Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Չեխական ,, Մարդիկ եւ երկրներ,,  հանդեսի այս տարվա օգոստոսի  համարի գլխավոր թեման նվիրված է Կովկասի փոքր հանրապետություններին՝ Արցախին, Ինգուշեթիային, Հարավային Օսեթիային եւ Դաղստանին։  Հիշեցնենք, որ նույն հանդեսի հունիսի համարը նվիրված էր Հայաստանին, բայց հեղինակները սիրով էին գրել նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին։

,,Արցախի Հանրապետություն. Կովկասի արյունոտ այգին,, հոդվածում իր ճամփորդական տպավորություններով է կիսվել ուսուցչուհի Սառա Օպլետալովան։ Նա աշխատում է Պրահայի գիմնազիաներից մեկում։ Իհարկե , առաջին անգամ եմ հանդիպում չեխական մամուլում, որ Լեռնայի Ղարաբաղը ներկայացվում է Արցախի Հանրապետություն եւ այն էլ հոդվածի վերնագրում։ Բայց չեմ կարող զարմանքս չհայտնել, որ ,,սովորական զբոսաշրջիկ,,  Սառան գեղատեսիլ վայրերով հետաքրքրվելու փոխարեն, գնացել է Աղդամ, ուր լուսանկարել է ադրբեջանցիների կողմից լքված տները, սակայն դրանք ջնջել է տեղի զինվորականների պահանջով։ Իհարկե, հոդվածագիրը անդրադարձ է կատարել պատմությանը, նշելով, որ 1991թվականին Լեռնային Ղարաբաղը, որի 95 տոկոսը կազմում էր հայկական բնակչություն, հռչակել է Ադրբեջանի կազմից իր անկախությունը, թեեւ այն չեն ճանաչել ոչ միայն միջազգային հանրությունն ու Ադրբեջանը, այլեւ Հայաստանը։ Մինչդեռ Արցախի անկախությունը ճանաչել են Հավրավային Օսիան, Աբխազիան եւ Մերձդնեստրը՝ չճանաչված պետությունների ընկերակցությունը։ /Փակագծում չեմ կարող չհիշատակել, որ ինգուշների մասին գրելիս, հեղինակը հիշել է Ստալինի հրամանները, թե ինչպես են չեչեններին ու ինգուշներին Սիբիր քշել, սակայն Արցախի մասին գրելիս ոչ միայն Ստալինի որոշման մասին չի հիշատակում, այլեւ նշում է Խոջալիից հեռացող ադրբեջանցիների վրա հայկական ջոկատների հարձակման մասին, մոռանալով ադրբեջանական վայրագությունների մասին/։

 

Հեղինակը նշում է նաեւ, որ Արցախ գնացողները եթե ստանան մուտքի արտոնագիր, ապա այլեւս չեն կարող Բաքու գնալ, քանի որ Ադրբեջանը դա համարում է իր սահմանային ռեժիմի խախտում, բայց նաեւ նշում է, որ ըստ վերջին տեղեկությունների Արցախ գնալու համար այլեւս մուտքի արտոնագիր պետք չի։

Հեղինակը ուրախությամբ է հիշատակում, որ իրենց լավ են ընդունում Ստեփանակերպում, բայց փողոցներում ավելի շատ են հանդիպում զինվորական համազգեստով մարդկանց։ Ստեփանակերտը աչքի է ընկնում մաքրությամբ, որին կնախանձեին հարեւան Հայաստանում։ Այնուհետեւ քաղաքից դուրս են գալիս եւ ճամփորդում դեպի հյուսիս, ճանապարհին ավելի շատ են հանդիպում լքված տների, որը հեղինակը չգիտես ինչու համարում է, որ դրանք ադրբեջանցիների կողմից լքված բնակավայրեր են։

Հասնում են Զուարի տաք հանքային աղբյուրին, որտեղ տեղացիները սկսում են հյուրասիրել հայկական Արարատ գարեջրով, խորովածով,  հարբած հայ ծերունիներից մեկն էլ շամպուն է լցնում հանքային ջրի մեջ։ Իրենց զգուշացումներին բանի տեղ չեն դնում։ Իհարկե, հետո հրավիրում են ճաշկերույթի եւ չեխուհիները հիացած գրում են հայկական հյուրասիրության մասին։ Ընդունելությունն այնքան հակասական է լինում, որ չեն հասկանում, թե իրենց ինչպես պահեն։ Նույնիսկ գրում է, թե հայկական հպարտությունը սահման չունի։

Այնուհետեւ մի քանի այլ տեսարժան վայրեր այցելությունից հետո, որոշում են այլ ադրբեջանական հետքեր գտնել։ Քարտեզի վրա մզկիթ են գտնում եւ որոշում են գնալ այնտեղ, բայց  հայտնվում են զինվորականների հսկողության տակ գտնվող ավանում, որտեղ ստուգում են իրենց փաստաթղթերը եւ ասում, որ այս շրջանում գտնվելու իրավունք չունեն։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սառան իր ընկերուհու հետ գնացել է Արցախ ոչ թե հայկական պատմաճարտարապետական հուշարձաններով հիանալու , այլ ադրբեջանական հետքեր որոնելու։

Ընդհանրապես, լավ կլինի նման մոլորված զբոսաշրջիկներին նախապես տրվի այն բնակավայրերի ցանկը, թե ուր կարող են նրանք  գնալ։ Չէ՞ որ Արցախը գտնվում է պատերազմ քարոզող Ադրբեջանի հարեւանությամբ եւ պետք է մտածել նաեւ զբոսաշրջիկների անվտանգության մասին։ Միգուցե դա նրանց միտքը փոխի եւ սահմանամերձ շրջաններ չգնան։ Եվ մի խնդրանք էլ Արցախի համապատասխան կառույցներին՝ պետք է հետեւել, որ տեսարժան վայրերին կից տեղացիները ինքնագործունեությամբ  չզբաղվեն եւ գոնե որոշակի վերահսկողություն լինի։ Այլապես եվրոպական ամսագրերում հայտնվում են այնպիսի լուսանկարներ, որոնք հաստատ զբոսաշրջիկների մոտ չեն կարող ցանկություն առաջացնել ճամփորդելու Արցախ։ Տպագրված 6 լուսանկարներից երկուսում՝ Դադիվանքն է ու Զուարի տաք հանքային աղբյուրը, մեկ ամայի լքված գյուղ, մեկ ժանգոտած զրահամեքենա, ոչխարների հոտ եւ  կիսամերկ հայ տղամարդիկ՝ գարեջուր խմելիս  եւ թափթփված սեղանին դրած լավաշն ու բանջարեղենը ճաշակելիս։

Հակառակ Արցախի մասին գրած հոդվածի, Դաղստանի, Ինգուշեթիայի եւ Հարավային Օսեթիայի մասին ճամփորդական նոթերում  չեխ ուսուցչուհին  հիացել էր միայն տեսարժան վայրերով, հյուրասիրությամբ եւ գրել, թե որքան ծանր է մարդկանց  վիճակը ռուսական հովանու տակ գտնվող Հարավային Օսեթիայում։

 

Հ.Ասատրյան

Պրահա

orer.eu