընծայելու պլաններ ունե՞ք։

- Նպատակ ունեմ իմ պատմվածքները ժողովածուի տեսքով տպագրել։ Բայցի այդ, աշխատում եմ մեկ այլ վեպի վրա, որը մոտ ապագայում կհանձնեմ իմ խմբագրի դատին, հետո էլ հուսով եմ՝ արդեն ընթերցողին։

- Գրականագետներից երբեմն լսել եմ հետևյալ միտքը՝ «վեպը պետականության ժանրից է»։ Կարծում եմ ընթերցողին հետաքրքիր կլինի կարդալ մի վեպ, որը գրվել է պետականություն չունեցող եզդի ժողովրդի զավակի կողմից։  

- Այո՛, ցավոք, եզդի ժողովուրդն այսօր չունի պետականություն, ավելին՝ մինչ օրս եզդիները ճնշված են իրենց իսկ հարազատ բնօրրանում։ 2014 թվականին աշխարհի աչքի առջև կատարվեց Սինջարի եզդիների ցեղասպանությունը։ Դուք ճիշտ եք, «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպի հեղինակը ազգային պետություն չկերտած ժողովրդի զավակ է․ վեպի հեղինակը, սակայն, Հայաստանաբնակ եզդի է, որ վայելել և վայելում է հայոց պետականության բոլոր ձեռքբերումները։

 -Դուք Ձեր վեպը նվիրել եք Ձեր դասախոս Լուսյա Ղազարյանի հիշատակին։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք վեպի մեջ ընթերցողը կտեսնի Ձեր դասախոսի կեպարը։

- Տիկին Ղազարյանն իմ գրածների առաջին ընթերցողն ու գնահատողն էր․ երբեմն համակարգիչս վերցնում, նստում էի նրա կողքին ու ասում․ «Կուզե՞ք մի բան կարդալ»։ Չեմ կարող առանց հուզվելու հիշել, թե  ինչպես էր իմ դասախոսը փորձում ինձ սովորեցնել կիսվել իմ գրածներով ոչ միայն մտերիմների, այլև ուրիշ մարդկանց հետ․․․ Ընթերցողը կտեսնի իմ դասախոսի գեղեցկությունն ու իմաստնությունը վեպի հայ հերոսուհիներից մեկի կերպարի մեջ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի