Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, 2003 թուականէն սկսեալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական յատուկ հռչակագիրով իւրաքանչիւր տարին ձօնած է մեր եկեղեցւոյ, մշակոյթին, հայրենիքին, մեր անցեալին ու ներկային առնչուած արժէքի մը, մտահոգութեան մը կամ դէպքի մը։ Այս ծիրին մէջ, մեր թեմերէն ներս զանազան ձեռնարկներու ճամբով տուեալ տարուան թեման դարձած է մեր ժողովուրդի զաւակներուն ուշադրութեան յատուկ առարկան՝ վերաշեշտելով մեր հոգեւոր ու ազգային պատկանելիութեան հրամայականը։

Մեկնելով Արցախին ներկայացուցած յատուկ կարեւորութենէն, ինչպէս նաեւ վերջին շրջանին պատերազմի հետեւանքով Արցախին շուրջ ստեղծուած մեր խոր մտահոգութենէն, Նորին Սրբութիւնը  2021 տարին հռչակեց «ԱՐՑԱԽԻ ՏԱՐԻ»։

Վեհափառ Հայրապետին հռչակագիրը պիտի կարդացուի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Կիրակի, 10 Յունուար 2021-ին, ինչպէս նաեւ նոյն եւ յաջորդ Կիրակի օրերը՝ մեր բոլոր թեմերէն ներս։

Յայտնենք, որ յիշեալ հռչակագիրին մէջ Արցախի մեր ընտանքիներուն կատարուած օժանդակութեան կոչին որպէս առաջին գործնական քայլ, Վեհափառ Հայրապետը թելադրեց, որ նոր տարուան առիթով մեր ժողովուրդի զաւակները հեռու  մնան տօնախմբութիւններէ եւ այդ առիթով կատարուելիք ծախսերը յատկացնեն Արցախի մեր մանուկներուն։

 

Իր հերթին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում։ 

Վեհափա՛ ռ Տեր
Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական է ու միակամ թե՛ ցավի ու վշտի և թե՛ հաղթանակի պահին՝ լինի Արցախում, մայր Հայաստանում թե Սփյուռքում:
Լիահույս եմ, որ մենք կկարողանանք բոլորս միասին, ապավինելով Աստծո զորությանը, համատեղելով համայն հայության ներուժն ու ջանքերը, հաղթահարել մեր Հայրենիքին պատուհասած այս ահավոր փորձությունը ևս, մեկընդմիշտ շրջել պատմության սև էջը և շարունակել ապրել ու արարել՝ հանուն մեր նահատակների ու ապագա սերունդների:
Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մշտապես Արցախի կողքին լինելու, ըստ ամենայնի աջակցելու ու սատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աստվածահաճո ու հայրենանվեր առաքելությունն՝ ուղղված համազգային խնդիրների լուծմանը, հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու բարգավաճմանը:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքն ու ջերմ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատության ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին,,:
 
orer.eu