Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ
Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։
Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։ Սուրբ առաքյալը համարվում է բժիշկների հովանավորն ու բարեխոսը։
Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսության հայցով իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված համավարակի դժվարին պայմաններում իրենց աստվածահաճո ծառայությունը բերող բժիշկների ու բուժաշխատողների պահպանության, անվտանգության և անձնվեր գործունեության արդյունավորման համար։
Արարողությանը ներկա էին մի շարք բժշկական հաստատությունների ղեկավարներ, բժշկական կենտրոնների COVID-19 կլինիկաների պատասխանատուներ և բժիշկներ։
Օրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց համայն մեր ժողովրդին և ի մասնավորի բժիշկներին ու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Սիրելի հավատավոր հայորդիներ,
Աղոթական ոգով Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքով օրհնության արարողություն կատարեցինք՝ հայցելով Տիրոջ զորակցությունը համավարակի տագնապալի փորձությանը դիմագրավող աշխարհին և մեր ժողովրդի զավակներին։ Առանձնաբար Բարձրյալի օգնությունը և պահապանությունը խնդրեցինք դժվարին այս օրերին ծանրագույն պատասխանատվության ներքո աշխատող բժիշկներին ու բուժաշխատողներին։ Մեր սրտի փափագն է մասնավոր այս արարողությամբ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և բարձր գնահատանքը վերստին բերելու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներիդ՝ ի դեմս այստեղ ներկա մեր սիրելի բժիշկների, և աղոթելու ձեր առողջության, անվտանգության և անձնվեր ծառայության արդյունավորման համար։
Սիրելիներ, աստվածաշնորհ է մարդու կյանքն ու առողջությունը։ Դուք եք նաև պահապաններն ու հոգատարողները այդ մեծագույն պարգևի և ներկա բարդ հանգամանքներում ամենայն ջանադրությամբ պայքարում եք համավարակից տուժածների կյանքի պահպանման, առողջության վերականգնման և ապաքինման համար։ Հիվանդի նկատմամբ բժշկի պատասխանատվության ու հոգատարության կարևորությունը շեշտում է մեր մեծ բժշկապետ Մխիթար Հերացին Հայոց Գրիգոր Տղա Կաթողիկոսի հորդորով գրված «Ջերմանց մխիթարութիւն» հայտնի աշխատության մեջ։ Մարդուն տրված բազում շնորհներ, ինչպիսիք են հոգատարությունը, նվիրումը, սերն ու կարեկցանքը, դրսևորվում են ձեր շնորհակալ գործունեությամբ, որին ականատես ենք հատկապես համավարակի այս խռովահույզ օրերին։ Մեծ նվիրումով հոգ տանելով հիվանդներին՝ դուք արտահայտում եք ձեր սերը Աստծո և Աստծո կողմից արարված մարդու հանդեպ։ Արդարև, ամեն մի տկար մարդու խնամքի մեջ դրսևորվում է խոնարհումն ու սերը առ Տերը, ինչպես Քրիստոս է ասում․ «Հիվանդ էի և Ինձ տեսնելու եկաք … քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթ․ 25․36-40)։
Հիրավի, մեծ պատվի, հարգանքի ու խոնարհումի է արժանի ձեր ծառայությունը, որ գնահատված է եղել բոլոր ժամանակներում։ Դրա վառ վկայությունը մենք տեսնում ենք նաև Նոր Կտակարանում, որտեղ մեծարվում է Սուրբ Ղուկասը որպես հայտնի բժիշկ (Կող․ 4․14), ով Իր Ավետարանում հայտնում է Տիրոջ պատվերը՝ խնամատարելու հոգին ու մարմինը (Ղուկ. 12.23)։ Ղուկաս Ավետարանիչը քրիստոնյա աշխարհում հովանավորն ու բարեխոսն է բժիշկների ու բուժաշխատողների և մշտապես Աստծո առջև բարեխոս է ձեզ համար, աջակից երախտարժան առողջապահական գործունեություն իրականացնողներիդ։ Այսօր էլ Աստված զորակից է ձեզ, որ համավարակի այս օրերին նեղությունների դիմագրավումով ձեր գիտելիքները, փորձառությունն ու կարողությունները ամբողջանվեր ծառայեցնում եք մարդկանց բուժման, վարակվածների ապաքինման համար։ Ի սրտե աղոթքով մաղթում ենք ձեզ քաջեռանդություն, ուժ ու կորով աստվածահաճո և աստվածօրհնյալ ձեր վսեմ ծառայության մեջ:
Մենք վերստին Մեր օրհնությունն ու շուտափույթ կազդուրման մաղթանքն ենք բերում վարակից տուժած Մեր սիրելի զավակներին, մեկուսացման մեջ ապաքինվող մեր քույրերին ու եղբայրներին։ Աննկուն մնացեք ոգով ու հավատով, առ Աստված ապավինությամբ դիմագրավելով դժվարին փորձությունը, որպեսզի ապաքինված շարունակեք ստեղծարար ձեր կյանքը՝ ի սեր հարազատների ու մերձավորների և մեր հայրենիքի։ Խորապես անհանգստացած ենք, որ տագնապալի այս օրերին համավարակը ահագնանում է և նոր ծավալ ստանում՝ թանկագին կյանքեր խլելով։ Ամենքս մեր պատասխանատվությամբ և առողջապահական կանոններին լրջությամբ հետևելով ի վիճակի ենք կանխելու վարակի հետագա տարածումը և դուրս գալու այս մտահոգիչ իրավիճակից։ Մեր հորդորն է ամենքիդ, որ ամենայն խստությամբ պահպանեք բոլոր հրահանգները՝ առողջ մնալու, վարակի տարածման պատճառ չդառնալու և այս փորձությունը միասնաբար հաղթահարելու համար։
Ի սրտե հայցում ենք, որ Ամենակալ Տերը պահի ու պահպանի համայն աշխարհը, հայրենի մեր երկիրը խաղաղության ու բարօրության մեջ։ Այժմ միասնաբար աղոթենք առ Բարձրյալն Աստված և Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսությամբ խնդրենք Տիրոջ աջակցությունն ու օգնականությունը մեր բժիշկներին ու բուժաշխատողներին և Իր ամենախնամ հովանին մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս.
Քրիստոս Աստված մեր, ամենախնամ Բժիշկ հոգիների և մարմինների,
Սուրբ Ղուկաս Ավետարանչի աղոթքներով և բարեխոսությամբ
օրհնիր, պահիր ու պահպանիր մեր ժողովրդին և համայն աշխարհին,
աշխարհականներին և հոգևորականներին,
մեծերին և փոքրերին, արանց և կանանց,
և Քեզ ապավինող Քո բոլոր զավակներին։
Պահիր և պահպանիր անձնվեր ծառայություն մատուցող
մեր բժիշկներին և բուժաշխատողներին,
ովքեր իրենց կյանքը հանապազ վտանգի ենթարկելով
փրկում են մերձավորի կյանքը։
Օրհնիր և բժշկություն պարգևիր վարակից ապաքինվող անձանց
և արիություն շնորհիր բոլոր մեկուսացվածներին։
Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո,
փրկի՛ր և ազատի՛ր երևելի և աներևույթ բոլոր թշնամիներից։
Եվ մեզ արժանի դարձրու
գոհությամբ ու երախտագիտությամբ
փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ
կատարուեց բժիշկների օրհնութեան կարգ
Յունիսի 3-ին Սուրբ Գայանէ վանքում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց բժիշկների եւ բուժաշխատողների օրհնութեան կարգ։
Այս առիթով դուրս էր բերուել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահուող Սուրբ Ղուկաս աւետարանչի մասունքակիր Աջը։ Սուրբ առաքեալը համարւում է բժիշկների հովանաւորն ու բարեխօսը։
Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ Մայր Աթոռի միաբանները Սուրբ Ղուկաս Աւետարանչի բարեխօսութեան հայցով իրենց աղօթքը բարձրացրեցին առ Աստուած համաւարակի դժուարին պայմաններում իրենց աստուածահաճոյ ծառայութիւնը բերող բժիշկների ու բուժաշխատողների պահպանութեան, անվտանգութեան եւ անձնուէր գործունէութեան արդիւնաւորման համար։
Արարողութեանը ներկայ էին մի շարք բժշկական հաստատութիւնների ղեկավարներ, բժշկական կենտրոնների COVID-19 կլինիկաների պատասխանատուներ եւ բժիշկներ։
Օրհնութեան կարգի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքն ուղղեց համայն մեր ժողովրդին եւ ի մասնաւորի բժիշկներին ու առողջապահութեան ոլորտի բոլոր աշխատակիցներին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ
Սիրելի հաւատաւոր հայորդիներ,
Աղօթական ոգով Սուրբ Ղուկաս Աւետարանչի մասունքով օրհնութեան արարողութիւն կատարեցինք՝ հայցելով Տիրոջ զօրակցութիւնը համաւարակի տագնապալի փորձութեանը դիմագրաւող աշխարհին եւ մեր ժողովրդի զաւակներին։ Առանձնաբար Բարձրեալի օգնութիւնը եւ պահապանութիւնը խնդրեցինք դժուարին այս օրերին ծանրագոյն պատասխանատուութեան ներքոյ աշխատող բժիշկներին ու բուժաշխատողներին։ Մեր սրտի փափագն է մասնաւոր այս արարողութեամբ Հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնը եւ բարձր գնահատանքը վերստին բերելու առողջապահութեան ոլորտի բոլոր աշխատակիցներիդ՝ ի դէմս այստեղ ներկայ մեր սիրելի բժիշկների, եւ աղօթելու ձեր առողջութեան, անվտանգութեան եւ անձնուէր ծառայութեան արդիւնաւորման համար։
Սիրելիներ, աստուածաշնորհ է մարդու կեանքն ու առողջութիւնը։ Դուք էք նաեւ պահապաններն ու հոգատարողները այդ մեծագոյն պարգեւի եւ ներկայ բարդ հանգամանքներում ամենայն ջանադրութեամբ պայքարում էք համաւարակից տուժածների կեանքի պահպանման, առողջութեան վերականգնման եւ ապաքինման համար։ Հիւանդի նկատմամբ բժշկի պատասխանատուութեան ու հոգատարութեան կարեւորութիւնը շեշտում է մեր մեծ բժշկապետ Մխիթար Հերացին Հայոց Գրիգոր Տղայ Կաթողիկոսի յորդորով գրուած «Ջերմանց մխիթարութիւն» յայտնի աշխատութեան մէջ։ Մարդուն տրուած բազում շնորհներ, ինչպիսիք են հոգատարութիւնը, նուիրումը, սէրն ու կարեկցանքը, դրսեւորւում են ձեր շնորհակալ գործունէութեամբ, որին ականատես ենք յատկապէս համաւարակի այս խռովայոյզ օրերին։ Մեծ նուիրումով հոգ տանելով հիւանդներին՝ դուք արտայայտում էք ձեր սէրը Աստծոյ եւ Աստծոյ կողմից արարուած մարդու հանդէպ։ Արդարեւ, ամէն մի տկար մարդու խնամքի մէջ դրսեւորւում է խոնարհումն ու սէրը առ Տէրը, ինչպէս Քրիստոս է ասում․ «Հիւանդ էի եւ Ինձ տեսնելու եկաք … քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ Ին՛ձ համար արեցիք» (Մատթ․ 25․36-40)։
Յիրաւի, մեծ պատուի, յարգանքի ու խոնարհումի է արժանի ձեր ծառայութիւնը, որ գնահատուած է եղել բոլոր ժամանակներում։ Դրա վառ վկայութիւնը մենք տեսնում ենք նաեւ Նոր Կտակարանում, որտեղ մեծարւում է Սուրբ Ղուկասը որպէս յայտնի բժիշկ (Կող․ 4․14), ով Իր Աւետարանում յայտնում է Տիրոջ պատուէրը՝ խնամատարելու հոգին ու մարմինը (Ղուկ. 12.23)։ Ղուկաս Աւետարանիչը քրիստոնեայ աշխարհում հովանաւորն ու բարեխօսն է բժիշկների ու բուժաշխատողների եւ մշտապէս Աստծոյ առջեւ բարեխօս է ձեզ համար, աջակից երախտարժան առողջապահական գործունէութիւն իրականացնողներիդ։ Այսօր էլ Աստուած զօրակից է ձեզ, որ համաւարակի այս օրերին նեղութիւնների դիմագրաւումով ձեր գիտելիքները, փորձառութիւնն ու կարողութիւնները ամբողջանուէր ծառայեցնում էք մարդկանց բուժման, վարակուածների ապաքինման համար։ Ի սրտէ աղօթքով մաղթում ենք ձեզ քաջեռանդութիւն, ուժ ու կորով աստուածահաճոյ եւ աստուածօրհնեալ ձեր վսեմ ծառայութեան մէջ:
Մենք վերստին Մեր օրհնութիւնն ու շուտափոյթ կազդուրման մաղթանքն ենք բերում վարակից տուժած Մեր սիրելի զաւակներին, մեկուսացման մէջ ապաքինուող մեր քոյրերին ու եղբայրներին։ Աննկուն մնացէք ոգով ու հաւատով, առ Աստուած ապաւինութեամբ դիմագրաւելով դժուարին փորձութիւնը, որպէսզի ապաքինուած շարունակէք ստեղծարար ձեր կեանքը՝ ի սէր հարազատների ու մերձաւորների եւ մեր հայրենիքի։ Խորապէս անյանգստացած ենք, որ տագնապալի այս օրերին համաւարակը ահագնանում է եւ նոր ծաւալ ստանում՝ թանկագին կեանքեր խլելով։ Ամէնքս մեր պատասխանատուութեամբ եւ առողջապահական կանոններին լրջութեամբ հետեւելով ի վիճակի ենք կանխելու վարակի յետագայ տարածումը եւ դուրս գալու այս մտահոգիչ իրավիճակից։ Մեր յորդորն է ամէնքիդ, որ ամենայն խստութեամբ պահպանէք բոլոր հրահանգները՝ առողջ մնալու, վարակի տարածման պատճառ չդառնալու եւ այս փորձութիւնը միասնաբար յաղթահարելու համար։
Ի սրտէ հայցում ենք, որ Ամենակալ Տէրը պահի ու պահպանի համայն աշխարհը, հայրենի մեր երկիրը խաղաղութեան ու բարօրութեան մէջ։ Այժմ միասնաբար աղօթենք առ Բարձրեալն Աստուած եւ Սուրբ Ղուկաս Աւետարանչի բարեխօսութեամբ խնդրենք Տիրոջ աջակցութիւնն ու օգնականութիւնը մեր բժիշկներին ու բուժաշխատողներին եւ Իր ամենախնամ հովանին մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս.
Քրիստոս Աստուած մեր, ամենախնամ Բժիշկ հոգիների եւ մարմինների,
Սուրբ Ղուկաս Աւետարանչի աղօթքներով եւ բարեխօսութեամբ
օրհնիր, պահիր ու պահպանիր մեր ժողովրդին եւ համայն աշխարհին,
աշխարհականներին եւ հոգեւորականներին,
մեծերին եւ փոքրերին, արանց եւ կանանց,
եւ Քեզ ապաւինող Քո բոլոր զաւակներին։
Պահիր եւ պահպանիր անձնուէր ծառայութիւն մատուցող
մեր բժիշկներին եւ բուժաշխատողներին,
ովքեր իրենց կեանքը հանապազ վտանգի ենթարկելով
փրկում են մերձաւորի կեանքը։
Օրհնիր եւ բժշկութիւն պարգեւիր վարակից ապաքինուող անձանց
եւ արիութիւն շնորհիր բոլոր մեկուսացուածներին։
Քո սուրբ եւ պատուական խաչի հովանու ներքոյ,
փրկի՛ր եւ ազատի՛ր երեւելի եւ աներեւոյթ բոլոր թշնամիներից։
Եւ մեզ արժանի դարձրու
գոհութեամբ ու երախտագիտութեամբ
փառաւորելու Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ,
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։
###