Իրավիճակը սահմանին (16:00-20:00)
- Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորված հրետակոծում է հայկական սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ականանետներ և ծանր հրետանային տեխնիկա՝ «Դ-30 հաուբիցներ»։ Գնդակոծվել են Բերդ, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Մովսես, Չինարի և այլ սահմանամերձ համայնքներ։ Վնասվել են բնակելի տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բերքատու այգիներ ու ծառեր։
- Տավուշի մարզի Այգեպար գյուղի նորոգված մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Երևանի համայնքային միջոցներով կնորոգեն մանկապարտեզը։
- Հակառակորդի թնդանոթային համազարկից հետո Չինարի համայնքում հայտնաբերվել են չպայթած արկեր։
- Հրետակոծության տակ գտնվող համայնքների բնակիչները չեն լքել իրենց տները։ Նրանք պատսպարվում են ապաստարաններում և նկուղներում։
- Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ հուլիսի 17-ից նորոգելու են վնասված տները, կկառուցեն նորերը։ Ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի վնասների գնահատման հանձնաժողով։
- Քաղպաշտպանության զինծառայողները Տավուշի մարզում են։ ԱԻՆ ծառայողները ապահովում են հրետակոծվող գյուղերի բնակիչների անվտանգությունը, վերացնում են հրդեհներն ու ավերածությունները։
- Ադրբեջանի Զինված ուժերի հարվածային ԱԹՍ-ը հարվածել է Հայաստանի ԱԻՆ մեքենային: Զոհեր չկան։
- Տավուշում սահմանամերձ համայնքների, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների գնդակոծության առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը երկու միջանկյալ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որոնք քննվելու են արտահերթ ընթացակարգով։
- Հայկական կողմի թույլտվությամբ ադրբեջանցիները միջդիրքային տարածությունից տարհանել են իրենց զոհերի դիակները։
- Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ 47-ամյա Արամայիս Հովակիմյանը։ Նրա մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր:
- ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացուն վերադարձնելու համար։ Պարզվել է, որ Նարեկ Սարդարյանը կորած անասուններին որոնելիս մոլորվել է և անցել ԱՀ Նախիջևանի տարածք:
- Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, որ կարող են հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում:
Քաղաքական արձագանք
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը: Կառավարության ղեկավարն իր ելույթում նշել է, որ պետք է ամուր կանգնել այս հողի վրա, քանի որ այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները։ Նրանք մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս։
- Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձել են Ազգային ժողովի պատգամավորները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահը դժգոհել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչերի աշխատանքից։ Պատգամավորն ընգծել է, որ սա նշանակում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ԱԺ խորհրդարանական դիվանագիտության փայլուն ու արդյունավետ աշխատանք են կատարել։
«Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ և Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, կարող եմ ասել, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը, համայնքները, Հայ եկեղեցին, Հայ դատի հանձնախումբը միահամուռ կերպով աջակցել են թե՛ ինձ, թե՛ մեր գործընկերներին, և վերջին շրջանում Կիպրոսի ու Հունաստանի կողմից հնչող ի սատարումն ՀՀ և հայ ժողովրդի հայտարարությունների՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ համախմբվել են մեր շուրջ և արդյունքները տեսանելի են»,- հայտարարել է Մխիթար Հայրապետյանը:
- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հայտարարել է, որ հայաստանաբնակ տասնյակ եզդիներ պատրաստ են մեկնել սահման։
- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում են։
Միջազգային լրահոս
- Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը կարգավորելու համար։ Նա հավաստիացրել է, որ ցույց կտան ռուսական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն կարգավորեն ներկայիս սահմանային հակամարտությունը, այլեւ բարելավվեն Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունները:
«Ռուսաստանը նման հնարավորություններ ունի, մենք դրանք արդեն օգտագործել ենք, այդ թվում՝ 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերջին բռնկման ժամանակ: Վստահ եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կօգտագործվեն»,- ասել է նա ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում:
- Ադրբեջանի նախագահը Էլմար Մամեդյարովին ազատել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահը խիստ քննադատել է Մամեդյարովին, որովհետև չէր կարողացել գտնել նրան, երբ սահմանային իրավիճակը սրացել էր։ Նրա փոխարեն Արտաքին գործերի նախարար է նշանակվել է 47-ամյա Ջեյհուն Բայրամովը։ Մինչև այդ նա զբաղեցնում էր Կրթության նախարարի պաշտոնը։
- ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն ասել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակաբար կիրառվող բռնությունը պետք է դադարեցվի։
Մանիպուլյատիվ
- Ադրբեջանական քարոզչական az լրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել, թե Տավուշի սահմանային հատվածում զոհվել է 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանը։ Կայքը տեղադրել է նրա զինվորական համազգեստով լուսանկարը։ Կեղծ տեղեկությանը արձագանքել է Նարեկ Պետրոսյանը և հայտնել, որ իր «մահվան» մասին լուրին ծանոթացել է համացանցից։ Սկզբում զարմացել և զայրացել է, հետո հասկացել՝ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, որի «զոհն» այս անգամ դարձել է հենց ինքը։
- Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տարածել, թե խոցել են Հայաստանի Զինված ուժերին պատկանող «X-55 ԱԹՍ»։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդը չի խոցել նման ԱԹՍ, քանի որ ՀՀ ԶՈՒ զինանոցում նման ԱԹՍ չկա։
- Ռուսական և ադրբեջանական որոշ կայքեր կեղծիք են տարածում խոցված «Elbit Hermes 900 ԱԹՍ»-ի մասին, թե տեսանյութում խոցվողը ոչ թե ադրբեջանական ԱԹՍ է եղել, այլ՝ քաղաքացիական ինքնաթիռ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայկական զինված ուժերը խոցել են իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք։
- Սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր տարածում են կամավորների հավաքագրման կոչեր։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հորդորում է չվստահել և չտարածել նման կոչեր, քանի որ դրանք ինքնաբուխ են կամ արվում են ադրբեջանցիների կողմից՝ կոտրված հայկական էջերով։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչ է արել կամավորական խմբերով չմեկնել Տավուշ, ավտոերթեր չկազմակերպել։
- ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով Ֆեյսբուքում բացվել է կեղծ էջ, որը ապատեղեկատվություն է տարածում։ Կեղծիքը բացահայտելու համար պետք է ուշադրություն դարձնել «verified » տարբերակիչի բացակայությանը։
- Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ զինծառայողներն իբրև դժգոհում են սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։ Իրականում սա հակառակորդի ծրագրված սադրանքն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում խուճապ տարածելու համար։
Մեդիալուսաբանում
- Հակառակորդը հրետակոծել է Այգեպար գյուղը։
- Այգեպարի բնակիչը` մանկապարտեզի հրետակոծության մասին։
- Այգեպարի մանկապարտեզը մեկ շաբաթ առաջ և այսօր (լուսանկարներ)։
- Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարի գյուղի հացի փուռը և հարակից տունը:
- Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:
- Հայկական կողմի թույտվությամբ ադրբեջանցիները միջդիրքային տարածությունից տարհանում են իրենց զոհերի մարմինները։
- Վարչապետը այցելել է վիրավոր զինծառայողներին։