Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց ժամերգություն եւ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Արցախյան երեք պատերազմների, Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի անմեղ հայ զոհերի հիշատակին։
Իր քարոզում Հայր սուրբն անդրադարձավ ոչ միայն քրիստոնեական արժեքներին, հայ ժողովրդի մղած ազատության ու անկախության պայքարին, այդ ճանապարհին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, այլեւ մեր նորօրյա հերոսներին, որոնցից երկուսը՝ Արամ Ավետիսյանը եւ Նորայր Սուքիասյանը բուժման նպատակով գտնվում են Պրահայում եւ ներկա էին եկեղեցական արարողությանը։ Դիմելով նրանց, Հայր Բարսեղը չեխահայության անունից երախտագիտություն հայտնեց հայ զինվորներին, ընդգծելով, որ տղաներն իրենց մեջ կրում են այն ոգին, որն ապրելու ու արարելու, ապագա հաղթանակների համար հույս է ներշնչում։ Հայր Բարսեղն իր շնորհակալությունը հայտնեց նաեւ ,,Տուր ինձ հույս,, բարեգործական կազմակերպության ղեկավար Սոնա Վարդանյանին եւ նրա ընկերներին, բոլոր նրանց, ում աջակցության շնորհիվ հնարավորություն դարձավ հայ վիրավոր զինվորների բուժումը եւ վերականգնումը Պրահայում կազմակերպելու դժվարին գործը։
Օրվա խորհրդին անդրադարձավ նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Խոսելով Սումգայիթի եւ Բաքվի, Արցախյան պատերազմների անմեղ զոհերի մասին, դեսպանը հիշատակեց նաեւ 44 օրյա պատերազմում զոհված չեխաբնակ երիտասարդ Հայկ Վարդանյանին, ով մեկնել էր արձակուրդի, ապա եղբոր հետ մեկնել ռազմաճակատ եւ զոհվել։ Ողջունելով նաեւ արարողությանը ներկա զինվորներին, դեսպան Հովակիմյանը նշեց, որ շուտով նրանց կմիանա պրոտեզավորման կարիք ունեցող մեկ այլ զինվոր՝ Սարգիս Ֆիդանյանը, եւ չեխահայությունը կսատարի նրանց բուժմանը։
Ներկաները Հայր Բարսեղի հետ միասին աղոթեցին Հայաստան աշխարհի խաղաղության, վիրավոր զինվորների ապաքինման ու մեր երկրի հզորացման համար։
Orer.eu