Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ

 

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։

Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ։

 

 Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը

Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։
Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։
Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։
Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին։
 
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է
 
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը և հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի և այլևս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։
Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին։
 
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը
 
ՀԱՏՈԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՇՈՒՇԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախային հրթիռային երկու հարված են հասցրել հայկական ճարտարապետության պատմական խորհրդանիշներից մեկին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին:
Հրթիռային առաջին հարվածից քիչ անց Ադրբեջանի զինված ուժերը Շուշիի Մայր տաճարին հասցրել են երկրորդ թիրախային հարվածը:
Հարվածների արդյունքում տաճարին պատճառվել է մեծ ավերվածություն:
2. Առաջին հրթիռի հարվածի պահին Մայր տաճարի նկուղում են գտնվել միայն երեխաներ, կանայք ու տարեցներ: Քանի որ առաջին ու երկրորդ հրթիռային հարվածների միջև ժամանակային ընդմիջումը եղել է չափազանց կարճ՝ երկրորդ հրթիռային հարվածի պահին երեխաների, կանանց ու տարեցների մի մասը դեռ եղել է տաճարի նկուղում:
3. Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքները հիմնավորապես վկայում են, որ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ուղղված հրթիռային հարվածն արվել է տաճարին վնաս հասցնելու և նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին դիտավորությամբ մահ պատճառելու, այսինքն՝ սպանելու մտադրությամբ:
4. Հարցն այն է, որ նախօրեին համացանցում հրապարակվել ու լայն տարածում է ստացել լրագրողական տեսանյութ, որում հստակ երևում է, որ տաճարի նկուղում կան երեխաներ, կանայք ու տարեցներ:
Ավելին, կանայք տեսանյութում հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են թիրախային զինված հարձակումներ Շուշի քաղաքի բնակելի տների ուղղությամբ: Այդ պատճառով իրենք ադրբեջանական թիրախային հարվածներից պատսպարվում են հենց տաճարի նկուղում:
Ընդ որում, տեսանյութում խաղաղ բնակիչները նշում են, որ ադրբեջանական հարվածներն այնքան ինտենսիվ են, որ այլ նկուղներում տեղ չկա, որի պատճառով պատսպարվել են տաճարի նկուղում:
5. Սրանից բացի, Մայր տաճարին ադրբեջանական այսօրվա հրթիռային առաջին հարվածից անմիջապես հետո լայնորեն հրապարակվել են տվյալներ, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսանյութ այն մասին, որ հարվածի պահին տաճարի նկուղում եղել են խաղաղ բնակիչներ:
Այս տեղեկությունը հրապարակել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ուշադրությամբ են հետևում:
6. Չնայած սրան, ադրբեջանական զինված ուժերը առաջին հարվածից կարճ ժամանակ անց հրթիռային երկրորդ հարվածն են հասցրել տաճարին:
7. Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական հրթիռներն արձակվել են՝ Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ:
8. Բացի վերը նշվածը, Շուշիի Մայր տաճարին հրթիռային հարվածներ հասցնելու արդյունքում վիրավորումներ է ստացել երեք լրագրող, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կոնֆլիկտային գոտում լրագրողի աշխատանքն ունի լեգիտիմ բնույթ և ռազմական հարձակումների մասին օբյեկտիվ տեղեկություններն աշխարհին ներկայացնելու նպատակ: Դրանից բացի, լրագրողի աշխատանքն ունի իրավապաշտպան նշանակություն ու նպաստում է կոնֆլիկտի կանխարգելմանը:
9. Հատուկ արձանագրում եմ, որ Շուշի քաղաքը մեծությամբ ու խիտ բնակչությամբ Արցախի երկրորդ քաղաքն է՝ խաղաղ բնակավայր: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ հարևանությամբ առկա չէ որևէ զինվորական կամ ռազմական օբյեկտ:
10. Վերը նշվածն ակնհայտորեն վկայում է հրթիռային հարվածներով հայկական պատմական բացառիկ նշանակության մշակութային ժառանգությունն ավերելու ու խաղաղ բնակիչներին, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող միջազգային լրագրողներին սպանելու ադրբեջանական հանցավոր մտադրության մասին:
Այս հետևությունը հիմնավորող հաղորդումը՝ ապացույցներով ու անհրաժեշտ վերլուծությամբ վաղը Մարդու իրավունքների պաշտպանը կուղարկի միջազգային կառույցներին, դեսպանություններին՝ պահանջվող բոլոր ձևաչափերով ու ընթացակարգերին համապատասխան:
11. Սույն հայտարարության գնահատականները հիմնված են սեփական փաստահավաք հրատապ աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստական տվյալների, նրա ներկայացրած ապացույցների, այդ թվում՝ Շուշիի խաղաղ բնակիչների հետ առանձնազրույցների վրա: Հիմք են ընդունվել նաև լրագրողական տեսանյութեր ու այլ ապացույցներ, ինչպես նաև փաստական տվյալներ:
12. Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երևույթների, շարունակվող հումանիտար աղետի վրա՝ այն անհապաղ դադարեցնելու համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
 
orer.eu