Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ֆրանսիայի Սենատի որոշումը որքան էլ իրավական նշանակություն չունենա, ոչ պարտադիր տեսքով լինի կամ պաշտոնական Փարիզի կողմից ճանաչում չենթադրի, այդուհանդերձ ճանաչման  գործընթացին նոր տարողություն է հաղորդում։ 

Առաջին անգամ է, որ ճանաչման օրակարգն ընդունվում է պետության օրենսդիրի բաղադրիչ պալատում, առաջադրանքի կայացման գործընթացը քաղաքային եւ նահանգային մակարդակից տեղափոխելով խորհրդարանական մակարդակ։ Առընթեր շարունակվում է հատկապես եվրոպական քաղաքների բարձրագույն խորհուրդների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման որոշումների կայացման գործընթացը։ 

Պատերազմի թեժացմանն առընթեր պաշտոնական Փարիզը, հատկապես նախագահի մակարդակով հանդես եկավ տարբեր նախաձեռնություններով եւ հայտարարություններով։ Նախագահ Մակրոնն ազդարարեց նոր մեթոդաբանությամբ բանակցություններ ձեռնարկելու մասին, մինչ մարդասիրական հրադադար հաստատելու ֆրանսիական փորձերը ձախողվեցին։ Հայ ժողովրդի ուղղությամբ Ֆրանսիան իր դերը անելու է՝ հրապարակային հանձնառությունն ու Անկարային տարբեր առիթներով մեղադրելու եւ ահաբեկչական տարրերի թափանցումն ապահովելու ամբաստանությունները բաձրաձայն հնչեցին Ֆրանսիայի պաշտոնատարների կողմից։ 

Նախաձեռնություններն ու հայտարարությունները մնացին ապարդյուն։ Հրադադարի հաստատումից հետո Փարիզը հայտարարեց, որ  առաջադրում է Արցախում զինադադարի դրության պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովել։ Պարզ էր ենթատեքստը․ մտահոգությունն այն էր, որ Մոսկվան եւ Անկարան միեւնույն  պայմանավորվածությամբ  այս անգամ կարգավորման գործընթացից դուրս կմղեն Մինսկի խմբի մյուս անդամներին։ 

 

Դրանով չբավարարվելով նախագահ Մակրոնը  հայտարարեց, որ  այժմ իր երկիրը աշխատում է ժառանգության եւ մշակութային հրադադարի շուրջ, Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին պահպանելու եւ վերականգնելու ամբողջ շրջանի  բազմազանության եւ հարստության գանձերը: Այստեղ պարզ է, որ վտանգվածը հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունն է։ Բազմազանության մասին խոսելով Ֆրանսիան միշտ փորձում է միջնորդի իր առաքելությունն ընդգծել եւ վերաշեշտել Մինսկի խմբի ձեւաչափի պահպանումը։ 

Հիմա Մակրոնն ունի Արցախի ճանաչման իրեն հղված կոչի խաղաթուղթը։ Դժվար թե նման քայլի գնա Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում հիմնարար դեր ունենալուց բացի հակամարտության կարգավորման համանախագահող միջնորդ երկիր է։  

Կարգավորման բանակցությունները դեռեւս չեն վերսկսել։ Հատկապես Անկարան ձեւաչափի իրողական փոփոխություն իրականացնելու ճիգի մեջ է։ Պաշտոնական Փարիզի կողմից ճանաչումը՝ ձեւաչափից դուրս ինքնամղման քայլի համազոր կարող է ընկալվել։  

Արցախի ճանաչման խաղաթուղթը միայն Ֆրանսիան չէ, որ կարող է օգտագործել։ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություններով հատկանշվող իրադարձություններին կարող են հակազդել այլ պետություններ եւս․ այդ հակազդեցությունների շարքին  Արցախի  ճանաչումը կարող է դառնալ օգտագործելի գործոն։  

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                                  

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր