Հերթական պատմությունս նվիրված է կրկին Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկին՝Ծաղկեվանքին: Վերջերս, շարունակելով բացահայտել մեր երկրի տեսարժան վայրերն, որոշեցի կրկին այցելել Արագածոտնի մարզ: Մարզի մասին գրվել են զանազան պատմություններ, ավանդազրույցներ, հերոսական նովելներ և այլն: Հերթական կանգառս Ծաղկեվանքում էր:
Հասնելով այստեղ նկատեցի, թե ինչպես է մեր երկրի այս հատվածի բնությունը պատկերված ու շրջապատված գեղեցիկ դաշտավայրերով ու լեռների սիմֆոնիայով: Տեղի լեռները կարծես զրույցի բռնկված լինեին միմյանց հետ՝պահպանելով Հայաստան աշխարհը դարավոր թշնամիներից:
Այս գեղեցիկ ներդաշնակության մեջ վեր է խոյանում հնամենի մի սրբատեղի Ծաղկեվանքը կամ ժողովրդի լեզվով ավանդած Սուրբ Վարվառա Կույսի մատուռը: Մի քանի խոսքով ներկայացնեմ սրա պատմությունն ու ավանդությունը:Սա քարանձավում փորած վանք է, Արա լեռան լանջին: Տեղաբնակներն ու մոտական բնակավայրերի բնակիչները հավաքվելով այստեղ, նշում են գրեթե բոլոր քրիստոնեական տոները: Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական գոյություն ունի, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիսոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայ իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։
Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։Բնական քարանձավում գտնվող այս մատուռի ստեղծման մի քանի ավանդազրույց կա:
Ծաղկեվանք կամ Վառվառա Կույսի մատուռը գտնվում է Աշտարակից Ապարան տանող ճանապարհին:
Ա. Քրիստոնեություն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից,Վառվառա կույսը թաքնվում է այս այրի մեջ: Հովիվներից իմանալով աղջկա տեղը,հայրը գտնում է նրան և տեղն ու տեղը նահատակում:Մեռնելուց առաջ Վառվառան անիծում է մատնիչ հովիվներին,որոնք ոչխարների հետ քար են դառնում:Դրա հետ միասին Վառվառան խնդրում է աստծուն,որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողները բժշկվեն:Դրանից հետո քարայրը կոչվում է Ծաղկեվանքի կամ Վառվառա կույսի քարայր:
Բ. Իրեք քուր են ըլե`եղել,իրեքն էլ կույս`Գայրանեն,Շողակաթը, Ծաղիկը: Տրթատ թագավորը ուզըմ է,որ առնի իրեքին էլ,ախչիկները չեն հոժարվում` համաձայնվում,փախչըմ են:Տրթատը կռապաշտ ա էլել,կույսերը`քրիստոնյա:Ըտու`դրա համար էլ փախեր են:Տրթատը ետևից վազեր ա,քարով տվեր ա Գայրանին ու Շողակաթին` սըպաներ ա: Ծաղիկը փախեր ա, էկեր ա բանցըր սարի գլոխը,չոբանի`հովվի կուշտը:Ասեր ա . Չոբան ախպեր, էտևիցս մարթա գալըմ,իմ տեղը չասես,թե որ ասես`քար դառնաս:Տրթատն ու իրա զորք գալըմ են`գալիս են Ղառնիյարաղա գլոխը,չոբանին հարցնըմ են,թե `ախչիկը դոր` ուր փախավ:
Չոբանը ասըմա.Չեմ իմանում: Որ շատ նեղություն են տաըմ` տալիս,ասըմ ա. ՙԼավն էն ա քար դառնամ,քար տանջըվեմ: Ասըմ ա`Ախչիկը վեր էկավ ձորը,մտավ զաղեն`այր:Ասելուն պեստ`ոչխարով,կծոտողով`շներով բանով քար դառավ մնաց:Տրթատն ու զորքը հիչան զաղեն,քթան ախչկան ու սպանեցին,էնտեղ թաղեցին,թողին գնացին:Ծաղիկը սպանվելուց առաչ,ասավ.Իշքան քոռ ըլի,իշքան ծուռ ըլի իմ դուռը գա, լավանա:Ըտուց ետը զաղեն կոչվավ Ծաղկեվանք:Իշքան որ քոռ ու ծուռ ըտու`դրա դուռը էթան`գնան կլավանան, ետ կդառնան:
Գ. Երբ Վառվառա կույսը ճգնելու համար գալիս մտնում է Ծաղկեվանքի քարայրը, տեղացի հայերը սրա բերանին մի դուռ են պատրաստում:
Քյորդալու գյուղից մի թուրք գնում,քանդում է դուռը և շալակով տեղափոխում է տուն,որ գոմի դուռ շինի:Երբ տուն է հասնում,ինչ անում է,չի անում,դուռը մեջքից չի պոկվում:Նրան հասկացնում են,թե սրբադուռը պետք է տանել տեղում կախել,թե չէ`տուն ու տեղ ավերակ կդառնա: Թուրքը դուռը տանում կախում է տեղը և այնուհետև ամբողջ գյուղը ուխտի է գնում ճգնուհուն:Դրանից հետո թուրքերն ու քրդերը հավատալով Ծաղկեվանքի զորությանը`մատաղ են անում: Նշենք, որ այստեղ պատերից անըդմեջ ջուր է հոսում: Այստեղ ջուրը հավաքելու հարմարանքներ էլ կան: Ասում են՝ այս ջրում առկա ցինկն օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները այն «Սուրբ ջուր» են անվանում։Տեղացիների պատմություններից պարզ է դարձել, որ սա Վարվառա կույսի անընդհատ հոսող արցունքներն են և ունեն բուժիչ հատկություն:
Ի դեպ նշենք այն հանգամանքն, որ Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում։ Իսկ մարդիկ այստեղ գալիս են քարանձավի առաստաղից հոսող սուրբ կույսի «արցունքները» հավաքելու ու դրանցով իրենց ցավերը բուժելու հավատով։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Գոհար Գրիգորյանի և Վահրամ Երիցյանի