Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Արցախում լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը, որի հեղինակն է երիտասարդ գրող, <<Վարդանանք>> թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը: Աշխատությունը նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին։ Գրքի էջերում Արմենակն է` իր հերոսական կերպարով։ Նրան նվիրված հեղինակի էսսեները և էտյուդները նույնպես ներառված են այս գրքում։

Ստորեւ ներկայացնում ենք գրքի հեղինակ Վովա Արզումանկանի հետ կայացած հարցազրույցը։

 

-Ինչպե՞ս ծնվեց Արմենակ Ուրֆանյանին նվիրված գիրք ստեղծելու գաղափարը:

-Քանի որ ես Արցախում եմ ապրում ու այդտեղի զավակ եմ,  իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մեր հերոսներին, ու ոչ մեկին չեմ բաժանում իրարից: Ուզում էի, որ Արմենակի սխրանքն արժանավույն գնահատվի և դա արեց Արցախի նախագահը՝ նրան շնորհելով Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Եվ ես ուրախ եմ, և պարտավորված, որ Արցախի հերոսի կոչումը կրող հերոսի մասին եմ գիրք գրել: Այսպիսի միտք ունեի, որ մեր հերոսներին նվիրված ինչ-որ գիրք լույս ընծայեմ ժամանակի ընթացքում, որպեսզի նվիրեի նրանց հիշատակին, քանի որ նրանց սխրանքի արդյունքն է, որ այսօր մենք կանք։ 2016 թվականի  ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ամեն ինչ փոխեց: Եվ Արմենակն ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, և այդպես էլ որոշեցի նրան նվիրված գիրք գրել, քանի որ նա արդարև լեգենդար հրամանատար էր և լեգենդար մարդ էր նախևառաջ:

-Արդյոք երբևէ հանդիպել եք Արմենակ Ուրֆանյանի հետ: Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք նրա կյանքից։

-Ցավոք, Արմենակի հետ կենդանի շփում չեմ ունեցել, նրա հետ հանդիպել ենք երեքով`ես, երկինքը և գրիչը: Եվ այդպես էլ ծնվեց գիրքը` նրա հետ խոսելով, նրա նկարներին նայելով, հայացքի մեջ ժպիտ որոնելով, ամեն պատմածի հետ վերապրելով ու իսկապես նրա հերոսական կերպարի մեջ հոգեպես լուսավորվելով։ Նրա լեգենդար զինվորական կեցվածքը ինձ ուղեկցեց բոլոր հանդիպումներում՝ երկրից դեպի երկինք:

 -Հակիրճ կներկայացնե՞ք գրքի բովանդակությունը:

- Գրքում տեղ են գտել հարցազրույցներ, իմ հեղինակային էսսեները,էտյուդներ պատմվածքներ, որտեղ Արմենակի մոր զգացմունքներն են և իմ ապրելու և արարելու կամքը` նրա արյունով սրբացված հողում։ Ես իմ խոսքով փորձել եմ ամբողջացնել ու ստեղծել Արմենակի կերպարը, որպեսզի նրան չճանաչողները ճանաչեն ու նրա հոգու անդորրությունը չզգացող մարդիկ զգան:  Ես իմ գրած տողերը վերընթերցելու ժամանակ կարծես նա ինձ այնքան մոտիկ լինի, որ ասեմ. Եվ գրքի վերնագրին էլ կապված է նրա խոսքերի հետ, երբ մի օր նա մորն ասել է. <<Ես քո տղան չեմ, ես բանակի տղան եմ>>:

-Ներկայացնելու ե՞ք գիրքը զորամասերում: Արդյո՞ք կազմակերպվելու է գրքի շնորհանդեսը։

- Այո,  ինձ թվում է  գիրքը մեծ տարածում կգտնի, որովհետև մինչև հրատարակելն էլ շատ էր մարդկանց հետաքրքրվածությունը։ Գրքի շնորհանդեսը կլինի, բայց նախապես չեմ ցանկանում տեղեկություններ տալ։ Ամեն ինչ` իր ժամանակին։ Գիրքը կտարածվի նաև զորամասերում։

-Պատրաստվո՞ւմ եք այն թարգմանել նաև այլ լեզուներով:

-Միանշանակ, այդպիսի միտք ունեմ, և , կարծում եմ, որ դա այդքան էլ չի ուշանա, չնայած լայնածավալ աշխատանք է պահանջում ու շատ պատասխանատվություն։

- Ժամանակը նոր Արմենակներ կբերի՞...

-Արմենակն արդեն Արցախի հերոս է ։ Կարծում եմ, եթե նրա սխրանքի մասին սերունդները շատ կխոսեն։ Արմենակներ կծնվեն, բայց երազում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում։Արմենակը մի անգամ ծնվեց, հերոսացավ ու հավերժ կապրի ...

-Արմենակը , եթե կենդանի լիներ, ի՞նչ կասեիք նրան...

 

-Արմենակը միշտ ապրում է ... « Արմեն, էս դու ինչ հզոր ես , ախպերս...»։ Անցյալով խոսել չի ստացվում, կներեք։

-Օգոստոսի 30-ին դուք դիրքեր այցելեցիք` Արմեն Ուրֆանյանի մայրիկի` տիկին Համեստի հետ։ Ինչպիսի՞ օր ունեցաք։

--Օգոստոսի 30-ը կարելի է համարել պատմական օր Ուրֆանյանների ընտանիքի համար, քանի որ լեգենդար կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հաջորդ օրը մայրն է այցելել առաջնագիծ , որտեղ էլ հերոսացել է Արմենակը։ Լրագրողներիս և զինվորականների ուղեկցությամբ մարտական դիրքում շրջելուց հետո, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` տիկին Համեստն անկեղծացավ. «Կարծես որդիս այստեղ լինի, ես զգում եմ նրա ներկայությունը։ Բայց մի կողմից էլ չեմ հավատում, որ նա էլ չկա»։

Զինվորները հյուրերին սուրճ հյուրասիրեցին, իսկ տիկին Համեստն իր մայրական խորհուրդները հղեց։ Ամեն մի զինվորի հայացքում կյանք կար` հայրենասիրությամբ լեցուն։ Քանի որ դիրքում հերոսացել են մեր տղաները, նրանք սրբությամբ են մոտենում ամեն ինչին։ Կարծես մի գիտակցում է հետապնդում, որ հայրենի հողը միշտ սրբությամբ պետք է պահել ու պաշտպանել։ Նրանք ընկան հայրենիքի համար... Նրանք հայրենիքինն էին... Այդ օրը մեզ հետ նաև ճանաչված ու սիրված լրագրող Լուսինե Զաքարյանն էր, ով 12 տարի է լուսաբանում է բանակային կյանքը։

Գարիկ Ավետիսյան