Հաագա, 27 նոյեմբերի 2020 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։
Ներկայացված նյութերը քաղված են Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերից և պարունակում են բազմաթիվ հակահայ հայտարարություններ, որոնք դեմ են Նիդերլանդների օրենսդրությանը և անցնում են խոսքի ազատության սահմանները։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան զարմացած է, որ օրինակ Ֆեյսբուքը հանդուրժում է նման արտահայտություններ, նույնիսկ երբ որոշ դեպքերում դրանց մասին զեկուցվել են: Ներկայացնելով այս հայցը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն հարցի շուրջ, որ նման ատելության խոսքի տարածումը, որոնց հեղինակները հաճախ «Գորշ գայլերի» անդամները կամ նրանց համակիրներն են, սպառնում է դառնալ առօրյա սովորություն։
Հաստատ կարելի է ասել, որ վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այդ արտահայտությունները բազմապատկվեցին, ինչն ավելի սրեց արդեն իսկ լարված ազգամիջյան հարաբերությունները։։
Շատ դեպքերում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, որը հերքում են Թուրքիան, ինչպես նաև մեծ թվով Նիդերլանդներում բնակվող թուրքերը և ադրբեջանցիները։ Նույնը կարելի է ասել Գորշ գայլերի ձեռնարկած գործողության մասին։ Նրանք մի քանի շաբաթ առաջ, կիրակի առավոտյան, Ալմելոյում, տուն առ տուն, թռուցիկներ գցեցին հայերի փոստարկղների մեջ, որոնցում մասնավորապես հերքվում էր Հայոց ցեղասպանությունը և դա որակավորում էր որպես «սուտ»։ Ալմելոյում բնակվում են մեծ թվով հայեր, որոնցից շատերը ցեղասպանության զոհերի ժառանգորդներն են և որոնց համար դա ակնհայտորեն ցավալի և զարհուրելի է։
Գիտական շրջանակներում միջազգային կոնսենսուս կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձև)։ Այդ տեսակետը վերահաստատվել է մի քանի բանաձևերով, այդ թվում ՝ 2015-ին և 2018-ին։
Հայատյաց արտահայտությունները և հայերի նկատմամբ բռնություններն ավաղ առօրյա երևույթներ են։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայերի մասին արտահայտությունների ոճը խթանում է այդ կեցվածքը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կարծիքով, աշխարհը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում այս հարցի նկատմամբ, օրինակ երբ այս ամռանը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ պետք է «ավարտել իրենց պապերի գործը», միջազգային հանրությունը նույնիսկ դրան չանդրադարձավ։
Ատելության խոսքը, ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ Նիդերլանդներում դառնում է ավելի ու ավելի սովորական։ Ներկայացնելով այս հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի կասեցնել Նիդեռլանդներում ատելության խոսքի անսանձ աճը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը չմնալ անտարբեր նման արտահայտությունների նկատմամբ և այդ բոլորն այլևս լռության չմատնել։
Առանց ատելության և բռնության նմանատիպ կոչերը դատապարտելու, հնարավոր չէ մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից թուրքերի և ադրբեջանցիների հարաբերությունները թե այնտեղ և թե այստեղ մեղմացնել։