ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին պատասխանում է Հայաստանի ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը
Հարցազրույցը լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2019 թվականի վերջին համարում։
-Սիրելի տիկին Պապյան, 2019 թվականին նշեցինք մեր երաժշտության նահապետներից մեկի` Կոմիտասի ծննդյան 150-ամյակը։ Տեղյակ ենք, որ դուք էլ ակտիվ մասնակցություն ունեցաք տարբեր ձեռնարկների։ Ինչպիսի՞ն էր Ձեզ համար կոմիտասյան տարին։
- Կոմիտասյան տարին նշվեց մեծ, բայց ոչ բավարար շուքով: Երևանում անհատների կողմից եղան բազմաթիվ ձեռնարկներ, համերգներ: Սակայն կառավարությունը ոչ մի լուրջ գիտաժողով չկազմակերպեց, միջազգային մակարդակի երաժշտագետների, քննադատների որևէ հարթակ չտրամադրվեց, էլ չեմ խոսում եզրափակիչ, մեծ հանդիսության մասին, որը պետք է ի մի բերեր կատարված աշխատանքը: Շատ ակտիվ և սրտացավ աշխատանք կատարեցին մեր դեսպանները՝ Տիգրան Մկրտչյանը, Աշոտ Սմբատյանը, Աշոտ Հովակիմյանը, Վարդան Տողանյանը և այլոք: Ես կարծում եմ, որ հայ երեխաներին օրորոցից սկսած պետք է ծանոթացնեն և մոտեցնեն Կոմիտասին:
-Բնական է, միշտ քննադատություն է հնչում, որ այս կամ այն մշակույթի դեմքի հոբելյանը հավուր պատշաճի չի նշվում։ Կարծում ե՞ք, որ նման մեծությունների արժեքը հոբելյանից հոբելյան պետք է կարեւորվի, թե ավելի մնայուն ծրագրեր են անհրաժեշտ թե Հայաստանում, եւ թե արտերկրում։
- Կան մեծություններ, որոնց հոբելյաններին պետք չէ սպասել: Նրանց թողած ժառանգությունից հարկավոր է ՙսնվել՚ ամեն օր: Հոբելյանները լավ առիթ են հանդիսանում՝ ի մի բերելու կատարվածը, մեկ անգամ ևս համոզվելու համար, թե ո՞րն է այս կամ այն արվեստագետի տեղն ու դերը մեր կյանքում, որքանո՞վ է անհրաժեշտ երիտասարդներին նրա ստեղծագործության հետ ծանոթացնելը: Ցավոք, այս տարի, բացառությամբ ՀՊՍՆ-ի, ոչ ոք չհիշեց մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին, որի 90-ամյա հոբելյանը լրացավ անցնող տարում: Փոխարենը Եկատերինբուրգում և Գերմանիայում չմոռացան նրան հիշել և գնահատել:
-Ձեր կապվածությունը Կոմիտասին նոր չէ։ Դեռեւս տարիներ առաջ թողարկեցիք հազվագյուտ մի ձայնասկավառակ, որի մեջ մտան մեծ երգահանի նաեւ գերմաներեն ստեղծագործությունները։ Այս տարի էլ կոմիտասյան ժառանգությունը հարստացրեցիք նոր հրատարակությամբ։ Ո՞րն է այդ հրատարակության արժեքը։
-Ես վաղուց էի փայփայում երազանքը՝ լայն հասարակությանը հասանելի դարձնել Կոմիտասի ՙԳերմաներեն երգերի՚ նոտաները: Խնդիրներ կային հեղինակային իրավունքի հետ կապված: Ուրախ եմ, որ գրեթե 10 տարի անց ինձ հաջողվեց հրատարակել ինը երգերից բաղկացած ժողովածուն: Այժմ երգերի ձայնագրության հետ մեկտեղ կարելի է ձեռք բերել նաև նոտաները: Այն հասանելի կլինի աշխարհի բոլոր անկյուններում, ում կհետաքրքրի Կոմիտասի Բեռլինում ուսանելու շրջանում ստեղծած, իմ կարծիքով չափազանց ինքնատիպ և արժեքավոր երգերը:
-Դուք արդեն հայտարարել եք, որ 2020-ի ամռանը տեղափոխվում եք Հայաստան,որի արդյունքում նոր փուլ է սկսկվելու ձեր կյանքում: Իհարկե, դժվար է մեկ հարցազրույցում ամփոփել օտարության մեջ Ձեր անցած գրեթե 30-ամյա փառահեղ ճանապարհը, որը Ձեզ բերեց նաեւ համաշխարհային ճանաչման։ Սակայն եթե հակիրճ բնութագրեիք այդ անցած ուղին, հատկապես ո՞ր հանգրվաններն էին Ձեզ համար թանկ ու հիշարժան։
- Իրավացի եք, եթե կարճ բնութագրելու լինեմ՝Եվրոպան ինձ տվեց բոլոր հնարավորությունները կայանալու, ինքնահաստատվելու: Գրեթե չմնաց բաց ցանկություն, որը ի կատար չածվեց: Երգեցի համարյա բոլոր երազած դերերգերը ամենահայտնի թատրոններում, ամենամեծ երգիչների կողքին: Շատ բան սովորեցի դիրիժորներից, ինձ նվագակցող դաշանակահարներից: Ճամփորդեցի ողջ աշխարհով, ունեցա մեծ ձեռքբերումներ, եղան նաև հուսահատության պահեր: Սիրելի բեմ մնաց Վիեննայի Շտաատսօպերան, մշակութային կյանքով և ավանդույթներով լի Ավստրիան, ուր միշտ սիրով և կարոտով վերադարձա:
-Հասմիկ Պապյան անունը հայտնի է ոչ միայն իբրեւ ճանաչված մշակութային գործիչ, այլեւ քաղաքացիական ու հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող մտավորական, որը մշտապես բարձրաձայնել է Հայաստանում տեղի ունեցող հոռի բարքերի կամ քաղաքական այլեւայլ վայրիվերումների մասին։ Նույնիսկ շատ հաճախ ձեր տեսակետները կապում են պաշտոն ստանալու կամ չստանալու հետ։ Ձեր կարծիքով, ինչու՞ է մեր հասարակությունն այսքան պարզամտորեն վերաբերում ցանկացած առողջ քննադատության, ցանկացած մտահոգ կարծիքի։ Միթե՞ նման ժողովրդավարության համար էինք պայքարում։ Ի՞նչն է հատկապես մտահոգում Ձեզ։
- Շատ եմ ցավում, որ մարդիկ այն կարծիքի են, որ իմ սրտացավ քննադատությունը պաշտոն չստանալու հետևանք է: Ինձ մտահոգում է մեր երկրի կասեցված առաջխաղացումը, ժողովրդի տարիներ շարունակ չհաղթահարված վախերը, վաղվա օրվա հանդեպ հավատի բացակայությունը:
Ես վստահ էի, որ մենք հզոր և մեծ քայլերով առաջ պետք է շարժվենք: Այնպիսի ներուժ կար մարդկանց մեջ: Ցավոք, ողջ դրական էներգիան և իրենց կյանքը էապես փոխելու պատրաստակամությունը հերթական անգամ մսխվեց: Հույս ունեմ, որ ոչ վերջնականապես...
-Արդեն որոշել եք, թե ինչպիսի՞ գործունեությամբ եք զբաղվելու Հայաստանում։ Գիտեմ, որ որոշ ծրագրեր ունեք։ Կարող ե՞ք մանրամասնել։
-Կարծում եմ, որ իմ բոլոր ծրագրերը այս կամ այն կերպ կապված կլինեն երիտասարդների հետ: Աշխարհի ոչ մի երկրում չեմ հանդիպել այդքան տաղանդավոր, ուսման ծարավ և շնորհալի երիտասարդների, ինչպիսիք որ կան Հայաստանում: Իմ ողջ հույսն ու ապավենը, ինչպես նաև մեր երկրի ապագան՝ նրանք են:
ՕՐԵՐ- 86/ 2019
Լուսանկարները՝ Զավեն Խաչիկյանի