Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Բացվում են առեւտրային տները, թանգարաններն ու պատկերասրահները

Այսօր՝ մայիսի 11-ին  լրացավ Չեխիայում հայտարարված արտակարգ դրության երկու ամիսը եւ կառավարությունը  որոշ ոլորտներում թուլացրեց սահմանափակումները։ Ինչպես նշում է մամուլը, Չեխիան բացում է ազատության դռները։  Այսօրվանից բացվում են ռեստորանների եւ գարեջրատների բացօթյա հատվածները, մինչեւ 2500 մետր առեւտրային սուպերմարկետները, վարսավիրանոցներն ու սոլարիումները, թանգարանները, պատկերասրահներն ու ամրոցները։  Մարզական  դպրոցների մարզումներին, մարզական միջոցառումներին,  եկեղեցական արարողություններին եւ հարսանիքներին այլեւս կարող են մասնակցել մինչեւ 100  հոգի։ Թատրոններում, կինոթատրոններում  եւ այլ  մշակութային միջոցառումներին թույլատրվում է ներկա գտնվել մինչեւ 100 հանդիսատես, սակայն ոչ մեկին դեռեւս հայտնի չէ, թե երկար մեկուսացումից հետո, արդյոք մարդիկ կցանական միանգամից հաճախել թատրոն կամ  կինո։ Իհարկե, մայիսի 11-ի անձրեւային եղանակը թույլ չտվեց, որպեսզի մարդիկ բացօթյա ռեստորաններն ու գարեջրատները վայելեն, սակայն խանութներում եւ տրանսպորտում մարդկանց աշխուժությունը զգացվում էր։

 

Այսօրվանից դպրոց կարող են հաճախել միջնակարգ դպրոցների ավարտական՝ 9-րդ դասարանի աշակերտները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, մի պայմանով, որ դասարանում պետք է լինի մինչեւ 15 աշակերտ կամ  ուսանող։ Տարրական դասարանների աշակերտները կարող են հաճախել մայիսի 25-ից, բայց ըստ ցանկության եւ նախապես դպրոցի ուսուցիչներին տեղյակ պահելով։ Դպրոցում պետք է կրեն դիմակները, շենք մտնելիս պետք է ախտահանեն ձեռքերը, իսկ եթե նստեն 1.5 մետր հեռավորության վրա, ապա կարող են հանել դիմակները։

Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտարարեց, որ մայիսի 25-ից փողոցներում կամ այգիներում այլեւս կարող են դիմակներ չկրել, բայց պետք է պահեն 2 մետր հեռավորություն։ Այլապես եթե օտար մարդկանց հետ դրսում հանդիպումներ են սպասվում, պետք է դիմակները կրել։ Նա նաեւ հայտնեց, որ մայիսի 17-ից հետո այլեւս չի երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, բայց փոխարենը ուժի մեջ կմտնի հանրային առողջության պահպանման օրենքը։ Այդ մասին որոշում է կայացվել կառավարության նիստում։

Երկու ամսվա ընթացքում Չեխիայում կորունավիրուսի թեստավորում է անցել 306 409 մարդ, որոնցից 8136-ի մոտ հաստատվել է վարակակիր լինելու փաստը, 4602-ն արդեն առողջացել են, եւ 281-ը մահացել են։ 233-ը գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 42-ը միացված են թոքերի համար նախատեսված ապարատներին։

Ինչպես հաղորդեց Չեխական հեռուստատեսությունը, անցած գիշերվա ընթացքում ոչ մի նոր վարակակիր չի արձանագրվել։

Կառավարությունն արդեն իսկ օրենսդրական նոր նախագիծ է ներկայացնելու խորհրդարանին, որի ընդունումը  հնարավորություն կտա աշնանը սպասվող կորունավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ ավելի գործնական քայլեր ձեռնարկել։ Այդ մասին հայտնեց վարչապետ Անդրեյ Բաբիշը երեկ երեկոյան CNN PRIMA հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նա նաեւ նշեց, որ շարունակվելու է հասարակության տարբեր խավերին ցուցադրվող ֆինանսական օգնությունը։

