Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։

Վաղ առավոտից ադրբեջանական կողմը սկսել էր ապատեղեկատվություն տարածել սահմանին տիրող լարված իրավիճակի և հայկական կողմի կորուստների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հեռախոսային հաղորդագրության տեսքով հերքել է տեղեկատվությունը: 

 «Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների հետեւանքով մինչ օրս վիրավորվել է 36 մարդ, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանն, ով գտնվում էր կայուն ծանր վիճակում, ապաքինվում է: Նրա մոտ դիտվում է դրական դինամիկա, և կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 30 քրեական գործ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու, Ժնևյան կոնվենցիաների պահանջների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով: 

Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:

.......

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունը հայ֊ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ:

«Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը: Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Երկու երկրների հյուսիսային սահմաններին հուլիսի 13-ից սկսված փոխադարձ հրետակոծություններն արդեն արժեցել են մեկ տասնյակ մահեր, ինչն արդեն-իսկ չափազանց շատ է։ Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ»,-ասված է հայտարարության մեջ:

Խմբակցությունների ներկայացուցիչները վստահ են, որ բախումների վերսկսումն ուղղակի Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի կողմից լարվածության սրման ռազմավարության հետևանք է: «Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքն է պարտադրել՝ հիմնարար ազատությունների զրկում, կաշառակերություն, հովանավորչություն և թալան»։

Հայտարարության մեջ նաեւ ընդգծված է, որ իրավիճակն էլ ավելի է բարդացել թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանն իր տնտեսական առաջընթացի համար հիմնվում է իրավական պետության ամրապնդման և բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները, ինչը վտանգում է նրա էկոլոգիական ապագան։ 

Մինչ Ֆրանսիայի խորհրդարանը համատեղ դատապարտում է ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը, Թուրքիան ակնհայտորեն շարունակում է հակահայկական քարոզչությունը: 

........

Թուրքիայի խորհրդարանը (մեջլիսը) Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կողմնակալ և Հայաստանին մեղադրող հայտարարություն է արել՝ անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել՝ սպառնալով հրթիռակոծել Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն պատասխան հայտարարություն է տարածել, որում Ադրբեջանի նմանօրինակ սպառնալիքները մեկնաբանվում են որպես պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում, որոնք արտահայտում են այդ երկրի ցեղասպան մտադրությունները:  «Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»:

.......

Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ իրենց մտահոգությունն են արտահայտել նաեւ Սփյուռքի հայ հայտնիները:

Ադրբեջանը  տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ պանդեմիայի պայմաններում: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրառմամբ «Instagram»-ի իր էջում կիսվել է ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Ամերիկյան «System of a Down» ռոք խմբի հայազգի վոկալիստ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը գրել է, որ Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:

«Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն և խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին Թավշյա հեղափոխությունն է, որը տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին: Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Իշխանությունը վերցրել է հորից և կնոջը դարձրել է փոխնախագահ: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից»,-ընդգծել է Թանկյանը՝ կոչ անելով կանգնեցնել Ալիեւին:

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր հետեւորդներին կոչ է արել դիմել Կոնգրեսի անդամներին եւ բարձրաձայնել Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի մասին:

«Ադրբեջանն սպառնացել է հարվածել Հայաստանի միջուկային կայանին: Միջազգային հանրությունը պետք է միջամտի և ձեռնարկի քաղաքական, դիվանագիտական միջոցներ՝ կանխելու լարվածությունը և մարդկային կյանքերի կորուստը: Կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին եւ աղոթում են նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանի սահմանին եւ ներգրավված են այս իրադարձություններում», - գրել է Քիմ Քարդաշյանը:

Ռուսաստանաբնակ հայ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ևս անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը: «Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի իրադարձություններին: Հայաստանի այս հրաշալի տարածքն իմ հայրենիքն է: Հենց Տավուշից են հայրական կողմից իմ բոլոր նախնիները: Մի քանի օր այնտեղ մարտեր էին: Թող լուսավորվի զոհերի հիշատակը»,-գրել է հայ շոումենը՝ հորդորելով դադարեցնել Հայոց բանակին ուղղված սադրանքները և  Հայաստանի վրա ցանկացած հարձակում: 

«Այդպես եղել է միշտ, այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»,-  շեշտել է նա:

Հայ օգնության միությունը ևս միացել է ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններին՝ կոչ անելով միջազգային  մարդասիրական համայնքին միջոցներ ձեռնարկել և կանգնել Հայաստանի անմեղ բնակիչների կողքին՝ բարձրացնելու իրազեկությունը ադրբեջանական դաժան հարձակումների վերաբերյալ: 

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը դիրքորոշում ցուցաբերել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիային այս պահին, երբ կառավարություններն ամբողջ աշխարհում փորձում են պաշտպանել իրենց քաղաքացիներին կորոնավիրուսից: Համաճարակը հաղթահարելու համար միասին կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է խաթարել խաղաղությունը տարածաշրջանում՝ դրանով իսկ ստեղծելով անկայունություն»,-ասված է հայտարարության մեջ:

Արևմտյան Միացյալ Նահանգների Համահայկական խորհուրդը (PAC-WUS) և նրա անդամ կազմակերպությունները համերաշխություն են հայտնում Հայաստանի ժողովրդին և նրա Զինված ուժերին՝ ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքներ գործադրելու փորձերին:

PAC-WUS-ը նաև դատապարտում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ ի աջակցություն Հայաստանի գյուղացիների դեմ ադրբեջանական հարձակումներին:

«Թուրքիան և Ադրբեջանը տասնամյակներ շարունակ օգտագործում են Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական մեկուսացման քաղաքականությունը: Այս վերջին հարձակումները հայկական հողերի տարածքային ամբողջականության վրա՝ մենք դիտարկում ենք որպես նրանց կողմից ջանքերի ակտիվացում՝ ուղղված Հայաստանի և Արցախի խաղաղասեր ժողովրդի և աշխարհասփյուռ հայկական սփյուռքի կամքի ու վճռականության խաթարմանը»,-ասված է հայտարարության մեջ:

ՀՅԴ ՀԵՄ-ը դատապարտող նամակներ է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանություններին և ՄԱԿ-ի ներկայացուցչությանը:

Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհուրդը սահմանապահ հայ զինվորին ուղղված զորակցության կոչով է հանդես եկել:

Հուլիսի 18-ին Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կազմակերպվելու է ցույց՝ ընդդեմ պատերազմի: Մոտ օրերս ցույց է նախատեսվում նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև:

 

 

 orer.eu