Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրության հանրային բացումը 2021թ. փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին՝ Կենտրոնի «Արծիվ» սրահում:

 

2021 թվականի փետրվարի 5-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը՝ առաջին անգամ ներկայացնելով արվեստագետի վերջին տարիներին ստեղծած կարևոր շարքերից մեկը:

 

Կարեն Օհանյանն անկախության շրջանի, հատկապես 2000-ականների ժամանակակից հայ կերպարվեստի այն գեղանկարիչներից է, որի ամեն մի նոր աշխատանք կամ նկարաշար հստակ ասելիք ունի թե՛ արդիականության, թե՛ հրատապության տեսանկյունից՝ քաղաքական, սոցիալական կամ զուտ արվեստային: Երեք կտավից բաղկացած «Սևան» շարքը ևս նման հավակնություններ է ներկայացնում։

 

Նկարիչն իր կտավներով այսօր վերաիմաստավորում է գեղանկարը՝ համապատասխան այն վեկտորին, որ հատկապես զարգանում է վերջին տարիներին, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությամբ: Չնայած իր խորագրին, այս շարքը այնքան մեզ բոլորիս հայտնի լեռնային լճի մասին չէ, որքան ժամանակակից գեղանկարչության, դրա ավանդույթների և արդի մեկնաբանության:

 

Օհանյանը, ի տարբերություն շատ այլ նկարիչների, պատկերել է մի Սևան, որ չի տեսել ոչ ոք, անգամ ինքը՝ նկարիչը, ինչն անվանումը դարձնում է բացարձակ պայմանական: Չնայած աշխատանքները ստեղծվել են 2016-2019 թվականներին, դրանք արդիական են նաև այսօր, երբ մարդկությունը շարունակական փորձության միջով է անցնում:

 

«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը գործելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2021 թվականի փետրվարի 5-ից մայիսի 23-ը: Այն ոչ միայն այցելուին ներկայացնում է հայ ժամանակակից ամենաարտառոց գեղանկարիչներից մեկին, այլև հնարավորություն է տալիս մտորելու ժամանակակից գեղանկարի մասին մեր նոր իրականության համատեքստում: Արդի տագնապալի դինամիկայում այս ցուցադրությունը չշտապելու և արվեստի հետ դանդաղ շփման մի կղզի է Կարեն Օհանյանի կտավ-լանդշաֆտների հետ երկխոսության մեջ:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000: