Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

            1994 թվականի Հայաստանի հաղթանակը այդպես էլ չմարսեցին արևմտյան որոշ երկրներ և խոշոր ընկերություններ: Այդ հաղթանակը մնաց նրանց կոկորդում և 24 տարի (1994-2018թթ.) շարունակ նրանք փորձում էին անել ամեն ինչ, կրկնում եմ ամեն ինչ, մեզանից այն խլելու համար: Նրանց նպատակներից գլխավորը հետևյալն էր. սպասարկելով թուրքական շահերը՝ ունենալ անվտանգ ճանապարհ այսպես կոչված ադրբեջանական և հետագայում թուրքմենական էներգակիրները Եվրոպա հասցնելու համար, որը կլիներ այլընտրանք ռուսական էներգակիրներից հրաժարվելու համար: Այդ ճանապարհին կային երկու երկրներ՝ Հայաստանը և Վրաստանը:             

                                                                                      2003 թվականին Վրաստանում հեղափոխություն իրականացնելուց հետո, Հայաստանը միակ խոչընդոտն էր այդ ծրագրի իրականացման համար: Ուստի պետք էր անել ամեն ինչ Հայաստանի պաշտպանական համակարգը կազմաքանդելու համար: Պաշտպանական համակարգի մաս կազմող կամ այդ համակարգը սպասարկող պետական մարմինները կազմաքանդելուց զատ, կամ դրան զուգահեռ անհրաժեշտ էր հեղինակազրկել նաև Հայաստանի պաշտպանական համակարգի կառուցման ակունքներում կանգնած մարդկանց՝ Վ. Սարգսյան, Ռ. Քոչարյան, Յ. Խաչատուրով, Ս. Սարգսյան, Վ. Բալասանյան և այլք: Գաղտնիք չէ, որ Հայաստանի պաշտպանական համակարգը սկսվում և ավարտվում է Արցախով: Արցախն է այն միջնաբերդը, որի անկմամբ կդրվի Հայաստանի, որպես սուվերեն պետության դե ֆակտո գոյությունը, հետևաբար նաև գործոն լինելը միջազգային ասպարեզում:        Վերոնշյալը մեկ նախադասությամբ ձևակերպելու դեպքում, կարող ենք ասել, որ արևմտյան որոշ երկրների և խոշոր ընկերությունների անհրաժեշտ էր Հայաստանն առանց Արցախի: Ահա սա է եղել այն հիմնական օրակարգը, որի շուրջ ձևավորվում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական պրոցեսները վերջին 26 տարվա ընթացքում:              

Հայաստանի պաշտպանական համակարգը կազմաքանդելու համար կատարվել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության բռնազավթման մի քանի փորձ, որոնցից առաջինը 1999թ. հոկտեմբերին: Փաստացի իշխանության գլուխը ոչնչացված էր և պետք է իրականացվեին ներքաղաքական ցնցումներ, որի արդյունքում հնարավոր կլիներ բռնազավթել իշխանությունը: Այդ էր պատճառը, որ Վ. Սարգսյանին գնդակահարելուց գրեթե անմիջապես հետո մի քանի տականքներ ՀՀ նախագահին են ներկայացնում մի ցուցակ, ըստ որի պետք է բաշխվեր անվտանգության (պաշտպանության) ոլորտի պորտֆելները: Սակայն, ի դժբախտություն ցուցակը ներկայացնողների, կային անհատներ, ովքեր պատրաստ էին շարունակել Վազգենի գործը, այն է՝ պահպանել Արցախը, հետևաբար՝ ՀՀ անկախությունը: Ներքաղաքական լարված մթնոլորտի լիցքաթափմանն ուղղված ՀՀ նախագահի ձեռնարկած միջոցառումների իրականացման արդյունքում բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել պետության և ժողովրդի համար անդառնալի հետևանքներից:                                                                      Իշխանազավթման հաջորդ փորձը կատարվեց ինը տարի անց՝ 2008 թվականի գարնանը, որը կրկին ձախողվեց: Ընտրությունների արդյունքում պաշտոնապես ստանալով 21.51 տոկոս քվե՝ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, չընդունելով իր պարտությունը, փոքրաթիվ համախոհների հետ հասարակությանը փորձում է տրամադրել ձևավորված իշխանության դեմ: Հասարակության փոքր մասը զանգվածային անկարգություններ է իրականացնում մայրաքաղաքում, որի արդյունքում զոհվում է Հայաստանի Հանրապետության տաս քաղաքացի: Իշխանության զավթման երկրորդ փորձը նույնպես ձախողվում է:                                                                                                                                   Ինը տարվա ընթացքում իշխանազավթման երկու անհաջող փորձերից հետո, Հայաստանում գործող օտարերկրյա գործակալներն անցում են կատարում գործողությունների այլ տրամաբանության: Ստանալով իրենց հովանավորների (տերերի) ֆինանսական, մասնագիտական, ինֆորմացիոն աջակցությունը՝ նրանք ընդլայնում են գործակալական ցանցը՝ կենտրոնանալով հասարակական ոլորտի վրա: Պատահական չէր 2011 թվականին, 2008-2011 թթ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի այն հայտարարությունը, որ իրենք դեռ աշխատում են Հայաստանի հասարակության վրա: Հայաստանում ստեղծվում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում էին և են (կաշառվում էին և են) արևմտյան որոշ երկրներից և տարբեր ծագման կազմակերպություններից: Նրանց գործողությունների թիրախում կար երեք հիմնական ուղղություն՝ հասարակություն, բանակ և Արցախ:

  • Հասարակություն

            Արևմտյան որոշ երկրներից, տարբեր ծագման կազմակերպություններից առատորեն ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին ու զանգվածային լրատվության միջոցներին հրահանգված էր ցանկացած առիթի, առավել ևս պատճառի դեպքում, ստեղծել հասարակական մեծ աղմուկ, առաջացնել բախումներ ոստիկանության հետ և այդ ամենը ներկայացնել որպես օրվա իշխանության ապազգային, թալանչի, դավաճան լինելու անառարկելի վկայություն: Պետք էր թիրախավորել անհատների, ովքեր այս կամ այն կերպ կապված էին իշխանության հետ: Կարևորը կեղծիքի ու ատելության չափաբաժնի հնարավորինս շատ տարածումն էր օրվա իշխանության նկատմամբ: Իսկ ժամանակի գործող օլիգարխիական իշխանությունը և վերջինիս ենթակա թափթփուկները թուլյ էին տալիս բազմաթիվ կոպտագույն սխալներ, որոնք առիթ էին հանդիսանում դրանց շահարկման և հասարակական մեծ հնչեղություն ապահովելու համար:

  • Բանակ

Երկրորդ հիմնական ուղղությունը դա բանակն էր: Պետք էր պառակտում մտցնել բանակի և հասարակության միջև և հնարավորինս մեծ անվստահություն ձևավորել բանակի նկատմամբ: Բավական է հիշել միայն 2016 թվականի աշնանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջարկված ազգ-բանակ կոնցեպցիայի դեմ նրանց պայքարը: Արևմուտքից սնվող կազմակերպությունները տարիներ շարունակ հետևողականորեն աշխատում էին ստեղծել տպավորություն, որ բանակում ողջ սպայական կազմը զբաղված է թալանով, կեղծիքներով և շարքային զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերմամբ: Հիշյալ կազմակերպությունները ստեղծում էին այնպիսի մթնոլորտ, որպեսզի մարդիկ դժկամությամբ ուղարկեին իրենց որդիներին բանակ, առավել ևս Արցախում զինծառայության անցնելու համար:

  • Արցախ

Երրորդ ուղղությունը Արցախն էր: Անհրաժեշտ էր տարածել թշնամանք Արցախի, Արցախն ազատագրած գեներալիտետի, ինչպես նաև արցախահայության նկատմամբ և Արցախը ներկայացնել որպես բեռ, ՀՀ-ում առկա սոցիալական խնդիրները կապել ադրբեջանաարցախյան հիմնախնդրի չլուծված լինելու հետ և օր առաջ ազատվել Արցախից: Այս իմաստով փաստացի մենք կորցրել ենք Արցախը դեռևս 2018 թվականի գարնանը:

Ահա սրանք էին այն հիմնական ուղղությունները, որոնցով զբաղված էր օտարերկրյա գործակալական ցանցը Հայաստանում 1998-2018 թվականներին:

2016 թվականի ապրիլյան պատերազմում հայկական կողմի հաղթանակից հետո, տեսնելով որ Ադրբեջանը պատերազմով անզոր է գրավել Արցախը, արևմուտքի կողմից Սերժ Սարգսյանին, ըստ երևույթին, առաջադրվել է վերջնագիր հետևյալ պայմաններով՝

  • Հրաժարվել հաջորդ ընտրություններին մասնակցելուց (չառաջադրել նույնիսկ սեփական թեկնածու),
  • Փոխել ՀՀ սահմանադրությունը,
  • Իրենց առաջադրած անձին նշանակել տեղական կուրատոր,
  • Չխոչընդոտել առաջիկայում սպասվող ներքաղաքական պրոցեսներին,

            Նշված պայմանների չկատարման դեպքում կկազմակերպվեր ևս մեկ պետական տեռոր (հոկտեմբերի 27), որի արդյունքում, ամեն դեպքում կբռնազավթվեր Հայաստանի իշխանությունը, անգամ արյունահեղության միջոցով:                                                                       Արդյոք ճի՞շտ էր Սերժ Սարգսյանը, համաձայնելով նշված պայմաններին և ներկայացնելով հրաժարական 2018թ. ապրիլի 23-ին, կարծում եմ՝ այո:                                              2018 թվականի գարնանը որևէ բան փոխելն արդեն ուշ էր: Դրա մասին պետք էր մտածել շատ ավելի վաղ՝ 2008/2010 թվականներից սկսած, երբ աշխարհը գնալով դառնում էր ավելի բևեռացված (ընդ որում, միմիանց նկատմամբ թշնամաբար տրամադրված) և 2000-ականների կեսերին իրեն արդարացրած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը այլևս դարձել էր ոչ արդյունավետ: Պետք էր անցնել ընդգծված ռուսական կողմնորոշման (հաշվի առնելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում, ՀԱՊԿ անդամ լինելը, Ռուսաստանից զենքի գնման արտոնություններից օգտվելը, ինչպես նաև ՀՀ տնտեսության մրցունակ լինելը ԵԱՏՄ տարածքում), որը հնարավորություն կտար արմատախիլ անել տարեց տարի ընդլայնվող գործակալական ցանցը, առանց մտածելու արևմուտքի հետ հարաբերությունների վատացման մասին:

Սակայն, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք՝ փաստացի պետականության կորստի շեմին հայտնված Հայաստան, որը վերջին պատերազմում կորցրել է 10.000 քառ. կմ տարածք, մոտ 5000 զոհ և ունի 10.000-ը գերազանցող վիրավորներ, գահավիժող տնտեսություն (15 ՀԷԿ-ի, ՀՀ ամենամեծ ոսկու հանքի, մի քանի այլ հանքերի, ահռելի քանակի ցանքատարածությունների և ջրային ռեսուրսների կորուստ), ընկճված հասարակություն: Ահա ընդհանուր գծերով սա էր վերջին քսան տարվա ընթացքում այն նպատակը, որին հասնելու համար արևմուտքը ՀՀ-ում ստեղծել էր գործակալական ցանց: Պետք է փաստենք, որ նրանք հասել են իրենց նպատակին:                                                                                                                         Այժմ առավել քան կարևոր է մտածել ապագայի մասին՝ աչքի առաջ ունենալով վերջին 29 տարվա ընթացքում կատարած սխալների պատմությունը: Բոլոր պետությունները ունենում են պարտություններ, սակայն, նրանք են շարունակում ապրել, որոնք այդ պարտություններից քաղում են դասեր և կառուցում որակապես նոր պետություն: Արդյո՞ք ունակ ենք հաղթահարել այս պարտությունը և կառուցել նոր որակի պետություն, կարծում եմ՝ այո, բայց դա կախված է յուրաքանչյուրիցս: Եթե մենք, որպես ազգ, ցանկանում ենք ունենալ մրցունակ ու հզոր պետություն և շարունակել ապրել այս տարածշրջանում, ապա առաջիկայում պարտավոր ենք իրականացնել իրական հեղափոխություն, որն առաջին հերթին պետք է լինի արժեքների հեղափոխություն:

Հ.Գ. ՀՀ վտանգված պետականության պաշտպանության և ամրապնդման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝

  • Ազատվել գործող վարչախմբից:
  • Ձևավորել ժամանակավոր կառավարություն պետության ազատ անկումը կանգնեցնելու համար:
  • Բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել արևմուտքի գործակալական ցանցի բոլոր ներկայացուցիչներին:
  • Կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ սահմանադրության մեջ՝ անցում կատարելով պետական կառավարման նախագահական մոդելին:
  • Արգելել այլ երկրներից ֆինանսավովող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը ՀՀ տարածքում:
  • Հնարավորինս արագ վերակառուցել բանակը: Անհրաժեշտ է հրաժարվել խորհրդային բանակի մոդելից:
  • Կոնսոլիդացնել ողջ հայության ներուժը ներդրումներ ապահովելու համար, հակառակ պարագայում հնարավոր չէ փրկել փլուզվող տնտեսությունը:
  • Ռազմարդյունաբերությունը դարձնել տնտեսության լոկոմոտիվ ճյուղերից մեկը՝ ապահովելով մեծ ներդրումներ:

 

 

Սուրեն Ջալալյան                                                                                       

   վերլուծաբան