Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Մայիսի 11, 2020 թ., Երեւան. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի աշխատակիցներն իրենց աջակցությունն են ցուցաբերել Տաթև խոշորացված համայնքի դպրոցականներին կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման համար և նվիրաբերել 10 համակարգիչ:

Նախաձեռնության շրջանակում տասը ընտանիքի 19 դպրոցականներ հնարավորություն են ստացել հեռավար ուսուցման:

Համակարգիչները նվիրաբերվել են Հալիձոր, Տաթև, Հարժիս, Սվարանց և Տանձատափ համայնքների աշակերտներին ս. թ. մայիսի 5-ին:  

«Մեզ պարտադրված նոր մարտահրավերի պայմաններում՝ երեխաների կրթության շարունակականության ապահովման գործում մեծ դեր ունի այս նվիրատվությունը: Շնորհակալություն ենք հայտնում IDeA հիմնադրամին գործընկերային համագործակցության և Տաթև համայնքի աշակերտներին օգնության ձեռք մեկնելու համար»,-ասում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան։

Նախաձեռնությունն իրականացվել է IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ:

Տաթև համայնքի և նրա հարակից շրջանների զարգացումը IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի կարևոր ուղղություններից է:

«Տաթև համայնքի դպրոցականներին կատարած սիմվոլիկ նվիրատվությամբ IDeA հիմնադրամը հաստատում է իր մտադրությունը աջակցելու կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին և օգնելու դրա հետևանքով ամենաշատ տուժածներին և կարիքավորներին»,-ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:  

***

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի մասին

2008 թ.-ին մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագիրը շարունակում է ցույց դնել ավանդական բարեգործության (միջնադարյան Տաթևի վանական համալիրի վերականգնում), հանրօգուտ ներդրումների («Տաթևեր» ճոպանուղի և «Տաթևատուն» ռեստորան), ինչպես նաև տեղական համայնքները զարգացնելու սոցիալական ներդրումների համադրության արդյունավետությունը:

Արդեն տասը տարի է՝ «Տաթևի վերածնունդ» ծրագիրն աշխատում է ի բարօրություն տեղի բնակիչների՝ իրավամբ համարվելով Սյունիքի մարզի և թերևս Հայաստանի ամբողջ հարավի կայուն զարգացման կարևորագույն նախագիծը։