Հրաչուհի Բասենցը դատապարտել է Արցախում Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Լռել չի կարելի. օպերային աստղը դատապարտել է Արցախի դեմ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, որը բնակվում է Գերմանիայում, անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր խոսքն ուղղելով այլազգի լսարանին, ընկերներին ու գործընկերներին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչությունից` երգչուհին նշել է, որ երկար ժամանակ փորձել է զերծ մնալ և քաղաքական թեմաներին չխառնվել, քանի որ համոզված է եղել, որ արտիստների միակ քաղաքականությունը արվեստ, սեր, խաղաղություն և մշակույթ տարածելն է, և ինքն իրավունք չունի մարդկանց ծանրաբեռնել իր և իր երկրի խնդիրներով, բայց սա այլևս միայն իր ու իր հայրենիքի հարցը չէ:
«Լռել այլևս չի էլ կարելի: Մի՞թե արվեստի միջոցով չէ, որ շատ հարցեր ենք լուծում, մի՞թե մենք՝ արտիստներս չենք, որ խաղաղության, սիրո, պատերազմների և ահաբեկչությունների դադարեցման կոչերով ենք մշտապես հանդես գալիս, մի՞թե մենք չենք, որ պիտի չլռենք ու կանգնենք հանուն արդարության և արդարադատության: Փոքր-ինչ ընկճված եմ, ընկճված եմ շատերի լռությունից և չեզոք դիրքորոշումից այն դեպքում, երբ շատերը իմ շրջապատից ամեն առիթով ակտիվ կանգնում են հանուն կենդանիների, ծառերի ու նմանատիպ տարատեսակ խնդիրների պաշտպանության և ստատուսներով ու նամակներով ողողում բոլորիս էջերը: Ընկճված եմ, ներեցեք... Ազգս միայնակ կենաց ու մահու կռիվ է տալիս ու պայքարում է գոյատևելու և ապրելու իր արդար իրավունքի համար, պատերազմում է հազարամյակների մեր սուրբ հողը պաշտպանելու համար և 100 տարի անց նորից կանգնած է բնաջնջման վտանգին դեմ հանդիման»,-նշել է Բասենցը: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ին երկար սպասված առաջնախաղն էր Պուչինիի «Մադամ բատերֆլայ» օպերայում Դրեզդենի Սեմպերօպերի բեմում: Այն շատ հաջող է անցել, շատ մեծ ոգևորությամբ ընդունվել հանդիսատեսի և թերթերի կողմից: Թվում էր, թե պիտի ուրախ լինեի և վայելեի, բայց, ավաղ, ուրախությունս կարճ տևեց:
Հաջորդ առավոտյան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակում սկսվեց արցախա-ադրբեջանական ողջ սահմանագծով: Շատերդ, համոզված եմ, կարդում եք ու գիտեք, որ արդեն մեկ շաբաթ է ծանր պատերազմական դրություն է Հայաստանում և մի փոքրիկ հինավուրց քաղաքակրթություն`լքված բոլորի կողմից, կատաղի մարտեր է մղում իր ապրելու իրավունքի համար և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի փրկության համար, քանի որ այս պատերազմը այլևս միայն Արցախի և Ադրբեջանի միջև չէ, սա Թուրքիայի տեռորիստա-սուլթանական ախորժակի և հայերին բնաջնջելու ծրագիրն է, այն ծրագիրը, որը 1915 թվականին լիովին չհասցրեցին իրագործել`առանց անցյալի ոճրագործությունների համար պատասխան տալու և իր արժանի պատիժը ստանալու»,- շեշտել է օպերային աստղը: Նա ընդգծել է, որ պատերազմի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց ահաբեկիչ վարձկաններով:
Բասենցի համոզմամբ՝ աշխարհը պետք է խոսի այս մասին, քանի որ լռությունը նույն հանցագործությունն է: «Էլի հայերիս կոտորում են ու էլի աշխարհը չեզոք դիրք է գրավել:
Ո՞ւր են ժողովրդավար երկրների օրենքներն ու մարդասիրական դիրքորոշումը, ո՞ւր են իմ ընկերները, ովքեր սիրո խոսքեր էին շռայլում ինձ ու հայերիս, ո՞ւր են իմ ազգով ու ինձնով հիացողները և նրանց վերաբերմունքն ու արձագանքը… Ո՞ւր եք: Չկաք, չեք ուզում խառնվել, բայց մենք պայքարում ենք նաև ձեզ համար, քանի որ ինչպես հայտարարեց մեր երկրի վարչապետը, մենք այլևս «Դեր-Զորի ճամփորդներ» չենք և պայքարելու ենք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար ևս, իսկ մեզ հաղթելու դեպքում թուրքերն անցնելու են դեպի ձեզ»,- նշել է Բասենցը: Հրաչուհի Բասենցը ևս մեկ անգամ խոստովանել է, որ իր համար շատ ծանր է ստեղծված իրավիճակը, բայց պետք է շարունակի երգել, բեմ բարձրանալ և երգել նույն այդ հանրության համար:
«Մարմինս բեմում` հոգիս ու մտքերս սահմանում, իմ հայրենիքում, իսկ ես կերգե՛մ, այո՛: Ես երգելու եմ նաև հոկտեմբերի 11-ին և 24-ին, երգելու՛ եմ, որովհետև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանըի և իմ լավ ընկեր, պատմաբան և հայ-ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ հեռախուսազրույցում նրանք ինձ հորդորեցին երգել` ասելով. «Դու պիտի երգես»: Սիրելիներս, մի՛ եղեք անտարբեր, ասե՛ք ու արտահայտե՛ք ձեր համերաշխությանն ուղղված դիրքորոշումը»,-շեշտել է երգչուհին: Հրաչուհի Բասենցը այժմ Դրեզդենի Սեմպերօպեր հեղինակավոր օպերային թատրոնի առաջատար մենակատարներից է։
Դասական երաժշտության բնագավառի հայ և այլազգի կարկառուն դեմքերից հանրայնորեն իրենց դիրքորոշումն են հայտնել ի նպաստ Հայաստանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Սթիվեն Իսերլիսը (Անգլիա), Ալեքսանդր Չաուշյանը, ջութակահարներ Լևոն Չիլինկիրյանը (Անգլիա), Բորիս Բրովցինը (Ավստիա), դաշնակահարներ Եվգենի Կիսինը (Իսրայել), Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), կոմպոզիտոր Դեն Եսյանը (ԱՄՆ), ալտահարուհի Դիմուտ Պոպպենը (Գերմանիա), դիրիժորներ Ջանլուկա Մարչանոն (Իտալիա), Պոլ էմանուէլ Թոման (Ֆրանսիա) և այլք: