Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին՝ անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչը ստացավ սփյուռքյան երկու կազմակերպությունների արձագանքը։ 

Նախ ներկայացնենք հարցը եւ պատասխանը։ 

Գոռ Գևորգյան. Շնորհակալություն: Պարոն վարչապետ, այլևս ունենք նոր իրողություններ, բախվել ենք շատ բարդ մի իրադրության հետ, և տպավորություն է ստեղծվում, որ զարգացումները, որոնք որ, ըստ էության, պետք է որոշակի հստակության դաշտ տեղափոխվեին, շարունակում են որոշակի անորոշություններ ստեղծել: Փետրվարի 1-ից, Դուք գիտեք, որ մեկնարկել են համատեղ զորավարժությունները Կարսում, որոնք, ըստ տեղեկությունների, պետք է շարունակվեն մինչև փետրվարի 12-ը: Օրեր առաջ ռուսական կողմը հայտարարեց, որ Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում, և մենք պետք է հաշվի առնենք նրա կարծիքը: Եվ ուշիուշով հետևելով նաև Սյունիքի շուրջ զարգացումներին՝ ուզում եմ, որ այսօր ներկայացնեք իրական անվտանգային խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են: Դուք մի անգամ արդեն անցած հանդիպման ժամանակ նշեցիք, որ պատերազմը, ըստ էության, ավարտվել է, բայց շարունակական տրամաբանություն ունի: Եվ այս համատեքստում ի՞նչ ենք մենք հակադրում այս ամենին: Ի՞նչ ռազմավարական, մարտավարական տեսլական ունենք, որը թույլատրելիության մեջ կարող է հասանելի լինել մեր քաղաքացիներին: Շնորհակալություն:

Արա Այվազյան. Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Պարոն Գևորգյան, շնորհակալություն հարցի համար։ Անշուշտ, համաձայն եմ Ձեզ հետ․ նոր իրողություն է, նոր իրավիճակ, որը մեր առջև բարձրացնում է նոր մարտահրավերներ: Սակայն կան նաև հնարավորություններ: Իրավիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտն առավել ամրապնդվի. դա հեշտ հարց չէ, քանի որ սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է: Բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն՝ մենք պետք է ձգտենք նախևառաջ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը: 

Ես անցյալ անգամ նշել եմ, որ մեզ համար, դիվանագիտության համար նույնպես առաջնային խնդիրը եղել և մնում է անվտանգության ամրապնդումը. այն ունի շատ տարրեր՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից մինչև շատ տարբեր հարթակներում աշխատանքը: Եվ դրանց մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը: 

Դուք նշեցիք Կարսում հիմա տեղի ունեցող զինավարժության մասին, և անշուշտ, յուրաքանչյուր զինավարժություն մտահոգության առիթ է։ Մի կողմից տեսնում ենք նման դրսևորումներ, մյուս կողմից լսում նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտության մեջ ընդունված է որոշակի ուղերձներ հղել, սակայն հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ, նախևառաջ, գործողություններով։ Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»:

 

Գոռ Գևորգյան. Պարոն նախարար, անկեղծ ասած, սահմանների շրջափակմանը, եթե Դուք վերաբերվում եք շատ որպես դրական երևույթ՝ հեռանկարային առումով, հաշվի առնելով պատմության փորձը՝ ես կարծում եմ, որ սահմանների շրջափակման հարցի կարգավորումը կարող է մեկ այլ ավելի բարդ խնդրի առջև կանգնեցնել մեզ, քանի որ մենք գործ ունենք Թուրքիայի հետ։ Ես չեմ ուզում մտնել նաև տնտեսական, ֆինանսական ծանր հետևանքների մասին, թուրքական կապիտալի ներխուժման և այլնի վերաբերյալ, որոնք արդեն բերում են ազգային ռազմավարական խնդիրներ և այլն։ Այսինքն ես, ճիշտն ասած, մի փոքր այլ պատասխան էի ակնկալում, բայց Դուք՝ Ձեր պատասխանի հիմքում դնում եք այնպիսի մի ձևակերպում, առ որի մենք չունենք խնդիր այս դեպքում։ Ես ճի՞շտ եմ հասկանում։ Բայց մենք խնդիր ունենք։ Մեր խնդիրները շարունակում են մնալ դեռ չկարգավորված և օրհասական։ Եթե հարևան երկու պետությունները թշնամական հռետորաբանությամբ անցկացնում են նման ծավալի զորավարժություններ, դա անմիջական սպառնալիք է։ Էլ չեմ խոսում դրա հետևանքների մասին։ 

Արա Այվազյան. Ես կարծեմ նշեցի, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է։ Չեմ ասել՝ շրջափակման վերացումը կամ շրջափակումը դրական երևույթ է։ Եվ հատուկ ընդգծեցի, որ մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգային մթնոլորտը։ Անվտանգային մթնոլորտի մասին խոսելիս ես ասել եմ, որ մենք պետք է ձևավորենք բարենպաստ մթնոլորտ Հայաստանի և Արցախի շուրջ։ Բնականաբար, ապագայում ապաշրջափակումը ինչպես հնարավորություններ է ընձեռելու, այնպես էլ՝ լուրջ մարտահրավերներ: Մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն՝ պետք է պատրաստ լինենք և՛ մարտահրավերներին դիմակայելու, և՛ օգտվելու հնարավորություններից: Ես ամբողջովին հասկանում եմ Ձեր հարցի տրամաբանությունը, բայց կարծում եմ, որ Հայաստանի, մեր դիվանագիտորթյան, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ: Բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը: 

Այնուհետեւ այս պատասխանին արձագանքեցին Հայկական ժողովրդային շարժման կենտրոնական խորհուրդը եւ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը։ 

Ստորեւ ՀԺՇ Կենտրոնական խորհրդի հայտարարությունը.

 

Արտգործնախարարի հայտարարությունը քաջալերում է Թուրքիային

 ՀՀ Ազգային ժողով-կառավարություն փետրվարի 11-ի հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում»:

«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում»: Այվազյանը հայտարարել է. «Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ» և եզրակացրել, որ ՀՀ կառավարության հիմնական նպատակն է «անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի»:

 Արտգործնախարաի նման հայտարարությունն բոլորովին անիրատեսական է, որովհետև անտեսում է Հայաստանի համար առաջնային հարց համարվող անվտանգությունը, և անհամարժեք է Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությանը, որովհետև Թուրքիան բացահայտորեն ոչ միայն պահանջում է Արցախի հիմնահարցում Հայաստանի դերակատարության ամբողջովին բացառում, այլև Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից հրաժարում, Կարսի պայմանագրի  նկատմամբ հավատարմություն և Հայաստան-Թուրքիա ներկա սահմանի ճանաչում:

Հայաստանը միջազգային ասպարեզում պետք է հանդես գա, որպես ինքնիշխան և պահանջատեր պետություն, հրաժարվելով չսերտված և պարտվողական քաղաքականություն վարելուց, ինչից էլ ավելի է քաջալերվելու Թուրքիան՝ ուժեղացնելով ճնշումները, նոր զիջումներ պահանջելով Հայաստանից:

 

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական Խորհուրդ

12 փետրվարի 2021թ.

 

Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի Յայտարարութիւնը՝ Այվազեանի Հնչեցրած Դիրքորոշման Վերաբերեալ

2021ի Փետրուարի 10ին, Ազգային ժողով-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը արել է յայտարարութիւններ, որոնք Հայ Դատի կենտրոնական խորհրդի մօտ լուրջ մտահոգութիւնների տեղիք են տուել:

Մասնաւորապէս, նախարարը յայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրութեան ճնշման ներքոյ հետզհետէ պէտք է վերադառնայ բնականոն գործընթացի, եւ, նախեւառաջ, խօսքը գնում է այն մասին, որ այլեւս պատճառ չկայ Հայաստանի հանդէպ կիրառելու շրջափակում: Ինչպէս գիտէք շրջափակումը եւ սահմանների փակուելը թուրքական կողմը պայմանաւորում էր Արցախում ստատուս-քուոյի հետ, որը փոխուել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղութեամբ: Այս պահի դրութեամբ որեւէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը եւ մեր դիւանագիտութիւնը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնայ նպաստաւոր մթնոլորտ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման համար: Կրկնում եմ, որ անվտանգութեան մթնոլորտն իր մէջ պարունակում է շատ տարրեր»:

Խիստ խնդրայարոյց այս յայտարարութիւնից ուղղակիօրէն կարող են բխել հետեւեալ հաստատումները.

  1. Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պատրաստւում է համակերպուել Արցախի Հանրապետութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետեւանքով ձեւաւորուած ստատուս քուոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազաւթմանը, բնակչութեան տեղահանմանն ու էթնիկ զտումներին: Այս դէպքում Հայաստանի կառավարութիւնն, ըստ էութեան, հրաժարւում է Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորի իր պարտականութիւններից:
  2. Հայաստանի կառավարութիւնը փաստօրէն հաւատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների ոլորտում ղարաբաղեան հիմնախնդրից բացի, որեւէ այլ կնճռոտ հարց չկայ: Մասնաւորապէս հիմնաւոր կասկած է ձեւաւորւում առ այն, որ Հայաստանի կառավարութիւնը պատրաստւում է մոռացութեան մատնել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման հետապնդման քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչուող խնդիրները:

Անհասկանալի է, թէ ինչպէս է ՀՀ կառավարութիւնը պատկերացնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը, երբ ընդամէնն ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար եւ անթաքոյց աջակցութեամբ մեր հայրենիքի մի հատուածի նկատմամբ կիրառուել է ագրեսիա՝ զուգորդուած պատերազմական յանցագործութիւններով: Ընդ որում Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչը Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարի մասին խօսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մօտակայքում իրականացւում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զօրավարժութիւններ, որոնք համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդէպ յաւակնութիւններ արտայայտող յայտարարութիւններին:

Նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների հետ սկզբունքային հակադրութիւնների պայմաններում ՀՅ Դաշնակցութեան Հայ Դատի համաշխարհային ցանցը ոչ միայն քայլ անգամ չնահանջեց Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների շահերի պաշտպանութեան դիրքերից, այլեւ շարունակում է սերտ փոխգործակցութիւնը տարբեր պետութիւններում գործող դեսպանատների եւ միջազգային կազմակերպութիւններում գործող ՀՀ ներկայացուցչութիւնների հետ:

Նախարարի երէկուայ յայտարարութիւնը, սակայն, սպառնում է գաղափարական լրջագոյն հակասութիւն ստեղծել տասնեակ երկրներում եւ բազմաթիւ կազմակերպութիւններում հանրային դիւանագիտութեան գործիքակազմով Հայաստանի շահերը պաշտպանող Հայ Դատի ցանցի եւ հայրենի պետութեան արտաքին գործերի նախարարութեան միջեւ:

Խնդիրն այն է, որ Թուրքիան չի հրաժարուել Հայաստանի Հանրապետութեան հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ ՀՀի ցամաքային շրջափակումը հանելու դիմաց երեսուն տարուց ի վեր առաջ քաշած իր միւս նախապայմաններից՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի եւ Հայաստան-Թուրքիա իրաւական սահմանի հարցերում ՀՀ կողմից զիջումների պահանջից: Թուրքիան պահպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը, ինչը դրսեւորուեց 2020թ. Սեպտեմբերի 27ին Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմում Թուրքիայի բացայայտ մասնակցութեամբ եւ շարունակւում է Թուրքիայի իշխանութիւնների կողմից Թուրքիայի ներսում եւ այդ երկրից դուրս կիրառուող հակահայ քայլերով: Մինչեւ Թուրքիան հիմնովին չփոխի իր հակահայ քաղաքականութիւնը, վերջինիս հետ ՀՀի կողմից երկխօսութեան ցանկացած փորձ Թուրքիայի կողմից օգտագործուելու է իր վերոնշեալ նպատակների իրականացման համար: Յատկապէս Հայոց Ցեղասպանութեան տարելիցի նախօրէին՝ Թուրքիայի համար այն կը լինի շահարկման ընձեռուած հնարաւորութիւն:

Մեզ համար ՀՀ քաղաքական իշխանութեան յանցաւոր անպատրաստութիւնը եւ Հայաստանի կենսական շահերը սպասարկելու անկարողութիւնը այլեւս վաղուց նորութիւն չեն: Ակնկալում ենք, սակայն, որ ՀՀ պետական համակարգի դեռեւս ամբողջովին չքանդուած ինստիտուտներից մէկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը կը ցուցաբերի զգօնութիւն չտրուելու համար Թուրքիայի նենգամիտ քաղաքականութեանը: Հայաստանի, ներառեալ Արցախի, անվտանգութեան ամրապնդման առաջին նախապայմանը Հայաստանի ներսում իրավիճակի հիմնական փոփոխութիւնն է, ինչը միայն կարող է սկսուել երկիրը պարտութեան առաջնորդած եւ ՀՀ վարչապետի պաշտօնից կառչած անձնաւորութեան հեռացումով: Միայն այդ ժամանակ կարելի է մտածել, խօսել, ծրագրել եւ գործել այնպէս, որպէսզի. «Մեր անմիջական շրջապատը դառնայ նպաստաւոր մթնոլորտ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման համար»:

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ

  1. 02. 2021թ.

 

 Այնուհետեւ հրապարակվեց  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությունը՝  ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության առնչությամբ

 

Այսօր ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հնչեցվել են մտահոգություններ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ:

Նախևառաջ կուզենայինք շեշտել, որ բարձր ենք գնահատում Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը, որը մշտապես միտված է եղել համահայկական օրակարգի առաջմղմանը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ տեղ գտած մտահոգությունները հիմնված են նախարար Այվազյանի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցված խոսքերի մեկնաբանությունների վրա։ Այդ մեկնաբանությունները կամ, ինչպես դրանք ձևակերպված են՝ «հաստատումները», կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և որևէ կերպ չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ։

Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը, և այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտահոգությունները, մասնավորապես` Հայաստանի սահմանին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու մասով։ Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ:

Հարկ է նշել, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դրա դադարեցման դիրքերից։

ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Վստահ ենք, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճրագործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով։

Այս հարցում ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկելու ենք ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական:

Այս առումով կցանկանայինք նաև մեջբերել ՀՀ ԱԳ նախարարի՝ նույն հարցուպատասխանի ժամանակ արտահայտած դիրքորոշումը, որ «Հայաստանի, մեր դիվանագիտության, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»: