Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Սեպտեմբերի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի փառատոնի հոբելյանական 10-րդ թողարկմանը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ:
 
Միջոցառմանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր հունգարախոս հայ կաթոլիկ համայնքից:
Փառատոնի բացման մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակի մոտ, որտեղ, դիմելով ներկաներին, դեսպան Մինասյանը ըմդգծեց նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքի ինքնության պահպանման և պատմական Հայրենիքի հետ կապերի խորացման գործում: Այդ համատեքստում, դեսպանը նաև ընդգծեց քույր քաղաքների և մարզերի միջև սերտ համագործակցության հաստատումը, հիշատակելով 2019թ. Հարգիտա նահանգի և Գեորգենի քաղաքի պատվիրակության այցը Լոռվա մարզ:
 
Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը կարևորեց, որ դարեր շարունակ կտրված լինելով Հայաստանից Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքն այսօր շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ պատմական Հայրենիքին նրանց ցուցաբերած բարոյական աջակցությունը:
Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ տեսակոնֆերանս, որին Գեորգենից միացան դեսպան Մինասյանը, Հարգիտայի մարզային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ Հայաստանից՝ Լոռու մարզպետարանի և Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներին տեսաուղերձներով դիմեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան:
 
Փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ներկայացվեցին ցուցադրություններ նվիրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ազգային զգեստներին, հայկական այբուբենին ու տառերին, ինչպես նաև Հայաստանին ու նրա բնակիչներին:
Օրվա ավարտին Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում անցկացվեց դասական երաժշտության համերգ:
 
Սեպտեմբերի 13-ին Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, դեսպանության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աջակցությամբ, բացվեց Կոմիտաս վարդապետին նվիրվաց ցուցահանդես, որը այցելուների համար բաց կլինի երկու շաբաթ:
Փառատոնը լայնորեն լուսաբանվել է տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:
 
orer.eu