Երեկ, Հոկտեմբերի 7 –ին Եվրոխորհրդարանի լիագումար նիստին ընդառաջ Բելգիահայերը Բրյուսելում շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Եվրոմիության հրապարակում բողոքի ցույց կազմակերպեցին , որն առանց չափազանցնելու աննախադեպ էր բելգիահայ համայնքի պատմության մեջ։ Վաղ առավոտից հայերը փակել էին Եվրոմիության հրապարակ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին մանրամասներ է հայտնում Արաքս Սաֆարյանը Բրյուսելից։
Բազմահազար հայեր, հայկական եռագույնը ծածանելով կարծես մարտի էին գնում։ Բրյուսել էին եկել ոչ միայն Բելգիայի հեռու ու մոտ քաղաքներից, այլև Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իսպանիայից։
Հայերին աջակցում էին հունական, քրդական, եզդիների, ասորական համայնքները ։Մեր հայրենակիցներն այս անգամ միտումնավոր էին ընտրել առավոտյան ժամին բողոքի այս ձևը։ Սովորաբար առավոտյան աշխատանքային ժամերին Եվրոմիության կիլոմետրով ձգվող բանուկ այդ տարածքը գերծանրաբեռված է, իսկ երեկ հայերի հոծ բազմությունն առավոտյան ժամը 8 –ից կատվածահար արեց բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները։ Ամենուր երկարաձիգ խցանումներ էին։ Հանրահավաքն իր ծավալներով աննախադեպ արտառոց էր և ակամայից հիշեցնում էր 1988 –ի հայաստանյան բազմամարդ ցույցերը։ Մարտական տրամադրված, վրեժով լեցուն մեր հայերը բռունցք դարձած, հորդորում էին Եվրոպային, որ պայքարելու են այնքան, մինչև Եվրոպան գործնական պատժիչ քայլերի գնա Թուրքիայի դեմ։
Հայերն անընդմեջ վանկարկում էին . <<Էրդողան, Ալիև տեռորիստ>>,<<Հայաստան, Հայաստան>>, <<Ու՞ր ես Եվրոպա … >>, երգելով <<Հայեր միացեք, միացեք հայեր>> համախմբման <<Պայքար, պայքար մինչև վերջ>> կոչեր էին անում… Նախատեսված երկժամյա ցույցը ժամեր տևեց։ Հայերը ճեղքելով ոստիկանական պատնեշը ոտքով մինչև Եվրոխորհրդարան քայլեցին՝ փակելով Եվրոխորհրդարան տանող փողոցները։ Ու չնայած ոստիկանների միջամտությանը , չհեռացան, այլ շարունակեցին Թուրքիային դատապարտող կոչերը։ Հարկադրաբար ոստիկանները ջրցան մեքենաներով փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն հայերը համառորեն չէին հեռանում։
Բելգիահայերը տագնապի մեջ են, գործի են դրվել բոլոր ծայրահեղ ու հնարավոր միջոցներըը՝ հայրենիքին օգնելու համար։
Եվրոխորհրդարանի լիագումար երեկվա նիստին 68 պատգամավորներից միայն 5- են աջակցեցին Ադրբեջանին։
Եվրոպատգամավորների ճնշող մեծամասնությունը շեշտեցին, որ Թուրքիան տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականություն է տանում, ընդգծելով , որ Թուրքիայի ցուցումով Սիրիայից ու Լիբիայից ջիհադիստներ են ուղարկվում հայերի դեմ կռվելու։ Եվրոպատգամավորները կոչ արեցին շտապ և կտրուկ միջոցների գնալ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ու անհապաղ պատժամիջոցներ սահմանել։
,,Առայժմ, ցավոք Ադրբեջանը բանակցություններ սկսելու համար նախապայմաններ է առաջարկում,, , հայտնեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ եվրոհանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելին։
orer.eu