Իսկ Չեխիայի գլխավոր համաճարակաբան, առողջապահության փոխնախարար Ռոման Պրիմուլան ՄՖ Դնես օրաթերթին տված հարցազրույցում նշում է, որ աշնանը հարկ կլինի բնակչության, այդ թվում բժիշկների շրջանում գրիպի դեմ վակցինացիա անցկացնել, որպեսզի Կովիդ 19-ը կրկնվելու դեպքում 1.5 միլիոն մարդու բժշկական օգնություն ցույց տալու  խնդրի առաջ չկանգնեն։

Առավել ծանր վիճակում է հայտնվել երկրի գյուղատնտեսությունը, ինչի արդյունքում սպասվում է գյուղատնտեսական մթերքների թանկացում։ Դա ունի երկու պատճառ, քանի որ Իտալիայից եւ Իսպանիայից ավանդաբար ներկրվող մթերքների քանակը խիստ կրճատվել է, այնուհետեւ գյուղատնտեսական ոլորտում աշխատող շատ օտարերկրյացիներ վերադարձել են իրենց երկրներ, եւ մարդկային աշխատուժի կարիք կա։ Այս ամենին ավելացել է նաեւ սպասվող երաշտը, որը կարող է լրջորեն վնասել բերքատվությանը։

Այս պատճառով է նաեւ, որ այսօրվանից Չեխիայի արտգործնախարարությունը 20 երկրներում վերականգնում է մուտքի արտոնագրերի՝ վիզաների տրամադրումը, որպեսզի  թե բրիգադային աշխատողները, թե հարեւան երկրների քաղաքացիները, որոնք աշխատել են Չեխիայում՝ բժիշկները, սոցիալական ոլորտի աշխատողները եւ բանվորները կարողանան վերադառնալ Չեխիա։ Սահմանների բացումը նույնպես կապված է այս խնդրի հետ։ Սակայն Չեխիա մտնելիս պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստի մասին արձանագրություն, այլապես պետք է անցնեն 14-օրյա պարտադիր մեկուսացում։

Նույն պայմաններով բանակցություններ են անցկացվում նաեւ 5 երկրների հետ, որտեղ չեխերը կարող են ամառային ամիսներին հանգստանալ, սակայն որոշակի պայմաններով։ Այդ երկրներն են Խորվատիան, Ավստրիան, Սլովակիան, Գերմանիան եւ Հունաստանը։

Այսօր նաեւ հանրահայտ ,,Պրահայի գարուն,,  դասական երաժշտության 75-րդ միջազգային փառատոնն իր պատմության մեջ առաջին անգամ սկսվեց ոչ թե Հանրային տան հանդիսավոր բացումով, այլ հեռուստատեսային հեռարձակմամբ։ ՉՏ ԱՐՏ ալիքով հնչեց Սմետանայի հանրահայտ ,,Իմ հայրենիքը,,։ Իսկ ՉՏ1 հեռուստալիքը սկսում է ,,Սերը կորունավիրուսի պայմաններում,, նոր սերիալի հեռարձակումը։

Չեխիայի դասերը, որ այդպես էլ չհասան Հայաստան

Այն, որ Չեխիայի կառավարությանը հաջողվեց կազմակերպված կանխարգելել Կովիդ 19 կորոնավիրուսի արագ տարածումը, ուներ մի քանի հիմնական պատճառներ։ Նախ կառավարությունը եւ հատկապես վարչապետ Բաբիշը առաջին իսկ օրերից որոշումները կայացրեց բացառապես խորհրդակցելով համաճարակաբանների ու ոլորտի մասնագետների հետ։ Ավելին գլխավոր համաճարակաբան Պրիմուլան մի որոշ ժամանակ նույնիսկ գլխավորեց ճգնաժամային շտաբը, այնուհետեւ անցավ ,, Խելացի կարանտին,, ծրագրի ղեկավարմանը, որը մոբիլային հավելվածների միջոցով վերահսկում է վարակվածների տեղաշարժը։ Թե՛ կառավարության անդամները, թե՛ լրագրողները, թե՛ հեռուստատեսային հաղորդավարները անմիջապես կրեցին դիմակներ, եւ անկախ նրանից ուղիղ եթեր էին մտնում իրենց բնակարանից, թե դրսում կանգնած՝ ռեպորտաժի վայրից, անպայման կրում էին դիմակներ եւ կոչ էին անում մնալ տանը եւ դրսում կրել դիմակներ։ Բնականաբար խանութներում ու դեղատներում դիմակներ չկային, քանի որ դեռ հունվարին Չինաստանը դրանք գնել էր եվրոպական տարբեր երկրներից։ Մարդիկ սկսեցին կարել եւ բաժանել հարեւաններին, հարազատներին, սոցիալական տներին ու ծերանոցներին, բժիշկներին եւ հիվանդանոցների աշխատողներին։ Նրանք ովքեր դիմակ չունեին, դեմքը ծածկում էին  շարֆերով ու վզկապներով։

Չեխիայի ողջ բնակչությունը մեկ մարդու պես ենթարկվեցին այս կանոններին եւ ղեկավարության օրինակը ազդեց բոլորի վրա։ Չեխերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, ինչպես 2002 թվականի ջրհեղեղի ժամանակ, որ կարող են շատ արագ կազմակերպվել եւ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ընդ որում կառավարության այն անդամները, որոնք ուղիղ կապ ունեին ամենօրյա որոշումների հետ՝ առողջապահության, ֆինանսների, առեւտրի եւ արդյունաբերության, ներքին գործերի նախարարները, գլխավոր համաճարակաբանը եւ, իհարկե, վարչապետ Բաբիշը 24-ժամյա ասուլիսների ու հարցազրույցների մեջ էին, պատասխանում էին լրագրողների եւ ընդդիմադիրների ամենասուր հարցերին, հաշվի առնում քննադատությունները եւ արագ լուծում տալիս ծագած խնդիրներին։ Նույնիսկ հարեւան Գերմանիայում օրինակ են բերում Չեխիայի կառավարությանը, որը կարողացավ առանց մեծ զոհերի հաղթահարել այս մեծ ճգնաժամը։

Չեխիայի կառավարությունը փորձեց օրական 20 եվրոյի չափով փոխհատուցել անհատ ձեռներեցներին,  այն բոլոր ոլորտների աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել էր արտակարգ դրության սահմանափակումների պատճառով։ 60 տոկոսով փոխահատուցեց ռեստորանների, հյուրանոցների ու  նմանատիպ  այլ օբյեկտների աշխատողների աշխատավարձը։ Մշակույթի նախարարությունը հատուկ ծրագրով օգնեց մշակույթի գործիչներին, թատրոններին ու ամրոցներին։  6 ամսով հանվեցին առողջապահական, սոցիալական  եւ մի քանի այլ հարկատեսակներ։

Այժմ էլ կառավարությունն արդեն հեռահար ծրագրեր է մշակում, որ աշնանը կրկնվելու դեպքում`  ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկեն։

Իսկ ի՞նչ արեցին Հայաստանում։ Նախ ամենաբարձր մակարդակով հանրությանը հանգստացրին, ասելով, որ կորոնավիրուսը մեզ չի կպնի, որ թեյ ու սուրճ խմեք,ամեն ինչ լավ կլինի, իսկ երբ արդեն հասկացան, որ ամեն ինչ  շատ ավելի լուրջ է, այլեւս որեւէ զգաստության կոչ  չունեցավ սպասելի ազդեցությունը։ Ցավոք, Չեխիայի, նաեւ Սլովակիայի   կորոնավիրուսային պայքարի մեթոդներն այդպես էլ չհասան Հայաստանի կառավարությանը։ Եվ քանի որ Եվրոպայում բոլորն են սպասում աշնանային նոր ալիքին, լավ կլինի, մինչ այդ Հայաստանում նույնպես մշակեն կանխարգելման ավելի ազդեցիկ ծրագրեր։ Այլապես, աշնանային ալիքը կարող է ավելի ծանր լինել, եւ անդառնալի կորուստների բերել։ 

Հակոբ Ասատրյան

Պրահա