Այսօր լրանում է մեր ժամանակների լավագույն արձակագիր-թարգմանիչ, հրապարակախոս ու դրամատուրգ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան 81 ամյակը։ Անվանի մտավորականի մասին ես գրել էի դեռեւս անցյալ տարի՝ նրա 80 ամյակի առիթով, որը տպագրվել էր Երեւանում՝ ,,Գրական թերթ,,ում։
Ստորեւ մեր ընթերցողներին եմ ներկայացնում իմ խոսքը եւ Ալեքսանդր Թոփչյանի վերջին՝ ,,Չարիքի զավակները,, ժողովածուից համանուն պատմվածքը։ Շնորհավորում ենք մեծանուն գրողին եւ մաղթում առողջ ու ստեղծագործ տարիներ։
ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԱՇԽԱՐՀԸ
Դժվար է պատկերացնել հայ գրականությունն ու մշակույթն առանց մեր ժամանակների լավագույն գրականագետ ու հրապարակախոս, վիպասան ու թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի: Դժվար է նաև երևակայել, որ նա արդեն բոլորում է իր կյանքի 80-րդ աշունը:
Ալեքսանդր Թոփչյանի անվանն առաջին անգամ հանդիպել եմ «Գրական թերթի» էջերում` ուսանողական տարիներին: Հետագայում, Հայաստանի անկախացումից հետո, մենք ծանոթացանք, երբ ինքս սկսեցի թղթակցել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը: Այդ ժամանակ նա նույնպես «Ազատությունում» հանդես էր գալիս մեկնաբանություններով: Այսօր կարոտով եմ հիշում մեր հեռախոսային խոսակցություններն ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին քննարկումները: Շատերի մոտ ձևավորված կարծրատիպ կա, թե գրականագետն ու գրողը չի կարող քաղաքականության մասին այնպես մեկնաբանել, ինչպես քաղաքագետները: Ալեքսանդր Թոփչյանն իր ելույթներով փշրեց այդ կարծրատիպը. նա միանգամից գրավեց ռադիոլսողների ուշադրությունը, դարձավ սիրված ձայն «Ազատության» ռուսական ծառայության եթերում: 1988-94 թթ. նա ակտիվորեն գրում էր նաև հայաստանյան, Սփյուռքի ու արտասահմանյան մամուլի համար, ընդ որում` թե՛ հայերեն ու ռուսերեն, և թե՛ ֆրանսերեն: Նրա հրապարակախոսությունն աչքի էր ընկնում յուրահատուկ ձեռագրով:
Որոշակի ժամանակ անց թե՛ ես, և թե՛ ինքը հայտնվեցինք արտերկրում: Մեր ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակվեցին Պրահա-Փարիզ հաճախակի հեռախոսային շփումներով: Անկասկած փարիզյան տարիներն արդյունավետ էին ոչ միայն Թոփչյան գրող-թարգմանչի, այլև ժամանակակից հայ գրականության համար: Չմոռանալով ֆրանսերեն գրականությունից կատարված նրա կատարյալ թարգմանությունները, պետք է հանուն ճշմարտության ասել, որ այդ ընթացքում նա նախևառաջ հարստացրեց իր գրականությունը:
Անցած տարիների ընթացքում բազմաթիվ գրքեր եմ ընթերցել, մի մասը չեմ էլ հասցրել մինչև վերջ կարդալ: Բայց Թոփչյան տաղանդավոր վիպասանի «Եվ անգամ մահից հետո» 600 էջանոց վեպը կարդացել եմ մեկ շնչով, երկու օրում: Մոգական լեզվով և ազդեցիկ սյուժետային հենքով գրված վեպը իրավամբ կարելի է համարել ժամանակակից հայ գրականության գոհարներից մեկը: Ցավալին այն է, որ թեև պետական մակարդակով արժանացավ բարձր գնահատականի, սակայն համընդհանուր տարածում չստացավ: Այնինչ պետք է դպրոցական պարտադիր ընթերցման դասագիրք դառնար, նաև հոլիվուդյան մակարդակի ֆիլմի սցենար կարող էր ծառայել: Հետագայում ծնվեցին նոր գործեր` «Բանկ Օտոմանը», պատմվածքները, սակայն եթե նա միայն Ռուբեն Սևակին նվիրված այդ վեպը գրեր, միևնույն է, պետք է դասվեր հայ դասականների շարքը, առանց որևէ չափազանցության:
Մեր ժամանակների հայ մտավորականության բացառիկ դեմքերից մեկն է Ալեքսանդր Թոփչյանը: Նրա գրական լեզուն, վերլուծական ճկուն միտքը, բարձրաճաշակ մոտեցումը արվեստի ու գրականության ամենատարբեր հարցերին, խորքային գիտելիքները, հանրագիտարանային հիշողությունը և հայ ազգային մտքի շարունակական արծարծումը միայն խորը հարգանքի և ակնածանքի են արժանի:
Անուրանալի է նրա ներդրումը 1970-ականներին «Հայֆիլմ» կինոստուդիայում` իբրև գլխավոր խմբագրի (հայկական լավագույն ֆիլմերը նկարահանվել են այդ տարիներին), «Գարուն» ամսագրում` նրա ներդրումը երիտասարդ տաղանդավոր բանաստեղծների մի ողջ համաստեղության բացահայտման գործում:
Սարդարապատի ճակատամարտի հերոս Ստեփան Թոփչյանի թոռը, Հայաստանի գրողների միության երկարատև նախագահ, ՀԽՍՀ Գերագույն խորհդրի նախագահ Էդուարդ Թոփչյանի որդին` Ալեքսանդր Թոփչյանն իրավամբ շարունակեց իր ծնողների գործը, դարձավ իր երկրին ու ժողովրդին, նրա մշակույթին նվիրված մշակ, ով ուր էլ գնաց, ինչ գործ էլ նախաձեռնեց, միայն հարստացրեց հայկական աշխարհը, միաժամանակ ստեղծելով իր` թոփչյանական բացառիկ աշխարհը:
Ցանկությունս է, որ այդ աշխարհը երկար տարիներ մնա հրաշքների կածանում և մեզ հպարտանալու նոր առիթներ պարգևի:
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
«ՕՐԵՐ» եվրոպական անկախ ամսագրի
գլխավոր խմբագիր
Պրահա
Գրական թերթ, սեպտեմբեր, 2019թ
Ալեքսանդր Թոփչյանի ՙՉարիքի զավակները՚
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԴՈՐԱԴՈ կամ ՉԱՐԻՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Երկիրը ոչ թշվառ էր, ոչ էլ երջանիկ: Ոչ հարուստ, ոչ էլ աղքատ: Դրսից, հեռավոր ու հարուստ երկրներից գալիս էին երբեմն մարդիկ և ասում, թե դուք բախտավոր եք, որ ապրում եք բարեբեր կյանքով: Նույնիսկ ցանկություն էին հայտնում այդտեղ մնալու և հաստատվելու: Իսկ տեղի բնակիչներն էլ, պատահում էր, որ գնում էին ուրիշ, հեռավոր երկրներ, մնում այնտեղ և հրաժարվում վերադառնալ իրենց հայրենիք: Անցնում էր որոշ ժամանակ, և այդ երկիրն էլ չէին հավանում, չէին կարողանում կամ չէին ուզում մերվել տեղի ժողովրդի բարքերին, ուստի գնում էին մեկ ուրիշ երկիր, որտեղ դարձյալ նույն խնդիրներն էին մեջտեղ գալիս:
Անհասկանալի և անբացատրելի էին այդ մարդիկ: Ոչ միայն օտարների, այլև իրենք իրենց համար: Ծնվում էին դժգոհ, ապրում էին դժգոհ և մեռնում դժգոհ: Շարունակ դժգոհում էին իրենց կերածից, իրենց տներից, հարևաններից, օդից, եղանակից, ժամանակից, առօրյայից, շաբաթվա բոլոր օրերից, տարվա բոլոր ամիսներից, կյանքի բոլոր տարիներից… Հետո, բավական էր, որ անցներ մի քանի տարի, և այդ անիծյալ` դժգոհության առիթ տված գրեթե յուրաքանչյուր օրն սկսում էին հիշել անսահման մի կարոտով, քաղցր հուշեր էին պատմում այդ անմոռանալի օրվա յուրաքանչյուր մանրամասնի մասին, թե ինչ խմեցին, ինչ կերան, որտեղ կերան, ում հետ կերան, որքան կերան, թե որքան համեղ էր այդ կերակուրը, իսկ հիմա որքա¯ն անհամ են դարձել միևնույն կերակուրները, միևնույն ռեստորանում, և հատկապես որքա¯ն թանկ… Տե°ր Աստված, այսպես որ գնա, իրենք հետին աղքատն են դառնալու, կորցնելու են ամեն ինչ, և պիտի իջնեն կյանքի հատակը: Ահա ինչու ամեն ծագող օրը դիմավորում էին վախով, թաքնված ատելությամբ, ահագնացող տագնապով: Անցյալն այլևս սարսափելի չէր: Ուստի արջի պես իրենց ներկան թաղում էին հուսահատության և դժգոհության ծանր շերտերի տակ, որպեսզի որոշ ժամանակ անց հանեն և անվնաս հնության կարոտախտով համեմված վայելեն:
Մարդիկ էլ անցյալի մեջ ընդունելի էին և նույնիսկ բարի: Ներկայի թշնամիների, տհաճ արարածների կամ պարզապես խորթացած շրջապատի մեծ մասը նախկինում կարգին, ազնիվ, նույնիսկ հոյակապ մարդիկ էին, նրանք հետո դարձան սրիկա, խաբեբա, ստոր և այլն: Եվ, իհարկե, յուրաքանչյուրն այդպիսի կարծիք էր հայտնում մյուսների մասին: Իսկ ինքը չէր փոխվել, ինքը մնացել էր կատարելության մարմնավորում, փոխվել էին միայն մյուսները և, անշուշտ, դեպի վատը: Եվ քանի որ հասարակության անդամներից յուրաքանչյուրը միաժամանակ ես էր և ուրիշ, ապա ազնիվները և ստորները բաժանվում էին երկու հավասար բանակների, իսկ քանի որ դրականի և բացասականի հավասար քանակներն իրար ոչնչացնում են, այլ խոսքով կարճ միացում է տեղի ունենում, ապա ոչինչ չէր մնում մեջտեղը:
Սակայն դա չէր նշանակում, թե ոչինչն անշարժություն էր, մեռած կյանք: Ընդհակառակը, նրանք ապրում էին բուռն, երկու ծայրահեղ բևեռների միջև ընկած մի կյանքով, որը կարելի էր որակել ուզած բառով, սակայն ոչ անշարժով: Իսկ եթե ճշգրիտ լինենք, դա ավելի շուտ ճոճանակ էր, որ շարունակ աջ ու ձախ էր դառնում, և մեծ ամպլիտուդներով: Թափով գալիս էր դեպի աջ, հասնում բարձրակետին և ասես մի քիչ հապաղում, այնուհետև թափով իջնում գնում էր ձախ, այստեղ էլ մի քանի վայրկյան երանության մեջ հապաղելուց հետո, նորից գալիս էր աջ:
Այդ ճոճանակը գործում էր նրանց երևակայության մեջ, նրանց երազներում: Իսկ իրականում այդպես չէր՝ վեր ու վար, այլ մետաղյա ձողերից անշարժ կախված նավակն էր, իր երկաթյա անհրապույր նստարաններով, որտեղ մարդիկ ահավոր նեղվածքի մեջ, մի կերպ իրար վրա լցված, համբերատար սպասում էին, որ մեկը գա՝ հոսանքը միացնի, և ճոճանակն սկսի շարժվել: Բայց գիտեին, որ դա բացարձակապես անկարելի է, քանի որ նրանցից մեկը գողացել էր թանկարժեք մետաղալարերը և փոխել մի տուփ էժանագին ծխախոտի հետ, որը նույն օրը ծխել դատարկել էր: Մեկ ուրիշն էլ գողացել էր ճոճանակի տոնական վառ ներկը և իր տան ցանկապատը ներկել, մի երրորդն էլ ճոճանակին հատկացվող հոսանքը ծախել էր հարևանությամբ գործող մասնավոր ռեստորանին և, վերջապես, կար չորրորդը, որը ստույգ գիտեր, որ նավակը պահող մետաղաձողերը ժանգոտել ու փտել են, ուստի ամեն վայրկյան գերծանրաբեռնված նավակը կարող է պոկվել և մոտակա անդունդը տանել բոլորին: Գիտեին, սակայն դարձյալ անշարժ նստած, համբերատար սպասում էին, որ մի հրաշագործությամբ, իրենց իսկ ձեռքով վերջնականապես փչացած ճոճանակը պիտի շարժվի, և իրականանա բաղձալի երազանքը:
Ճոճանակի այդ անշարժ վիճակը նրանց առօրյան էր, որն ատելի էր առավել այնքան, որքանով նրանցից յուրաքանչյուրն իր նկատելի լուման էր դրել՝ որևէ հնարավոր շարժում հիմնովին խափանելու ՙգործում՚: Բոլորը նախանձում էին պահակին, որը մի շարք առավելություններ ուներ մյուսների նկատմամբ: Ասենք, ընտանիքի անդամներին, ազգականներին, ընկերներին կամ որևէ պատահական մարդու կարող էր անվճար նստեցնել, մյուսներից կարող էր իր ուզած վճարը գանձել՝ կրկնակին, եռակին, քառակին… որքան ցանկանար, և անիմաստ, եթե չասենք՝ վտանգավոր էր բողոքելը: Դժգոհողներին կարող էր իջեցնել նավակից և անորոշ ժամանակով հեռացնել: Ուստի մարդիկ լուռ վճարում էին պահանջված գումարը և նույնիսկ ուրախանում, որ կրկնակին ուզեց, ոչ թե եռակին կամ քառակին: Չէ որ կարող էր պահանջել, և պիտի տայիր, ուստի բարի է, եթե չարեց, չպահանջեց:
Պահակները երկար չէին մնում այդ պաշտոնին: Ոչ, նրանց գործից չէին հանում: Պարզապես որոշ ժամանակ անց նրանք վաճառում էին իրենց պաշտոնը, ունեցվածքը և ընտանիքով ընդմիշտ մեկնում հեռավոր երկրներ: Որովհետև ամենադժգոհները նրանք էին: Բոլորը նախանձում էին պահակներին, քանի որ երկրում իսկապես քչերն էին, որ նրանց պես բազմազան իրավունքներ ունենային և ապրեին այդպիսի բարեկեցիկ կյանքով: Այնուհանդերձ, ամենադժգոհը նրանք էին: Պահակներից ավելի դժգոհները կային, որոնք անտեսանելի էին մարդկանց և չափազանց բարձր: Սրանց իրավունքներն ու հնարավորությունները պահակների տասնապատիկն ու հարյուրապատիկն էին: Սակայն սրանք ոչ թե դժգոհ էին, այլ սևամաղձ մի ատելությամբ ատում էին ամենին և ամեն ինչ, և իրենց ձանձրույթը ցրելու համար շարունակ գինարբուքների և մոլախաղի մեջ էին: Տաղտուկը հոշոտում էր նրանց, և որքան ավելի էին ձգտում արտառոց բաներով լցնել իրենց պարապ ժամերը, այնքան ավելի էին ձանձրանում: Բարձրադիր մարդիկ անցյալ չունեին և դատապարտված էին իրենց իսկ ձեռքով ստեղծված առօրյայի յուրաքանչյուր վայրկյանը սպանելուն: Նրանք նման էին անբուժելի թմրամոլի, որը գնալով ավելի ու ավելի է գործածում թմրադեղը որպեսզի կարողանա կտրվել սպանող իրականությունից, չասած արդեն, որ նրանցից շատերն արդեն թմրամոլ էին բառի ոչ միայն փոխաբերական, այլև ուղղակի իմաստով:
Մինչդեռ հասարակ ժողովրդի դժգոհությունը ոչ միայն աշխատելու, կյանքի դժվարությունների դեմ մարտնչելու եռանդ էր հաղորդում, ոչ միայն շարունակ բացում էր անցյալի կախարդական դռները և, ժամանակ առ ժամանակ, քաղցր հուշերի հանդեսը ներկայացնում, այլև ավելին՝ հեռավոր, բայց հնարավոր ապագայի սպասումը, տարտամ, բայց անջնջելի հույսը պարգևում:
Այս ապագան պետք չէ շփոթել նրանց հոգին մշտապես կրծող, վաղվա օրվա ցավատանջ մտահոգության հետ: Սա գուցե ապառնի էր, սակայն ապագան չէր: Ապառնին առաջիկա մի քանի օրն էր, շաբաթը, շատ-շատ ամիսը: Այնինչ ապագան ուրիշ բան էր, անկարելի էր բառերով, թվերով, օրացուցային հասկացություններով բացատրել: Դա միայն ժամանակի կատեգորիա չէր, այլև անմատչելի մի երազ, որն անպայման հեռու էր, շատ հեռու, ուրիշ տարածքների վրա, ուրիշ մայրցամաքներում: Իրենց մոտ, իրենց հողի վրա ապագա լինել չէր կարող: Այստեղ առաջիկա տասնամյակները, •ուցեև հարյուրամյակը թաղված էր անել թշվառության անթափանց մշուշի մեջ, ուր եթե փոփոխություն պիտի լինի, ապա միայն դեպի վատը: Եթե նույնիսկ լավ բան ծնվի, չեն նկատի, չեն տեսնի, տեսնելու դեպքում էլ կասեն վատն է, իսկ ավելի ճիշտ՝ այնպես կանեն, որպեսզի որևէ լավ բան մեջտեղ չգա:
Եթե անցյալը դահճի անկեղծ կարոտախտն է՝ իր ձեռքով մորթված զոհերի հանդեպ, ապա հեռավոր երազներում պահպանվող ապագան պարապ ու ատելի կյանքի քավության խոստումն էր, որից հետո կես քայլ էր մնալու դեպի երկնային արքայություն:
Դրանից զատ, հոգու խորքում, երբեմն-երբեմն, այնուամենայնիվ, ծնվում էր չարաճճի, անպատկառ միտքը, որ երանելի անցյալն էլ մի բան չէր: Այսպես թե այնպես, հիշողությունը պահպանում էր մանրամասներ, որոնք անարատ կաթի մեջ ընկած ճանճի պես փչացնում էին ամեն ինչ: Նման դեպքերում երազանքի ամբողջ եռանդն առատորեն ծախսվում էր ապագայապաշտ մղումների վրա, մանավանդ որ գնալով շատանում էին դեպքերը, երբ անմատչելի ապագան հանկարծ դառնում էր տեսանելի ներկա: Այլ խոսքով, երբեմն-երբեմն, ոմանք ապագայից գալիս էին ներկա: Անշուշտ, կարճ ժամանակով: Մարդիկ, որոնք միայն անցյալում էին, սակայն ո°չ կարոտների, այլ թշվառության անցյալում, որտեղից նրանք հեռանալով, միանգամից հայտնվել էին երանելի ապագայում:
Ըստ էության, նրանք չէին գալիս, այլ հայտնվում էին, որպեսզի կարճ ժամանակից հետո ՙվերադառնան՚ ապագա: Հայտնվում էին տեսիլքի նման, և իրենք էլ նման էին տեսիլքի, քանի որ նրանց անցյալ գոյությունն այլևս չկար, ապագան էլ իր հնարավոր նյութականությամբ երկրայինների համար կատարելապես անմատչելի էր:
Բայց որքան էլ տարօրինակ թվա, ամենից անմատչելին ներկան էր: Ապագայից եկածները միս ու արյունով էին, սիրելի հյուրեր էին ուզած ընտանիքում և նրանց համար առատ սեղաններ էին բացվում: Ավելին, նրանք շշմեցնող հաջողություններ էին ունենում ամենագեղեցիկ կանանց և ամենաակնառու տղամարդկանց մոտ: Բոլորը մոռացել էին, որ այսինչ կինը կամ տղամարդը ապագա մեկնելուց առաջ գորշ և անհաջողակ արարածներ էին: Այսպիսով նրանք այլևս անցյալում չկային, ներկայում էլ՝ նույնպես, ուստի նրանց հետ քեֆ անելը կամ պառկելը, երազ տեսնելու պես մի բան էր, որն արթնանալու հետ ցնդում էր:
Սակայն դա չէր նշանակում, թե երազից հետո գորշ առօրյան ավելի է ծանրանալու: Ընդհակառակը, ապագայի մարդկանց կարճատև հայտնություններից հետո, երկրայինները որոշ ժամանակ՝ հաճելի գինարբուքին հաջորդող կիսամշուշի մեջ էին հայտնվում: Դա ապագան հոտոտելու, համտեսելու պես մի բան էր: Դա հույս էր, որ կյանքիդ մեջ մի օր քեզ էլ բաժին կհասնի: Իսկ եթե չհասավ, ապա մեռնում ես՝ հույսը սրտումդ, որ զավակդ կամ թոռներդ օրերից մի օր կվայելեն երանելի ապագան:
Իմիջիայլոց, ներկան գուցե այնքան էլ ատելի չլիներ երկրայինների համար, եթե աներևույթ և անմատչելի այրերը, լրատվության բոլոր միջոցներով չասեին, թե ներկան մեր կյանքի լավագույն պահն է: Ճիշտ է, նրանք պաշտոնապես ընդունում էին, որ ապագան ևս գեղեցիկ պիտի լինի, սակայն մի կարևոր պայմանով. ապագան ուրիշ տարածքներում չէ, ապագան այստեղ է: Եվ այս տեսությունն ամեն օր, ամեն ժամ տարբեր եղանակներով մտցվում էր մարդկանց գլուխը: Երկրացիները ձևացնում էին, թե համաձայն են, բայց ներքուստ ավելի էին ատում իրենց ներկան և ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց երկրում ոչ մի անգամ, ոչ մի դեպքում ապագա չլինի: Ինչպես ցեղական ցուլն են ամորձատում և դարձնում եզ, որից ոչ մի դեպքում սերունդ չի ծնվի, այնպես էլ երկիրն էր ամորձատված: Հիմնովին, անդառնալիորեն, և այնտեղ ապագա չէր կարող ծնվել:
Անմատչելիները հասկանում էին, որ խաբում են ժողովրդին, ժողովուրդն էլ ձևացնելով, թե հավատ է ընծայում այդ խոստումներին, խաբում էր նրանց: Այսպիսով, երկուսն էլ քաջ գիտակցում էին, որ իրար խաբում են, և դրանից ավելի էր մեծանում մեկի ատելությունը և մյուսի դժգոհությունը, և այն աստիճան, որ եթե խոստացված ապագան մի հրաշքով տեղնուտեղն իրականություն դառնար, չէին հավատալու, և պիտի ամեն ինչ անեին, որ վերացնեն, և հատկապես ոչ ոք չիմանար, որ ատելի ներկայի մեջ ապագա է հայտնվել, և որ իրենք ստիպված են լինելու այլևս չատել ու չդժգոհել: Քանզի վաղուց արդեն հանապազօր հացը նրանց ատելությունն ու դժգոհությունն էր, իսկ եթե որևէ մեկի մեջ դեռևս ուժ էր մնացել սիրելու, դրան համարում էին խենթ:
Եվ ծնվեցին Չարիքի զավակները: Այսինքն, նրանք վաղուց էին ծնվել, սակայն ընդհանուր հոգսերի մեջ, աչքից հեռու հասակ էին առնում: Ոչ ոք չէր զբաղվում նրանցով: Չարիքով զբաղվելու կարիք չկա: Նա ինքն է զբաղվում քեզնով: Եվ քանի որ դու չես նրան փնտրողը, այլ ինքը քեզ, ապա մի որոշ շրջան չես նկատում նրա գոյությունը:
Չարիքի զավակները ծնվեցին ատելության սև մաղձի և դատարկված հոգու թունավոր սերմերից: Նրանց ծնունդի պահին Շնորհներից ոչ մեկը չկար, քանի որ բացարձակ խավարի մեջ աշխարհ եկան, իսկ նրանց մայրերը չգիտեին, որ հղի են, ու երբ տեսան, որ ճիվաղներ են ծնել, սոսկացին ու պապանձվեցին: Տղամարդկանցից ոչ մեկը չուզեց նրանց հայրությունն ստանձնել: Նորածինները տխեղծ էին և գարշահոտ: Տհաճ էր նրանց լացը, մարմինը, շարժումները, թոթովանքը, տհաճ էր անգամ նրանց ժպիտը: Նրանց ախորժակն անհագ էր, և որքան ուտում, այնքան ավելի պստիկ ու այլանդակ էին մնում: Եվ ախորժակ ունեին ոչ միայն ուտելիս: Նրանք համոզված էին, որ ծնվել են գեղեցիկ, տաղանդավոր, իմաստուն և արդարամիտ, և որ այսքան արժանիքների հետ բնությունը մեկ հարցում անարդար է գտնվել՝ բախտի նշույլ անգամ չի պարգևել նրանց:
Այնուհանդերձ, իրենց ճղճիմ իրավունքներից կարողանում էին օգտվել հազարապատիկ և ոչ մի պարտավորություն չէին ստանձնում: Անազնիվ վիճաբանողներ էին, հմուտ մատնիչներ և աղմկարար սկանդալիստներ: Ուսուցիչներն աշխատում էին նրանց հետ գործ չունենալ, և առանց դաս հարցնելու միջակ գնահատականներ էին դնում: Սակայն դա ավելի էր լկտիացնում նրանց: Տեսնելով, որ առանց սովորելու կարելի է ինչ-որ բան ստանալ, մտածեցին, թե մի երկու բան այստեղից-այնտեղից փախցնելով և թութակի պես կրկնելով, կարող են ավելի բարձր գնահատականների արժանանալ: Եվ արժանացան: Ավելին, իրենց աղքատիկ գիտելիքներով, կարճ ժամանակում համարվեցին ամենաօրինակելի աշակերտները, իսկ ավելի ուշ՝ փայլուն ուսանողները: Համալսարաններից հետո նրանք արագորեն և հեշտությամբ արժանանում էին գիտական բարձր կոչումների, և նրանցից շատերը դարձան մանկավարժներª պատրաստելով իրենց նման, և ան•ամ իրենցից ավելի վատ ուսանողներ:
Սակայն նրանց ամենասիրած զբաղմունքը դարձավ քաղաքականությունը: Նրանցից մեկը բավական էր, որպեսզի կարողանար մի փոքրիկ երկիր, կարճ ժամանակում, մեղքի և անբարոյության արագահաս փտախտով կործանել: Մինչդեռ նրանք տասն էին, քսանը, երեսունը… Երեկվա ատելության սերմերը դառնում էին այսօրվա ողբերգության պտուղներ: Դեռևս պատանի հասակից թաղվել էին զանազան մեղքերի՝ և հատկապես գողության, հարբեցողության և խաղամոլության մեջ:
Վարպետորդի ստահակներ էին և ճարպիկ խաբեբաներ: Նրանցից յուրաքանչյուրը յոթ սատանա կխաբեր, բայց գերադասում էին գործ ունենալ մարդկանց հետ:
Նրանք համոզված էին, որ ոչ թե իրենք պիտի ձգտեն մարդկային իդեալներին, այլ իդեալը պիտի նմանվի իրենց: Այլ խոսքով, ոչ թե քսան-երեսուն լղրճուկները պիտի ձգտեին հավասարվել մարդկության մի քանի միլիարդին, այլ՝ միլիարդները նրանց: Եվ կարողացան հաջողության հասնել առնվազն իրենց երկրում:
Չնայած նրանք գիտելիքներով երբեք չէին փայլել, սակայն մի հարցում բավականաչափ իրազեկ էին: Չարիքի զավակները լավ գիտեին, որ միայն Աստված ցանկություն չունի, քանի որ Նրա ուզածն անմիջապես կատարվում է: Իսկ մարդն ավելի շատ ցանկություն ունի, քան իրականացնելու կարողություն: Եվ քանի որ չիրագործված ցանկությունները գնալով աճում էին, իսկ կարողությունները նվազում, ապա մարդը տարիների հետ ընկնում էր իր ցանկությունների թակարդը և դառնում դրանց գերին: Ահա ինչու չարիքի զավակները որոշեցին դիմել մարդուն և ոչ թե Աստծուն, և հատկապես ոչ այն Աստծուն, որ նստած է յուրաքանչյուր մահկանացուի մեջ: Եվ նույնիսկ ոչ թե մարդուն, այլ նրա մեջ արթնաց(ր)ած հրեշին: Այն գազանին, որն աճում և մեծանում էր օրավուր բազմապատկվող անզսպելի ցանկություններից:
Նրանք լավ գիտեին երկրայինների դժգոհության և ատելության մասին: Ինչպե՞ս կարող էին չիմանալ իրենց հարազատ ծնողներին: Գիտեին նաև, որ իրենց թանկագին ծնողները բռնված են մի ցանկությամբ՝ ավերել ներկան, թույլ չտալ ոչ մի դեպքում, որ ներկայի մեջ ապագայի սաղմեր ծնվեն: Ահա ինչու երկրայինները ներկան դիտում էին որպես մեկ անգամ գործածվելիք գրիչ կամ հրահան, որն սպառվելուց հետո դեն է շպրտվում: Նրանք համոզված էին, որ ամեն ինչ այդպես է՝ ջուրը, անտառը, օդը, հողը, երկիրը, ամեն ինչ մեկ անգամ, այսօր գործածելու և պետքարանի թղթի պես դեն նետելու համար է: Ներկան տրված է որպես նվեր, իսկ նվերն ինչպես կուզեն, այնպես էլ կգործածեն:
Այսպես մտածելով, նրանք բառացիորեն մի քանի ժամում, մեծագույն վարպետությամբ կմսխեին ու կփոշիացնեին իրենց ներկան՝ իր քար ու ծառով, իր ջուր ու հողով, սակայն անտեսանելիների պարտադրած բարոյականությունը թույլ չէր տալիս: Չէ՞ որ նրանք ասում էին, թե ապագան վաղ թե ուշ գալու է: Պարզապես պետք է համբերել: Շատ չէ: Բայց պետք է համբերել ու սպասել: Եվ աշխատել: Պարտադիր չէ իսկապես աշխատել: Գոնե ձևացնել, թե աշխատում ես:
Երկրացիք անտեսանելիների պարտադրած այս օրենքները համարում էին սրիկայություն: Նրանք դժգոհ էին, որ իրենց ժամանակը մսխում են և ձևացնում, թե աշխատում են: Ուզում էին ընդհանրապես ոչինչ չանել և հայտարարել, թե աշխատում են: Այսպես էին պատկերացնում իրենց ազատությունը:
Նրանք դժգոհ էին, որովհետև ճնշված ու ստորացված էին զգում, որ իրենց իրավունք չի տրվում՝ ազատ, անկաշկանդ, նույնիսկ պաշտոնապես մսխել ներկան: Ճիշտ է, ուզած պահին կարող էին անպատիժ պղծել աղբյուրները, աղտոտել գետերը, թունավորել լճերը, անտառները կացնահարել, օդը ապականել, սակայն ներքին մի արգելք, վատ դրված պրոտեզի պես, խանգարում էր նրանց, նույնիսկ տանջում: Մեղքի հեռավոր զգացումի պես մի բան էր, ինչ-որ տարտամ պարտավորություն, ասես նեղ կոշիկ, որ պատրաստ ես օրը ցերեկով փողոցում հանել, շպրտել մի կողմ և քայլել ոտաբոբիկ: Ծառը կտրում էին և նեղվում, դինամիտով ձուկ էին որսում և նեղվում, աղբը թափում էին փողոցում և նեղվում: Ասել չուզի, թե հոռի արարք գործելուց հետո, անխուսափելիորեն խղճի խայթ էին զգում և անքուն գիշերներ անցկացնում: Բայց, դե մարդ էին, մանկապարտեզ էին գնացել, դպրոց, լավ թե վատ կրթություն ստացել, գրքեր կարդացել, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, թե այսինչ կամ այնինչ բանը չի կարելի անել… Գիտեին, նույնիսկ ուրիշներին էին ասում, թե չի կարելի, բայց իրենք, թաքուն թե բացահայտ, անում էին և հոգեպես ու բարոյապես փոքր-ինչ նեղվում:
Այլևս անկարելի էր այդպես ապրել: Պետք էր ազատվել այդ ներքին` թեկուզ աննշան, թեկուզ չնչին կտտանքներից: Գիտակցության այդ մզզացող ատամնացավից: Պետք էր հմուտ մի բժիշկ, որ ընդմիշտ թմրեցներ նյարդը: Եվ թմրեցված նյարդով, երկրացիք վերջապես, կարողանային ազատ ու երջանիկ ոչնչացնել ներկան:
Եվ Չարիքի զավակները դարձան անթերի ցավազրկողներ:
Նրանք դիմեցին շատ պարզ մի քայլի. հայտարարեցին, որ հիմարություն է նստել ու ապագային սպասել: ՙԱպագան իր տեղում է, նա այստեղ չի գա, - ասում էին նրանք: - Պետք է ինքներս մոտենանք ապագային՚: Իսկ մոտենալու լավագույն ձևը ներկայից դուրս գալն է: Իսկ ներկայից դուրս գալու լավագույն ձևը ներկան ոչնչացնելն է: Վերջնակա՞ն: Անդառնալի: Եվ դա ոչ միայն թույլատրվելու է պաշտոնապես, այլև խրախուսվելու է, նույնիսկ համարվելու է սխրանք: Ավելին, խստագույնս կպատժվեն նրանք, ովքեր գիտակցաբար կխուսափեն կամ չարամտորեն կվիժեցնեն ներկայի ոչնչացման համաժողովրդական գործը: Բնականաբար ազգային հերոսների շարքում կդասվեն նրանք, ովքեր առավել արագ և անշտկելի կոչնչացնեն ներկան:
Պետք է ընդունել, որ մինչև Չարիքի զավակների հայտնվելը, ներկան ըստ էության խարխլված էր: Լուրջ անելիքներ չկային երկրայինների համար: Այնպես որ, կարճ ժամանակում եղած-չեղածը փոշիացնելուց հետո, երկրայիններն զգացին, որ արդեն լիովին պատրաստ են ապագա տեղափոխվելու: Սակայն պարզվեց, որ դա ընդամենը սկիզբն էր:
Հարկ է ճշտել, որ երկրայինների գիտակցության մեջ ոչնչացնել բայն իմաստային տարբեր դաշտեր ուներ: Ասենք, երբ դինամիտով հարյուր կիլո ձուկ էին ոչնչացնում, որպեսզի ընդամենը երկու կիլոն ուտեն, դա շատ արդար և բնական էր համարվում: Սակայն եթե որևէ մեկը նրանց ծառից երկու կեռաս քաղեր, կարող էր լուրջ պատմությունների մեջ ընկնել: Նրանց տրամաբանությամբ ոչնչանում էր այն, ինչն իրենցը չէր դառնում: Ուստի գտնում էին, որ աշխարհը փրկելու մեկ ձև կա՝ սեփականացնել, գրպանը դնել ու հանգիստ լինել աշխարհի ճակատագրի համար: Իրենց երկրի փրկությունն էլ այդպես էին պատկերացնում, և քանի որ երկրայիններից յուրաքանչյուրն այդ կերպ էր մտածում (ՙդու ըլնեիր չէիր անի՞), ապա կարելի է պատկերացնել փրկության համազգային ծրագիրը. յուրաքանչյուրն իրեն տեսնում էր որպես երկրի միակ տեր-տիրականը: Միայն ինքը, մյուսները չեն կարող, անարժան են, ապաշնորհ, գող, խաբեբա, ստոր և այլն… Եթե մի պահ պատկերացնենք, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր թեկնածությունը դներ նախագահական ընտրություններին, ապա ընդամենը մեկ ձայն էր ստանալու:
Հնարավո՞ր էր արդյոք երկրայիններին համոզել, թե նրանք սխալ են: Հնարավո±ր էր միանգամից փոխել դարերի ընթացքում կարծրացած մտայնությունը: Պարզվեց, որ հնարավոր է, և ոչ թե գայլի ավետարան կարդալով, այլ ավելի խորացնելով այդ մտայնությունը: Ինչպես հրդեհն են պայթյունով հան•ցնում: Մեկ աղետը վերացնում մեկ այլ աղետով: Չարիքի զավակներն այս հարցում պարզապես անգերազանցելի եղան:
Տռճեն խոսում էր հուզված և ոգևորված: Նա մեղադրեց անտեսանելիներին, որ տասնյակ տարիներ խաբել են ժողովրդին և թալանել: Այնուհետև ելույթ ունեցավ Փրչոտը: Նա ասաց, թե անտեսանելիները երկիրը ջրի գնով ծախել են օտարներին: Փտուկն էլ հայտարարեց, թե երկրի ջրերն ու անտառները պղծված են: Վերջում ելույթ ունեցավ Թերքաշը: Հիմնական ասելիքը նրանն էր: Միանալով նախորդ հռետորների կարծիքներին, ասաց. ՙՄենք չենք ապրել, մենք գոյություն ենք քարշ տվել… Եկել է ժամանակը երջանիկ կյանքով ապրելուª վաղվանից, այսօրվանից, այս պահից, այս վայրկյանից սկսած՚:
Ճառախոսությունը տեղի էր ունենում կրկեսի հրապարակում: Սովորաբար այստեղ միշտ մարդաշատ էր: Գալիս էին գարեջուր խմելու, էժան խորոված ուտելու, դյուրին կանանց հանդիպելու կամ պարզապես մարդամեջ դուրս գալու: Օրվա բոլոր ժամերին այստեղ ժողովուրդ կար, և իսկական կրկեսը ոչ թե շենքի ներսում էր, այլ դուրսը, ըստ որում` ձրի: Ճառախոսությունն ընթանում էր այստեղ, հավերժական ավարաների, անորոշ զբաղմունքի տեր արարածների, ուրիշի սիգարետը ծխողների և ուրիշի հաշվին սուրճ խմողների, ականջ դնողների, լրտուների կամ պարապ մարդկանց ներկայությամբ: Պատկառելի բանակ էին կազմում նրանք: Չարիքի զավակների բոցավառ ելույթները նրանց սրտովն էին: Երկրացիներն ընդհանրապես աշխատել չէին սիրում, եթե սեփական տունը ոչնչացնելը կարելի է աշխատանք համարել, այնուհանդերձ իրենց օրը ծախսում էին ինչ-որ բանի վրա: Այսպես թե այնպես ջանք էր թափվում: Մինչդեռ այս ավարաները բացարձակապես ոչինչ չէին անում: Լույսը բացվելու հետ նրանց կարելի էր տեսնել սրճարաններում նստած, մխացող սիգարետը բերաններին: Եվ այնտեղ էին մնում մինչև ուշ գիշեր: Մինչև փակվելը: Կարելի էր կարծել, թե նրանց սոսնձել են աթոռներին կամ պտուտագամերով ամրացրել, և երբ սրճարանները փակում էին և աթոռները շուռ տված, չորս կողմից դարսում սեղաններին, ապա այդ պարապ-սարապներն էլ, աթոռի հետ՝ սիգարետը բերաններին, գլխիվայր շրջված, սպասում էին, որ առավոտ շուտ գան և իրենց նորից դարսեն սեղանների շուրջ:
Եվ հիմա, այս մակաբույծները վերջապես տեսական զորավոր հիմք ստացան իրենց փուչ գոյությունն արդարացնելու համար: Զարմանալի ակտիվություն ցուցաբերեցին նրանք՝ արձանների պես անշարժ այդ մարդիկ: Առանց հապաղելու, աշխուժորեն գործի լծվեցին և միանգամից հրապարակեցին մի քանի հրովարտակ, որոնցից առավել ուշագրավը թերևս երկուսն էին` մեկն առնչվում էր, այսպես ասած, հոգևոր ոլորտին, մյուսը` նյութական:
Առաջին հրովարտակը, առաջնորդվելով ներկայի անէացման բարեխնամ և ազգօգուտ գործընթացով, պահանջում էր անմիջապես ոչնչացնել մայրենի լեզվի` մինչ այդ լույս տեսած բոլոր դասագրքերը և հնարավորինս արագ դրանք փոխարինել նորերով, քանի որ այդուհետ բայական խոնարհումներում իսպառ, վերջնական ու անվերադարձ պիտի հանվեր ներկա եղանակը: Պետականորեն թույլատրվում էր կիրառել միայն անցյալը և ապառնին: Գրավոր, թե բանավոր: Ասենք, հյուրերի հետ սեղան նստած, արգելվում էր ասել. ՙԵս ուտում եմ՚: Պետք էր ասել. ՙԵս կուտեի…՚ կամ ՙԵս ուտում էի այս համեղ միսը՚: Չէ՞ որ ներկան այլևս գոյություն չուներ: Վերջնակա՞ն: Անդառնալիորե՞ն:
Ի դեպ, միսը…
Մյուս` նյութին վերաբերող հրովարտակի նախաձեռնողը Թոթոլն էր, որի պարարտ մարմինը և հաստ քամակը մեկ աթոռի վրա չէր տեղավորվում: Հեղափոխության բուռն օրերին էր, որ հեռուստաելույթներից մեկի ժամանակ, համազգային կարգախոսի հանգույն ազդարարեց. ՙՀո հացի համար չենք ապրում՚: ՙՀաց՚ ասելով նկատի ուներ նաև միսը, հավը, ձուկը, ձուն, խավիարը, պանիրը, բոլոր կաթնամթերքները, ոգելից բոլոր խմիչքները, շոկոլադը, սուրճը, խմորեղենը, մրգերը (մանավանդ տարաշխարհիկ) և այդ ամենը ձեռք բերելու դրամական և այլ միջոցները: Նրա կարգախոսի փիլիսոփայական (ի դեպ, նա փիլիսոփայության դոկտոր էր) քվինտէսենցիան էր` հնարավորինս շուտ և արագ թոթափվել ՙստոր նյութից՚, որը բանական մարդուն դարձնում է գետնաքարշ կենդանի, ճղճիմ կրքերի գերի և զրկում ապառնին տենչալու աստվածավայել կարողությունից: ՙԵվ հենց այդ նյութն է, - ասում էր նա, - որ մեզ ստրուկի պես շղթայում է ներկային: Նյութն է, որ պահում է ներկան: Չլինի նյութը, չի լինի ներկան՚:
Եվ Թոթոլն անմնացորդ նվիրվեց նյութի (իմա` ներկայի) ոչնչացման ծանրագույն և ազգանվեր լուծը քաշելուն: Նա եռապատկեց ու քառապատկեց ծամվելիք ու խմվելիք ՙնյութերի՚ անձնական գործածությունը: Իսկ այս տաժանելի պարտականությունից և մանավանդ ՙնյութերից՚ թոթափված հեղափոխական ժողովրդին փոխարենն առաջարկեց ՙապագայի կալորիաների՚ հոգեփիլիսոփայական տեսությունը, որի նպատակն էր մարդուն օգնել հաղթահարելու ՙնյութը՚ և հարակից երևույթները` ներկայից դուրս գալու և ապագային առավել մերձենալու նպատակով:
ՙՀարակից երևույթ՚ ասելով նկատի ուներ նախևառաջ ուտելու պահանջը (ՙվնասակա՞ր սովորույթ՚) և քաղցի զգացումը: ՙՍովը կեղծ կատեգորիա է՚, - ազդարարեց նա: Ուստի ՙկեղծիքից՚ դուրս գալու համար նա հորինեց հատուկ մանտրա, որն օրվա մեջ յոթանասունյոթ անգամ կրկնելու դեպքում մարդիկ ի վերջո հայտնվում էին լեվիտացիայի մեջ և, առավելագույնս, գրեթե շոշափելու չափ, մոտենում ապագային: Եվ այդ մերձեցումը մարդու մարմինը լցնում էր անսպառ կալորիաներով ու մոռացնել տալիս ՙկեղծ կատեգորիան՚:
ՙՆյութի՚ իմաստային ոլորտն ու առարկայական ընկալումներն ընդլայնվեցին, երբ պայքարին միացան Թոթոլի հեղափոխական զինակիցները: Նրանք հատկապես հետաքրքրված էին այն ամենով, ինչ գտնվում էր գետնի տակ: Խլուրդի պես օրնիբուն փորում էին ընդերքը, և ոչ ոք չգիտեր, թե ինչ են հանում այնտեղից և ուր են տանում: Եվ քանի որ երկիրը մեծ չէր, ապա կարճ ժամանակում ներսից իսպառ դատարկվեց և, ասես, դարձավ մի հսկայական փուչ ընկույզ, որի բարակ ՙկեղևի՚ վրա տեղավորված էին գյուղերն ու քաղաքները, գործարաններն ու հիմնարկները և անգամ լճերն ու գետերը:
Երբ արդեն ընդերքն էլ հիմնովին ազատվեց ՙստոր նյութից՚, բոցաշունչ հեղափոխականները տագնապ հնչեցրին. երկիրը կանգնած է աղետի առջև. չորս միլիոն բնակչությունը չափազանց ծանր բեռ է այն բարակ շերտի համար, որի վրա տեղավորված է նյութազերծ երկիրը… Ուստի հրամայական պահանջ դրվեց, որ բնակչության առնվազն կեսը հնարավորին չափ շուտ գնա ապագա, որն, իհարկե, գտնվում էր միայն դրսում, աշխարհի ուզած ծայրում…
Չարիքի զավակները, երկիրը փրկելու հնհնուքով տարված, արեցին ամեն ինչ, որպեսզի այդ երկու միլիոնն անմիջապես հեռանա դեպի բաղձալի ապագա: Նրանք նույնիսկ այնքան ջանասեր եղան, որ երկուսի տեղ, երկուսուկեսը հեռացան` վասն հայրենիքի փրկության: Եվ ասում են, որ շարունակում են հեռանալ…
Իսկ երկի՞րը… Ի՞նչ եղավ երկիրը… Մարդկային զանգվածների ծանր բեռից ազատվելուց հետո փրկվե՞ց…
Երևան, դեկտեմբեր, 1992թ.