Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վերջերս մի գիրք նվեր ստացա Լոս Անջելեսից, որի հեղինակը իմ լավ բարեկամ Արմեն Ամիրյանն է։ Այն պիես է՝ տրագիկոմեդիա երկու գործողությամբ և կոչվում է «Գենելալի երազը»։ Նախքան այդ էլ գիտեի, որ Արմեն Ամիրյանը, ժամանակավորապես հաստատվելով Լոս Անջելեսում, ակամայից չի կտրվել արվեստի աշխարհից և նա ոչ միայն պիես է գրել, այլև նախապատրաստվում է բեմադրել: Այն մի ընտանիքի հետաքրքիր պատմություն է, ընտանիք, որը հաստատվել է ԱՄՆ-ում, բայց հազար թելերով կապված է մայր հայրենիքի հետ, հայոց հիշողության բոլոր դրսևորումներով, որոնք առնչություններ ունեն հայի ճակատագրի հետ։ Եվ պատահական չէ, որ հեղինակը իր ասելիքի ու գրքի համար բնութագրական բնաբան է ընտրել. «Սա իմ կյանքի պատմությունն է.....Սա մեր բոլորի կյանքի պատմությունն է....»։ Պիեսի առանցքում գլխավոր հերոսն է. ԱՄՆ զինված ուժերի գեներալ, բժիշկ Կարպիս Դրամփյանը և այնպես է ստացվել, որ  ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն(FBI) հարցաքննելով նրա ընտանիքի անդամներին՝ նպատակ ունի պարզելու նրա կյանքի ու գործունեության մանրամասները՝ առանձնապես արցախյան ազատամարտի տարիների հետ կապված, որոնք կարևոր են եղել գեներալի կյանքում։ Իսկ հարցաքննվող ու գեներալի մասին պատմող, նրան բնութագրող հարազատները և մերձավորները, որոնք հավաքվում են մի հարկի տակ, ներակայացնում են ոչ միայն գեներալի, այլև գեներալի կյանքին առնչվող ընտանիքների պատմություններ, որոնք ձեռք են բերում հավաքական կերպարի նշանակություն: Նրանք Լոս Անջելես են եկել տարբեր երկրներից, տարբեր շարժառիթներով՝ ունենալով հային բնորոշ կենսագրական մակնթացություններ ու տեղատվություններ: Բայց պիեսի ամեն մի հերոս հայոց ոգու ու էության արտահայտողն է՝ մեծ կամ փոքր չափով, գեներալի հետ ուղղակի կամ անուղղակի կապերով։ Գլխավոր հերոսը՝ Կարպիս Դրամփյանը հիշեցնում է. «հիմա էլ Երևանում եմ և իր մանկության փողոցներում փնտրում եմ Կարպիս պատանու երազը»։ Կարպիսի տիկնոջ՝ Կարինե-Քերոլայնի համար համար կարևոր է այն, որ բոլորը վստահ ու համարձակ քայլեն Արցախի հողի վրա: Եվ այսպես տարբեր հերոսների միջոցով հյուսվում է հայրենիքի, ընտանիքի և ճակատագրերի  պատմություն, որոնցում ներկայացվում են տարբեր իրավիճակներ ու իրադարձություններ, իսկ դրանցում կարոտ ու սեր, լաց ու ծիծաղ, հայրենասիրության ամենատարբեր դրսևորումներ կան, որոնցից չի կարող հեռու մնալ հայ մարդը՝ ինչպիսին էլ լինի նրա կյանքի իրական պատմությունը։ Հերոսներից ամեն մեկը յուրովի հայրենասեր է, չնայած նրանց պատկերացումներն անգամ տարբերվում են միմյանցից։ Բայց բոլորի հայացքը դեպի մայր հայրենիքն է, քանի որ եթե ուրիշ բան էլ չլինի, նախնիների կանչով այն դեպի իրեն է ձգում անգամ ճակատագրի քմհաճույքներին հանձնված մեր հայրենակցիներին։

Չխորանալով ասելիքի առանձին մանրամասների մեջ՝ նկատենք ու ընդգծենք, որ այս պարագայում դրամատուրգ Արմեն Ամիրյանը մի կողմից թեմայի նկատմամբ քննախույզ մոտեցումներ է ունեցել, իսկ մյուս կողմից էլ ձգտել է կերտել հիմնականում համակրանքի արժանի հերոսների կերպարներ, որոնք եթե ոչ ուղղակի,ապա ենթագիտակցաբար բնորոշվում են ազգային հայրենասիրությամբ՝ առանց որի դժվար է պատկերացնել հայ մարդուն օտար ափերում։

Պիեսը սիրով է ընթերցվում, երբեմն-երբեմն կարիք ես ունենում հետ վերադառնալու ու վերընթերցելու, որովհետև Արմեն Ամիրյանին հաջողվել է տպավորիչ և բազմազան կերպարներ ստեղծել, որոնց մինչև վերջ պետք է ավելացնել սեփական զգացմունքը։ Այդ ամենը ավելի ու ավելի է ամրապնդվում ժամանակակից տեխնիկական հնարավորությունների օգտագործումով, երբ պիեսի բեմադրված ու տեսագրված առանձին հատվածներ՝ այսպես կոչված QR Code-ի միջոցով պատկերացում են տալիս հեղինակի ուղերձների մասին։ Փաստորեն արդեն խաղացած 15 հատվածները մաս են կազմելու բեմադրությանը և արտահայտելու են հեղինակի ասելիքը։

Ինչ խոսք, որ պիեսի ամբողջական բեմադրման գործում իր խանգարիչ դերակատարությունն է ունեցել համավարակը, հակառակ պարագայում ներկայացումը պետք է արդեն բեմ բարձրացած լիներ: Ավելի քան վստահ եմ, որ այն պետք է հուզած լիներ ամերիկահայ հանդիսատեսին, ուր արտահայտված է ամեն մեկի կյանքի պատմությունը՝ տանը աշխատանքում, հանրային միջավայրում, ճամփորդելիս, անգամ հարցաքննվելիս, այլ խոսքով, կյանքի այն բոլոր միջավայրերում, որոնցում ճակատագրի փորձությունների ծիրում հայտնված հայ մարդը՝ գեներալից մինչև կյանքի ուղին նոր բռնել ցանկացող երիտասարդը, չի մոռանում իր արմատները և ինքնությունը։

Ըստ հեղինակի՝ լավ ստեղծագործական թիմ է հավաքվել՝ բեմադրող-ռեժիսոր Վահե Խաչատրյանի գլխավորությամբ, որը ի զորու է հանդիսատեսին հասցնել պիեսի հիմնական ասելիքը և ուղերձները, օրինակ. «Ապրեցինք օտարության մեջ, օտարությունից եկանք էլ ավելի օտարություն....Հայրենիքում ապրելու երազը այդպես էլ մնաց »: Իսկ հանդիսատեսին իրականության փիլիսոփայական ընկալումն էլ կօգնի ճիշտ հասկանալ ժամանակի մարտահրավերները, ու դրանից ելնելով, հստակ, հասցեական ու նպատակային քայլեր կատարել։ Կարծում եմ, որ պիեսի բեմադրության նկատմամբ մեծ կլինի արվեստասերի կամ պարզապես հայ մարդու հետաքրքրությունը, որովհետև իր կերպարն էլ է տեսնելու այնտեղ։

Ընդհանրապես՝ Արմեն Ամիրյանի «Գեներալի երազի» ասելիքի ավելի լայն հանրայնացման նպատակով գուցե հեղինակները կմտածեն ու կստեղծեն բեմադրության կինոտարբերակը, որը թույլ կտա այն հասանելի դարձնել ավելի լայն լսարանի ողջ սփյուռքում ու Հայաստանում՝ չբացառելով, որ թատերական խումբը կարող է և իր բեմադրությունը ներկայացնել տարբեր սփյուռքի գաղթօջախներում ու Հայաստանում։

Բարի երթ ու հաջողություններ մաղթենք թատերախմբին, որ այսպիսի արդիական բովանդակություն ներկայացում է պատրաստում հայ թատերասերի համար և հուզառատ սպասումներ հանդիսատեսին, քանի որ առիթ է ունենալու դիտել առաջին հայացքից սովորական, բայց խոր ասելիքով բեմադրություն:

 

Սերգո Երիցյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր