Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ բերվեց և քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։
Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին ներկայացրեց հուլիսի 12-ից մինչ օրս Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև՝ դրան նախորդած Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմական բնույթի զարգացումները, որոնք ակնհայտ վկայում են, որ հուլիսի 12-ին սկսած հարձակումը նախապես ծրագրավորված գործողություն է։
«Ադրբեջանի նախագահը, ով հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային իր նկրտումներով, մասնավորապես մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, ով մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձավ ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանը ունակ է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։
Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը։ Մենք այն դիտարկում ենք որպես գործիք այդ երկրի իշխանությունների ձեռքին՝ արտաքին թշնամու դեմ հասարակությունը համախմբելու, ներքին խնդիրներից՝ բռնապետական կառավարում, էնդեմիկ կոռուպցիա, մարդու իրավունքների առումով խայտառակ պատկեր, հիմնարար ազատությունների համատարած ոտնահարում, ուշադրությունը շեղելու համար»։
Դեսպան Արմեն Պապիկյանը նաև նշեց, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, երբ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնսիկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ, ինչպես բնակելի տներին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեսպանը հատուկ ընդգծեց Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։ «Քաղաքացիական բնակչության և ենթկառուցվածքների միտումնավոր թիրախավորումը առաջին անգամ չէ որ կիրառվում է Ադրբեջանի կողմից։ Մենք դրան ականատես ենք եղել տարիներ ի վեր, մենք դա տեսանք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի կողմից իրագործվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորում․ քաղաքականություն, որն Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի այս վարքագիծը պետք է աներկբա դատապարտվի, և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է կրի դրանց ամբողջ պատասխանատվությունը»։
Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ առաջին անգամ չէ որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում, դրանով իսկ վտանգելով իր իսկ քաղաքացիական բնակչությունը. «Նման դատապարտելի մարտավարությունը ևս նորություն չէ՝ այն օգտագործվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում իր իսկ սեփական ժողովրդի ապահովությունը և անվտանգությունը, ուր մնաց Հայաստանի և Արցախի ժողովրդինը»։
Այնուհետև Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարություն անելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի գործընկերներ և բարեկամ երկրների համապատասխան արձագանքի համար։
Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձավ Թուրքիայի կողմից արված հայտարարություններին, դրանք գնահատելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղիղ խրախուսում, ինչը ներկայիս լարված իրավիճակում բացարձակ անպատասխանատու և անընդունելի է։
Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանի սահմանին այս լարվածությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ձևավորելու, ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորության սպառնալիքը, ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի՝ տեղում գործող միակ միջազգային ներկայության մշտադիտարկման կարողությունները։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ժողովուրդների միջև վստահության, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված նախաձեռնությունները միակ հնարավորությունն է ապահովելու կայունությունը տարածաշրջանում։
ORER.EU