Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Էստոնիայի միջազգային նկարիչների միությունը հիմնադրվել է 2007 թվականին հայ նկարիչ Արսեն Քլյանի նախաձեռնությամբ: Տարեցտարի այն ընդլայնվել է՝ մասնաճյուղեր ունենալով աշխարհի շուրջ 40 երկրներում: Այն միավորում է բազմաոճ ու բազմաժանր բազմաթիվ արվեստագետների: Սեպտեմբերի 13-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու  հարակից տարածքում  կազմակերպվեց միության 13-րդ ամյա հոբելյանին նվիրված՝ Հայաստանում ապրող ու ստեղծագործող անդամների նկարների «Աստվածային լույսը արվեստում»  խորագրով ցուցահանդեսը: Այն անցկացվում էր Սուրբ Խաչի տոնին, որը ցուցահանդեսին  առանձնակի կարևորություն էր հաղորդում: Ցուցահանդեսը տեղի ունեցավ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աջակցությամբ:

Ցուցահանդեսի գաղափարը աստվածային լույսը գույնի, գծի ու պատկերի միջոցով մարդկանց հաղորդելն էր: Ցուցահանդեսի նպատակն էր՝ վերահաստատել հաղորդակցությունը գեղեցկության հետ և փոխանցել կյանքի ու գույների ներդաշնակության բերկրանքը:

Ցուցահանդեսին մասնակցում էին  վաստակաշատ և շնորհալի նկարիչներ՝ Խաչատուր Ազիզյանը, Մարտին Ակողլյանը, Փայլակ Վանիկյանը, Կայծակ Վանիկյանը, Այսեր Մաթևոսյանը, Քրիստինա Օգանեզզը, Անուշ Բաբայանը, Հերմինե Նավասարդյանը, Տաթև Պետրոսյանը և Լիլիթ Տոնականյանը: Յուրաքանչյուր նկարիչ յուրօրինակ  ոճով արտահայտում էր աստվածային լույսի ընկալումն իր ստեղծագործություններում:

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ողջունեց Էստոնիայի միջազգային միության ցուցահանդեսի նախաձեռնությունը՝  նշելով արվեստի կարևորությունն ու եկեղեցու և արվեստագետների հոգևոր հաղորդակցության ու համատեղ ձեռնարկների ավանդական դարձնելու անհրաժեշտությունը: Տեր Գրիգորը ասաց նաև, որ հաճելի զուգադիպությամբ այդ  օրը լրանում էր իր քահանայական ձեռնադրության 15 տարին և  գրքեր նվիրեց նկարիչներին:

Անուշ Բաբայանը խոսեց  Էստոնիայի միջազգային միության մասին, հայտնեց միության նախագահ Արսեն Քլյանի բարեմաղթանքները: Նա Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին հանձնեց  միության շնորհակալագիրը, իսկ Մարտին Ակողլյանին՝  միության անդամության վկայագիրը:

Ցուցահանդեսի ընթացքում ելույթ ունեցավ հանրահայտ երգիչ, երգահան Վահան Արծրունին: Նրան նվագակցում էր  ֆլեյտահար Նելլի Մանուկյանը: Հնչեցին երգեր «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարից: Կոմիտասյան  բառերով գրված հոգեզմայլ երաժշտությամբ եկեղեցու շուրջ թևածում էր աստվածային լույսը:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սրբազան տարածքում՝ արվեստի միջոցով փոխանցվող աստվածային լույսի շնորհիվ մարդկանց հոգիները լցվել էին  հույսով, հավատով ու սիրով: Աշխարհասփյուռ համաճարակի տագնապը, ինչպես խավարը՝ լույսից, իսպառ ցրվել էր:

 

 

Հ.Նավասարդյան