Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից,Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը։  

Նախագահը հանդիսավոր պայմաններում  պարգևները հանձնեց նրանց ընտանիքի անդամներին:

Պարգեւատրման արարողության վերջում ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
 
«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
 
Արթուր Մկրտչյանի եւ Արմենակ Ուրֆանյանի ընտանիքի հարգարժան անդամներ,
 
Հարգելի ներկաներ,
 
Այսօր կարեւոր եւ խորհրդանշական օր է մեր ժողովրդի կյանքում եւ կրկնակի կարեւոր ու խորհրդանշական՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի: Դեռեւս ապրիլի 14-ին, նախագահական ընտրությունների օրը, քվեարկության գնալուց առաջ ես այցելեցի արցախյան ազգային-ազատագրական շարժման աննկուն մարտիկ, քաղաքական ու պետական գործիչ, Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Եվ որպես յուրատեսակ երդում, խոստացա ընտրվելու դեպքում խոստացա անել առավելագույնը՝ նրա կիսատ թողած գործը շարունակելու, նրա վեհ գաղափարները կյանքի կոչելու եւ մեր բոլորի երազած հայրենիքը կերտելու համար:
 
Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հայորդիների առջեւ:
 
Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով առաջնագծում եւ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը:
 
Հարգելի բարեկամներ, օգոստոսի 27-ին ես ստորագրել եմ հրամանգիր՝ Արթուր Մկրտչյանին եւ  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու, պահեստազորի ենթասպա  Վահրամ Թամրազյաին  եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար սփյուռքահայ հրամանատար  Հովսեփ Հովսեփյանին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:
 
Կարծում եմ, այս պարգեւատրումը խորհրդանշական է նաեւ այն իմաստով, որ իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է հայրենիք, այսինքն՝ Հայաստան-Արցախ-սփյուռք անխախտ կապը: Մենք հաղթել ենք այդ միասնականության շնորհիվ:
 
Եվ պատահական չէ, որ այս հրամանագրերը ես ստորագրել եմ Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, որովհետեւ հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են եւ արժանի գնահատանքի:
 
Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում մեր ժողովրդի հերոս զավակներին, նրանք միշտ մեզ հետ են եւ առաջնորդում են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում: Նրանց կատարծ գործը հայրենասիրության վառ օրինակ է եւ լավագույն դաս հետագա սերունդների համար:
 
Մեր խոնարհումն ենք բերում նաեւ մեր հերոսների ծնողներին, որ դաստիարակել են հայրենիքի նվիրյալներ: Վստահ եղեք, պետությունը միշտ ձեզ հետ է եւ ձեր կողքին:
 
Մեր խոնարհումը նաեւ նրանց, որոնք այսօր էլ շարունակում են իրենց անգնահատելի ներդրումն ունենալ Արցախի զարգացման եւ զորացման գործում: Շնորհակալություն ձեզ:
 
Եվ քանի որ պարգեւատրման այս արարողությունը տեղի է ունենում Արցախի կարեւորագույն տոնի՝ Արցախի Հանրապետության տոնի նախաշեմին, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ վարչապետին»: 

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թ. փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում: 1976թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:1976-1981թթ.  սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:1982թ.  ընդունվել է Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան:1981-1983թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում:1986թ.՝  Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, այնուհետև՝ Հադրութի հայրենագիտական թանգարանի տնօրեն:1988թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի կոչում:1991թ. դեկտեմբերի 28 -ին Ուխտաձորի թիվ 37 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:1992թ. հունվարի 8-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ:Այսպիսով՝ Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձել է նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ Նա անդամագրվել է  ՀՅԴ-ին և 1992 թվականի հունվարին ընտրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։  Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր։  Կյանքից հեռացել է 1992թ. ապրիլի 14-ին: Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 228 հրամանագիր 07.05.2001թ.):

Արմենակ Ուրֆանյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Այդ օրերին արիաբար ու հերոսաբար զոհվեցին մի շարք հայորդիներ և քաջազուններ։ Նշված հերոսների շարքին է դասվում Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Կապիտան Արմենակ Ուրֆանյանը: 

Նա ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Ռուսաստանից վերադառնալուց հետո Արմենակ Ուրֆանյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչումով նշանակում է ստանում։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջնային գծում։2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին է եղավ  Արմենակ Ուրֆանյանի ու նրա շատ զինակիցների համար: Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին կապիտան Արմենակն իր  դասակի հետ: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:Մեր օրերի հերոսը հետմահու արժանացել է ինչպես պետական, այնպես էլ գերատեսչական պարգևների Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախագահների կողմից:

 

Գարիկ Ավետիսյան