Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Կյանքի 71-րդ տարում վախճանվեց հայ ժամանակակից լուսանկարչության  լուսավոր դեմքերից մեկը՝ Վահան Քոչարը, որը ոչ միայն լուսանկարիչ էր, այլեւ գեղանկարիչ, ձեւավորող, արվեստագետ բառիս ամենաուղիղ իմաստով։

Նրա նման նվիրյալները շատ քիչ են մեր շրջապատում։ Հոր՝ անվանի լուսանկարիչ Անդրանկ Քոչարի թողած ժառանգությունը Վահան Քոչարի  ողջ կյանքի ընթացքում դարձավ ներշնչման անփոխարինելի աղբյուր՝ բացահայտելու ոչ միայն մեր մշակույթը, մարդկանց, հայրենի հողն ու ջուրը, այլեւ մասնագիտությունը՝ լուսանկարչությունը։

Վահան Քոչարը բացի այն որ վարպետ էր իր գործում, նաեւ մեծ երազող էր։ Նա ցանկանում էր հոր երազանքը իրականություն դարձնել, եւ միայն մահվանից մեկ տարի առաջ նրան հաջողվեց իր տանը հիմնադրել Հայ լուսանկարչության թանգարան, ուր տեղ գտան համաշխարհային անուն ունեցող բոլոր հայ լուսանկարիչները։ Անդրանիկ Քոչարը երազել էր նման թանգարան_ինստիտուտի ստեղծման մասին, եւ որդին հոր 100-ամյակին կարողացավ այն իրականություն դարձնել։ Բայց մինչ այդ նա իրականացրեց նմանը չունեցող մի նախագիծ։ Հատ առ հատ հավաքելով ու տպագրելով ,,Հայ լուսանկարիչներ,, ծավալուն պատկերագիրքը, որում առաջին անգամ ներկայացվել էին աշխարհի 500-ից ավելի հայ լուսանկարիչներ։ Սա իրոք բացառիկ հանրագիտարանային աշխատանք էր, որը կատարվել էր մեծ նվիրվածությամբ։

 Հիշում եմ, գիրքը տպագրվել էր 2007 թվականին Երեւանում եւ երկու տարի շարունակ նա չէր կարողանում կազմակերպել գրքի շնորհանդեսը։ Եբր 2009 թվականին ՄԱԿ_ի հրավերով վեց ամսով մեկնեցի Հայաստան նորաստեղծ սփյուռքի նախարարությանը աջակցելու, այդ օրերին Վահանը պատմեց գրքի ոդիսականի մասին։ Ընդ որում գրքի տպագրության ծախսերը հոգացել էր այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, սակայն նրա մահից հետո անհնար էր դարձել գրքի շնորհանդեսի կազմակերպումը։ Տարբեր մակարդակներում խոչընդոտների էր բախվել։ Թվում էր ոչ քաղաքական բնույթի հրատարակություն էր եւ նման վերաբերմունք չպետք է լիներ։ Ես միանգամից օգտվելով Երեւանում գտնվելու հանգամանքից, առաջարկեցի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կազմակերպելու այդ գրքի շնորհանդեսը եւ ցուցահանդեսը, ինչն արժանացավ նախարարի հավանությանը, եւ այն իրականություն դարձավ 2009ի ապրիլի 20-ին Ակադեմիա պատկերասրահում։ Հիշում եմ, որքան երջանիկ էր այդ օրը Վահանը։ Իրականացել էր ոչ միայն իր, այլեւ հոր՝ Անդրանիկ Քոչարի երազանքը։ Այդ օրերին Երեւանում գտնվող աշխարհի տարբեր ծայրերից հայ իրավաբանների ժողովի մասնակիցներն էլ եկել էին ցուցահանդեսի բացմանը, եւ զարմացել հայ լուսանկարչական ժառանգության նման հավաքածուի ներկայացումից։

Բայց Վահան Քոչարի հետ մեր մասնագիտական ու մարդկային ջերմ հարաբերությունների հիմքում ԱԶԳ օրաթերթն էր, որի ստեղծման առաջին օրերից նա իր մասնակցությունն ունեցավ իբրեւ գեղարվեստական խմբագիր, եւ այդ առաջին տարիները ԱԶԳ-ում հավաքված լրագրողական մեծ ընտանիքը շատերիս համար դարձավ  կյանքի ու պրոֆեսիոնալիզմի դպրոց։ Նրա հումորը, կտրուկ եւ դիպուկ խոսքը, արվեստագետի ճաշակը շատերիս համար վարակիչ էր։

Վահան Քոչարը ծնվել էր 1949 թվականի հունվարի 25-ին Երեւանում, եգիպտահայերի ընտանիքում։ Ավարտել էր Կոջոյանի անվան նկարչական դպրոցն ու Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Նրա տարբեր աշխատանքներ արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի , հայ գրահրատարակիչների, Երեւանի մամուլի ակումբի մրցանակներին։

Հայրն ու մայրը 1947 թվականին Եգիպտոսից Հայաստան գաղթելիս ամուսնացել էին նավի վրա։ Հիշում եմ մեր ամսագրին տված հարցազրույցում Վահանն ասում էր, որ իր ծնողներից սովորել է անսահման աշխատասիրություն եւ որ ամենակարեւորն է՝ լինել ՄԱՐԴ։ 1984 թվականին հոր մահից հետո միայն հայտնաբերել էր, որ վերջինս հավաքել է աշխարհի հայ լուսանկարիչներին նվիրված հավաքածու եւ որոշել էր շարունակել հոր կիսատ թողած գործը։ ,,Հայ լուսանկարիչներ,,ի հայերեն հրատարակությունից հետո, բեյրութահայ Մարինա Ներսիսյանը խոստացել էր թարգմանել գիրքը անգլերենի եւ ավելացնել նաեւ այն լուսանկարիչներին, որոնք հայերեն հրատարակությունից դուրս էին մնացել։ Աշխատանքներն արդեն ավարտին էին մոտեցել, եւ նա որոշել էր երկու հատորով նաեւ այդ գիրքը հրատարակել։ Նա անգլերենով տպագրության էր պատրաստում նաեւ աշխարհի տարբեր հայ լուսանկարիչների կողմից հայտնի ղեկավարների դիմանկար- լուսանկարների հավաքածուն։

Քոչարը հանգիստ չէր մնում։ Երեւանից փախչում էր Օշականի ամառանոց-արվեստանոցն ու այնտեղ ստեղծագործում։ Նա նաեւ սիրում էր գեղանկարչությունը, բայց իհարկե, լուսանկարչությունը նրա տարերքն էր։  Հայ արվեստի ու գրականության հայտնի գործիչների լուսանկարների շարքը, որտեղ հայրը՝ Անդրանիկ Քոչարը լուսանկարել էր նրանց երիտասարդ տարիքում, եւ ինքը նույն անհատներին լուսանկարել էր 20-30 տարի անց, համարվում է հայ լուսանկարչության լավագույն շարքերից մեկը։

Այսօր դժվար է պատկերացնել, որ նա այլեւս հրաժեշտ է տվել մեզ եւ միացել իր ծնողներին։ Սակայն հավատացած եմ, որ Վահան Քոչարն այլեւս ողջ է մեր հիշողություններում, մեր մշակույթում, մեր շրջապատում եւ մեր լուսանկարչության պատմության մեջ։ Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի Վահան։

 

Հակոբ Ասատրյան

Պրահա

19.10.2020