Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Լրահոսը տեղեկացնում է, որ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը արժանացել է Հայաստանի գրողների միության 2020 թվականի Հովհաննես Թումանյանի մրցանակին՝ «Օլգա Թումանյան» հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակած գրքերի համար։ Ծանոթ եմ այդ հրատարակություններին, քանի որ դրանք տպագրվել են նաև «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ՝ մեծն լոռեցու 150-ամյա հոբելյանի առթիվ։ Բնականաբար հեղինակը իր առջև նպատակ պիտի դներ այսօրվա հանրությանը ներկայացնելու ամենայն հայոց բանաստեղծի կնոջը, ով հոգատար կողակից լինելուց բացի նրան 10 զավակ է պարգևել, գերդաստան ստեղծել, հոգ տարել ամեն մեկի կրթության ու ունակությունների բացահայտման համար։ Իր ստեղծագործություններով, ազգի հասարակական-քաղաքական հոգսերով տառապող բանաստեղծը չէր կարող լիովին նվիրված լինել ընտանիքի հոգսերին։ Այս իրավիճակներում ընտանիքը կարող էր պահպանել և պատվար դառնալ կինը և մայրը, ինչի մասին և վկայում են այդ նույն ընտանիքի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի դիտարկումնները, քանի որ վեց տարեկանից ճանաչել է իր տատիկին և նրա կողքին եղել մինչև կյանքի վերջ։ Եվ պատահական չէ, որ իր նախաբանից և որոշակի դատողություններից հետո հեղինակը տեղ է տալիս այն հուշերին, որոնք սերունդներին է թողել Օլգա Մաճկալյանը, ով ծնվել էր 1871 թվականի դեկտեմբերի 22-ին Թիֆլիսի Խարփուխ թաղամասում։ Ճակատագիրը հանդիպեցնում է երկու երիտասարդներին և 1888 թվականի մարտի 24-ին նշանեցին նրանց՝ Հովհաննեսին և Օլգային։ «Ես չգիտեի, որ նա ոտանավորներ է գրում։ Հետո արդեն շատ էր գրում և պատահում էր, որ մի հանգի, մի բառի պատճառով ոտանավորը թողնում էր կիսատ», - իր հուշերում նկատում է Օլգա Թումանյանը։ Հուշագրության հաջորդ հատվածում Օլգա Թումանյանը բացահայտում է իր բանաստեղծ ամուսնու կերպարը. «Օհանեսը սովորություն ուներ իր նոր լույս տեսած գրքերը նվիրել, բաժանել հեռու ու մոտ ծանոթներին, հրատարակման օրվանից մինչև սպառվելը։....Գալիս էր, երեխաներին նվիրած գրքերը ետ վերցնում, տանում-նվիրում իր հյուրերին՝ ասելով՝ հետո էլի կբերեմ....և էսպես ո՛չ մեզ, ո՛չ էլ իր մոտ նրա գրքերից երբեք չէր լինում»։

Օլգա Թումանյանը իսկապես շուտ էր հասկացել, թե ում կողքին էր, ճիշտ ու հստակ էր կատարում իր առաքելությունը որպես զավակների մոր ու բանաստեղծի կնոջ, երբ մի կողմից պարտավոր էր աջակցել նրա անընդհատ բացահայտվող, հանրայնացվող ու բարձրացող ստեղծագործությանը, մյուս կողմից կարողանում էր հոգ տանել 11 երեխաների մասին: 11-րդը Հովհաննես Թումանյանն էր։ Բանաստեղծն էլ այդ կարիքն ուներ՝ նյութականից մինչև բարոյական։ Եվ այս ամենը ցայտուն երևում է, օրինակ՝ Օլգայի և Հովհաննեսի նամակագրությունում։ Այստեղ մեծ հոգատարություն կա Թումանյանի նկատմամբ։ Անհանգիստ Օլգան ոչ միայն տեղեկացնում է, այլև խորհուրդներ տալիս, իր խոհերը արտահայտում 1890 թվանի սեպտեմբերի 25-ին Շուլավերից Թիֆլիս ուղարկած նամակում. «Սիրելի~ Հովհաննես ջան, այս մի շաբաթը ոնց ես անցկացրել, ուրախ, թե՞ տխուր։ Ես գոնե շատ եմ տխրում առանց քեզ։ Ա~խ Հովհաննես ջան, որքան տխուր է եղել միմյանցից հեռանալը»։

Իրմա Սաֆրազբեկյանը վկայում է՝ Թումանյանների ընտանիքի կյանքն այնպես էր դասավորվել, որ անպակաս էին դժվարությունները՝ նյութականից սկսած մինչև առողջականը: Հենց դա էլ հաշվի առնելով՝ տիկին Օլգան առանց ընդգծելու  Հովհաննեսին ուղարկում էր տարբեր առողջարան-հանգստավայրեր՝ իմանալով, որ դրա կարիքը նա շատ ունի։ Եվ պատահական չէ հեղինակի հասցեական գնահատանքը. «Կարծում եմ, տատիկիս հավասարակշված և համակերպվող բնավորությունն է, որ վճռորոշ դեր է ունեցել ընտանիքի կյանքում ինչպես երիտասարդ, այնպես ծերության շրջանում»։

Թումանյանի մահվանից  հետո կինը՝ Օլգան, հույս ու ապավեն դարձավ ընտանիքի ու գերդաստանի համար, նաև հստակ քայլեր կատարեց, որոնք բխում էին Ամենայն Հայոց բանաստեղծի կտակից ու ցանկություններից. «Տունը պահեցեք էնպես, ինչպես հիմա է. ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ: Տունը պահեցեք և իրար լավ նայեցեք։ Գրադարանս թանկ պահեցեք. դժվարությամբ եմ հավաքել գրքերը, երկար տարիների ընթացքում. օգտվեցեք, կարդացեք, խնամեք ու պահեք»։

Իրմա Սաֆրազբեկյանը ակնառու կերպով ցույց է տալիս, որ Օլգա Թումանյանը ամուսնու մահից հետո հստակ գիտակցում ու հասկանում էր հետևյալը. մեծ բանաստեղծի գրական ժառանգությունը իր հավերժական հանգրվանը պետք է գտնի Հայաստանում, չնայած վրաց իշխանությունները անտարբեր չէին թանգարան ստեղծելու գաղափարի նկատմամբ։ Բայց արդեն բազում կորուստներ ունեղող (զավակների և թոռների) իր իմաստուն ու հեռահար մտածողությամբ Օլգա Թումանյանը կարողացավ իրեն բնորոշ խոհեմությամբ և իմաստնությամբ գործել, որ տուն-թանգարան ստեղծվի Դսեղում ու հետագայում՝ մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանի օրերին ընդլայնվի, իսկ Երևանում էլ կառուցվի Թումանյանի թանգարանը, ուր կյանքի վերջին տարիները անցկացրեց Օլգա Թումանյանը իր դուստրերի, թոռների, ծոռների ու գրականության ու արվեստի մեծերի հետ։ Ինչպես Իրմա Սաֆրազբեկյանն է վկայում մի կողմից ստեղծվեց իր տեսակը չունեցող թանգարան, ուր օրական հարյուրավոր մարդիկ էին այցելում: Այստեղ նրանք կարող էին հաղորդակցվել անգամ Թումանյանի կնոջ ու զավակների հետ, մյուս կողմից էլ թանգարանի հյուրընկալ դռները բերում էին Թումանյանին ճանաչած ու նրա հետ շփված գրչակից ընկերներին՝ Ավետիք Իսահակյանի գլխավորությամբ։ Ընդհանրապես Ավետիք Իսահակյանը ընտանիքի լավ բարեկամն է եղել, որը պարբերաբար այցելել է ինչպես Թումանյանների Տերյան փողոցում գտնվող տուն, այնպես էլ թանգարան։ «Ամողջ Թումանյան ընտանիքի համար նա սիրելի անձ էր։ Ինքն անձամբ իրեն պատասխանատու էր զգում մեր ընտանիքի համար։ Գալիս էր, որպես կանոն, առանց նախազգուշացման, սակայն մենք արդեն տարբերում էինք նրա ձեռնափայտի թակոցը»,-հիշում է գրքերի հեղինակը՝ Իրմա Սաֆրազբեկյանը։

Այդ տանը հիմա ապրում է տիկին Իրման իր որդու՝ Ռուբենի հետ: Պատերը, գրապահարանները իր պապին են հիշեցնում։ Իր գրքում հեղինակը հիշում է ,որ Օլգան տատիկին առաջին անգամ տեսել է Թիֆլիսում, երբ 6 տարեկան էր։ Այն ժամանակ ապրում էին Եսենտուկի քաղաքում։ Եկել էին մոր՝ Սեդայի հետ ՝ օգնելու տատիկին, որը արդեն 72 տարեկան էր և հանձն էր առել իր աքսորված որդու՝ Արեգի դստերը՝ Սուրմային խնամելը։ Այսօր Սուրման իր ընտանիքով և ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Այս նույն գրքում նա իր տատիկի մասին հուշերը վերնագրել է. «Նա ինձ համար երկրորդ մայր էր»։ «Իմ տատը Օլգա Վասիլևնա Թումանյանն է, ում ես տատիկ էի անվանում։ Նա, փաստորեն փոխարինել է մորս մի ամբողջ ինը տարի՝ վեցից մինչև տասնհինգ տարեկանը, երբ ընթանում է անձի ձևավորման շրջանը։ Կյանքիս բոլոր նշանակալից որոշումները կայացնելիս ես անհրաժեշտ եմ համարել համաձայնեցնել ոչ միայն մորս, այլև տատիկի հետ»,- գրում է Սուրմա Թումանյաը։

Թումանյանի ծոռ Ռուբեն Քանքանյանը հիշում է իր մեծ տատիկի հետ հանդիպումները և թե ինչպես տեսնելով իր ավելացող հետաքրքրությունը Թումանյանի գրադարանից իրեն նվիրեց «Կենդանիների աշխարհ» գիրքը՝ մակագրելով. «Սիրելի Ռուբենին նվիրում եմ իր սիրելի գիրքը»։

Այսպես հետաքրքիր է Իրմա Սաֆրազբեկյանի գրքի յուրաքանչյուր էջը, տողը, որտեղից ընթերցողի համար բացվում է հեղինակի բնութագրմամբ Մարդու, Կնոջ, Մոր կերպարը։

Օլգան ապրեց մի ամբողջ հարյուրամյակ, որից 48-ը առանց Թումանյանի՝ իր ուսերին կրելով կյանքի բոլոր դժվարություններն ու մեծ ընտանիքի հոգսը։ Կարողացավ պահպանել ջերմությունը այն օջախի, որը ստեղծել էր ամուսնու հետ միասին, իր շուրջը հավաքել հարազատներին, մտերիմներին, գրականության և արվեստի մարդկանց։ Իսկ նրանք՝ առաջին հերթին ընտանիքը՝ Օլգա Թումանյանի գլխավորությամբ ամենակարևորը՝ պահեց-պահպանեց այն ամենը, ինչը նվիրական էր Թումանյանի համար՝ ձեռագրերը, արխիվը, աշխատասենյակը, գրադարանը։

Նկատենք, որ այս տարի լրանում Օլգա Թումանյանի՝ հայ ազգի մեծ տատիկներից մեկի 150-ամյա հոբելյանը՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին:

 Հուսով եմ, որ ոչինչ չի խանգարի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Օլգա Թումանյանի հոբելյանը կնշենք ինչպես Դսեղում, այնպես էլ Երևանում։ Իսկ Իրմա Սաֆրազբեկյանի հայերենով և ռուսերենով «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից բարձր մակարդակով հրատարակած գրքերը հնարավորություն կտան  հարուստ տեղեկատվություն ու հուշ-հիշողություններ քաղել Օլգա Թումանյանի մասին:

Քանի որ նրա թոռնուհին այդ գրքերի համար արժանացել է պապի անունը կրող Հայաստանի գրողների միության մրցանակին, շնորհավորենք Իրմա Սաֆրազբեկյանին և ցանկանանք ստեղծագործական նոր որոնումներ ու հաջողություններ։

 

Սերգո Երիցյան

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,

բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր