Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Ի արձագանք արցախյան պատերազմի, դրան հաջորդած լրատվական հակամարտության, ինչպես նաև հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը, ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այս նորաստեղծ նախաձեռնության շրջանակներում կբարձրացվի իրազեկությունը և իմացությունը Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը՝ տեղեկատվական այդ հոսքը հասցնելով հանրությանը: ՀԲԸՄ դրամաշնորհի միջոցով կհարստացվի արցախյան թեմաներով հետազոտությունների արժեքավորությունը՝ արդեն իսկ առկա առաջնային նյութերն ու ճշգրիտ տվյալները համալրելով յուրօրինակ հրապարակված աշխատություններով՝ առաջատար հետազոտությունների և առկա այլ հրատարակությունների օգնությամբ:

 

«Այս դրամաշնորհի ակունքներում գիտելիքի վրա հիմնված ինքնության ձևավորման գաղափարն է», - ասաց ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և կրթական հարցերով պատասխանատու Լենա Սարգսյանը: «Դրամաշնորհային ծրագիրը հաստատվել է ամրապնդելու հետազոտական այն հմտություններն ու մեթոդները, որոնք օգնում են հղկել հայկական ինքնությունը և ավելի լավ ընկալել հայկական իրականությունը, բարձրացնել իրազեկությունը և ձևավորել Հայաստանի և Արցախի ճանաչողության հավաստի գիտելիքների ամբողջություն: Մենք ուզում ենք ինքներս տնօրինել և աշխարհին ներկայացնել մեր պատմությունը՝ այն համալրելով որակյալ տվյալներով, ճշգրտված աղբյուրներով և տեղում իրականացված հետազոտություններով, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը»:

 

Դրամաշնորհը ստանալու համար կարող են դիմել բոլոր սերունդների ուսանողներն ու գիտնականները: Ասպիրանտների, ակադեմիկոսների, հետազոտողների, հետդոկտորական աստիճան հայցողների, անկախ հոդվածագիրների, ազատ լրագրողների և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձանց հայտերը ողջունվում են:

Հետազոտությունը, ի թիվս այլ ուղղությունների, կարող է լինել պատմական և/կամ ժամանակակից աշխատություն, որում կուսումնասիրվեն տարածաշրջանի անցյալի, ներկայի ու ապագայի սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական և բնապահպանական հարցերը: Հրապարակված գործեր կարող են համարվել հոդվածները, զեկույցները, ակնարկները, ինչպես նաև բարձրորակ տեսանյութերն ու փոդքասթները:

 

Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներառեն նախկինում հրապարակված աշխատությունների օրինակներ, ինքնակենսագրական, ինչպես նաև առաջարկվող բյուջե՝ տեղում իրականացվելիք հետազոտական ծրագրի ռազմավարության նկարագրությամբ: Ծրագրերը և կատարված աշխատանքները կարող են ներկայացվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն:

 

Հայտերն ընդունվում են անգլերեն մինչև 2021թ. ապրիլի 30-ը:

 

ՀԲԸՄ արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային նախաձեռնության մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք այստեղ. www.agbu.org/artsakhgrants  

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

 

ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: