Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Կատարողը սփյուռքահայ Րաֆֆի Գայայանն է 

Անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 18-ին «Առավոտ» թերթում հրապարակել էի իմ արխիվում գուսան Հայրիկ Ղազարյանի կողմից 1989 թվականին ինձ ուղարկած հայրենասիրական երգի մի տեքստ, որտեղ նա կարծիք էր արտահայտում, որ այն կարելի երգել «Ադանայի ողբի» երաժշտությամբ։ Արդյո՞ք այն տարիներ առաջ երգվել է այնպես, ինչպես գուսանն էր ցանկացել դժվար է ասել, բայց որդիները՝ Վազգենը, Սարոն և Ղազարը վկայում են, որ հենց ինքը դա երգում էր։ Ցավոք, որևէ ձայնագրություն կամ տեսագրություն չի պահպանվել։ Նման իրավիճակում, երբ հրապարակվեց երգի տեքստը ու նաև երգի ստեղծման պատմությունը, դրան արձագանքեց նաև իմ լավ բարեկամներից մեկը՝ Րաֆֆի Գայայանը հեռավոր ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքից, ուր ապրում է իր ընտանիքով՝ Նորա տիկնոջ, Ռուբեն և Կարինե զավակների հետ։ Ընտանիքը ոչ միայն երաժշտասեր է,այլև երաժշտական ունակություններ ունեցողներ։Իսկ Րաֆֆու կատարումները գաղթօջախի և ծանոթ-բարեկամների միջավայրում բոլորին են հետաքրքրում ու հուզում, քանի որ նա ամենայն բծախնդրությամբ է մոտենում ազգային, ժողովրդական ու գուսանական երգերի նկատմամբ:

 Րաֆֆու երգի նկատմամբ սերը խոր արմատներ ունի և գալիս է Արևմտյան Հայաստանից՝ Հաճնից ու Մարաշից, որտեղից սերված են Արամ հոր և Մադլենա մոր գերդաստանները։ Երգում էին բոլորը և ոչ միայն ընտանեկան ուրախությունների, այլև հոգևոր արարողությունների ժամանակ: Դեռ ավելին՝ նրանցից շատերը, այդ թվում և Րաֆֆին երգեցին հոգևոր «Քնար» երգչախմբում, պատարագների ժամանակ, իսկ առանձին դեպքերում ողջ պատարագն էր նա դաշնամուրով նվագում։ Հետո՝ ավելի ուշ, համարձակություն ունեցավ մեներգելու, յուրացնելու մեր ժողովրդական երգարվեստի գոհարները։ Այնպես սիրով էր ամեն անգամ հաղորդակցվում հայ երգի հետ, որ մտածում էր, թե երբ պետք է ազատ ժամանակ ունենա և յուրացնի ևս մի քանի երգի կատարում։ Հայ երգը Րաֆֆիի ու իր ընտանիքի հետ է եղել և՛ Սիրիայում, որտեղ ծնվել ու մեծացել, և՛ այն երկրներում, որոնցում հայտնվել է ճակատագրի բերումով՝ Ֆրանսիայում,  Կանադայում, ԱՄՆ-ում։ Հիմա, երբ ավելի շատ ազատ ժամանակ է ունենում սիրով ու նվիրումով է նոր երգեր յուրացնում։

«Երբ ընթերցեցի Հայրիկ Ղազարյանի «Ով հայի Աստված» երգի խոսքերը «Առավոտ» թերթում, հասկացա, որ այն կարող եմ կատարել, նաև այնպես, որ օտարի համար էլ հասկանալի և ընկալելի դառնա։ Եվ ուրախ եմ, որ բազմաթիվ արձագանքներ եղան։ Մարդիկ գուցե և խոսքերը չեն հասկանում, բայց «Ադանայի ողբի» երաժշտաեղանակը իսկապես գրավիչ է։ Գուցե այս դեպքում պետք է թարգմանել նաև երգի խոսքերի շարադրանքը»,- ասում է Րաֆֆի Գայայանը։

Ես նորից եմ միացնում երգի ձայնագրությունը։ Իսկապես, որ կատարումը գրավիչ է։(https://www.smule.com/recording/other-adanayi-voghbe/497067397_3873241406)

Այս իրողությունը ինձ մղեց ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայրիկ Ղազարյանից ստացած նամակներին՝ ակամայից ակնկալելով երգի խոսքեր: Նամակներից մեկում, որ նաև Նոր տարվա շնորհավորհանք էր, գտա մի բանաստեղծություն,  որը սկզբունքորեն գրված էր որպես երգի խոսք, այն էլ շատ հրատապ, կարծես հենց այս մեր օրերի ու ժամանակների համար գրած։ Նախ կուզենայի ամբողջությամբ մեջբերել այն։

 

 Երանի թե Տերը գթար,

Հայ մրմուռին մի դարման տար,

Ալեկոծված մեր վերք֊սիրտը

Խաղաղվեր ու առներ դադար։

 

Մեր քաղցկեղը բուժվե'ր,բուժվեր,

Անտեր ազգս էլ չտուժվեր,

Վիշտը դառնար վտարանդի,

Ու մեր սրտում խինդ ներխուժվեր։

 

Ամոք դառնար վերքը Հայոց,

Ու չմնար կարիճ ու օձ,

Ոտքով Էրգիր ուխտ գնայինք,

Սուրբ Կարապետ,Առաքելոց։

 

Վանա ծովի գոչ֊շառաչը,

Ախթամարի գեղ Սուրբ Խաչը,

Դեպի երկինք առաքեին

Մեր մորմոքը,տենչ֊հառաչը։

 

Աստված լսեր, կանգներ ոտի,

Ասեր.Հիսուս,խաչված Որդի,

Նորեն իջիր մեծ Հայք,Արցախ,

Անտեր հային փրկել պիտի։

 

Ու վերստին խաչվածը գար,

Գերյալ հային փրկություն տար,

Մշտամրմուռ Արարատ մոր

Հորդ արցունքն առներ դադար։

 

Բանաստեղծությունը ընթերցեցի մի քանի անգամ։ Հայրիկ Ղազարյանը գրել է երգի համար, բայց չի հասցրել բարձրաձայնել երգի եղանակի մասին։ Իսկ առաջին ընթերցողն էլ տողերիս հեղինակն է եղել 1989 թվականի դեկտեմբերին, քանի որ այդ նաև բանաստեղծությամբ մեծ գուսանից շնորհավորանք էի ստացել նոր տարվա առթիվ։ Շուրջ 30 տարի շարունակ լռել է այդ բանաստեղծությունը և զարմանալի է, որ երգ չի դարձել: Այդ մասին վկայում են Հայրիկ Ղազարյանի երգարվեստի և բանաստեղծության գիտակները՝ որդիները։ Գուցե այս անգամ էլ հետևենք Հայրիկ Ղազարյանի խորհրդին ու հրաշալի գրված խոսքերի համար երաժշտություն փնտրենք հենց մեծ գուսանի երգարվեստի հարուստ գանձարանից, ինչի հետ համաձայն էր իմ լավ բարեկամ Րաֆֆի Գայայանը: Նա էլ հանձն  առավ, որ «Գթա Աստված» բանաստեղծությունը նաև երգ դառնա։ Րաֆֆին ունկնդիր լինելով իմ առաջարկին՝ ժամանակ  խնդրեց, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանա Հայրիկ Ղազարյանի երգերի երաժշտությանը և ձգտի հասկանալ, թե դրանցից որը ավելի հնչեղ կարտահայտի ներկայացվող բանաստեղծական խոսքի ասելիքը։

Օրեր անց Րաֆֆին առաջարկում է այդ նպատակով օգտագործել «Իմացիր» երգի երաժշտությունը, իսկ որոշ ժամանակ անց նաև ինձ է փոխանցում Հայրիկ Ղազարյանի «Գթա Աստված» երգի իր կողմից երաժշտական ձևավորմամբ կատարումը(https://www.smule.com/sing-recording/497067397_3900755434

Մի քանի անգամ եմ լսում՝ ամեն անգամ մտածելով, թե ինչ վերաբերմունք կունենար Հայրիկ Ղազարյանը, ում հետ մեր կյանքի ճանապարհները հանդիպեցրին ու բարեկամներ դարձրին։ Ամեն անգամ, երբ համատեղ ջանքերով հաջողվում էր նրա երգերը հերառձակել ազգային ռադիոյով, գուսանը մեծ ուրախություն էր ապրում, հեռավոր Մարտունուց գալիս, հասնում էր Երևան, որպեսզի ընկերների հետ կիսի ստեղծագործական հաջողությունը՝ երբեք չմոռանալով հրավիրել իր հայրենի գյուղ:  Ու ես իմ ընտանիքով սիրով էի հյուրընկալվում նրա Մարտունու շրջանի Ձորագյուղում գտնվող նրա հին պապենական օջախում, ուր Խրիմյան Հայրիկ Վեհափառ Հայրապետն էր հյուրկալվել: Այդ ամենի արդյունքը այն տաեսաֆիլմը պետք է լիներ,  որը նկարահանվեց Հայրիկ Ղազարյան բանաստեղծի, երգահանի, ուսուցչի, պարզապես մարդ-անհատականության մասին։

Գիտեմ, որ Հայրիկ Ղազարյանի որդիները ձգտում են ամբողջացնել նրա ստեղծագործական ժառանգությունը։ Այդ ճանապարհին նրա երկու ստեղծագործությունները հանրությանը հասցնելու գործում Րաֆֆի Գայայանի այս քայլերը ԱՄՆ-ի հեռավոր Քլիվլենդ քաղաքից և տողերիս հեղինակի այս ջանքերը փոքրիկ աջակցություն են Հայրիկ Ղազարյանի ստեղծագործությունը ամբողջացնելու նպատակով։ Հուսով եմ, որ նրա իմաստուն ու հայրենասիրական երգերը դեռ հուզելու ու ոգևորելու են բազում սերունդների, որպեսզի հայը աշխարհի որ անկյունում էլ լինի մնա հայրենասեր և իր արմատներին հավատարիմ այս դժվարին ու հարափոփոխ աշխարհում։ Երգերի կատարումների հեղինակը սիրով մեզ է տրամադրել իր կատարած ձայնագրությունները և համաձայնությունը այն ավելի լայն լսարանին ներկայացնելու համար:

Սերգո Երիցյան

Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր