Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Արցախյան հերոսամարտի հերոսներից Ալբերտ Հովհաննիսյանի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին, հայտնելով, որ հետմահու նրա որդուն պարգեւատրել է ,,Արիության,, մեդալով։ Ալբերտն այն հերտանավորն է, որի լուսանկարը տհագրվեց աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներում, այդ թվում՝ չեխական բոլոր օրաթերթերում։ Նա դարձավ Արցախում բոլոր մարտնչող հերոսների հավաքական կերպարը, մեր պայքարի ու հաղթանակի խորհրդանիշը։ Տեղեկացնենք նաեւ, որ Ալբերտ Հովհաննիսյանը Սլավոնական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր։
Ստորեւ Արցախի նախագահի գրառումը՝
Սիրելի ՛ Արտակ
Պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում:
Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով:
Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի:
Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին:
Պատի՛վ ունեմ:
Արայիկ Հարությունյան»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ալբերտի հայրը՝ Արտակ Հարությունյանն ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:
Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված:
Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:
Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...
Փա՛ռք մեր հերոսներին»:
Այնուհետեւ նա նեաւ տեղեկացրել է.,,
,,Հարգելի՛ հայրենակիցներ,
Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում:
Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»:
Աստված հոգին լուսավորի։ Փառք անմահ հերոսին։
Հայտնի լուսանկարի հեղինակն է՝ Սիփան Գյուլումյանը։
orer.eu