Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լուսանկարում՝ վարչապետ Բաբիշը ծաղկեպսակ է զետեղում Վիտկովի հուշահամալիրում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի եւ  գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը Չեխիայում  նշվեց մայիսի 8-ին եւ 9ին։ Մայիսի 8-ին պետական ողջ ընտրանին՝  նախագահը, խորհրդարանի երկու պալատների նախագահները, վարչապետը, պաշտպանության նախարարն ու բանակի շտաբի պետը ծաղկեպսակներ խոնարհեցին Պրահայի Վիտկովի հուշահամալիրում, որն ի դեպ նվիրված է ե՛ւ 1-ին, ե՛ւ 2-րդ աշխարհամարտերին, իսկ քաղաքային իշխանությունները  ծաղիկներ խոնարհեցին Պրահայի այն հատվածներում, որտեղ  1945թ  ընթացել են կարեւոր մարտեր։  Սակայն այս տարվա հոբելյանական միջոցառումները տարբերվում էին ոչ միայն կորոնավիրուսի պատճառով սահմանված  արտակարգ դրության սահմանափակ պայմաններով, այլեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային բանակի /այստեղ հիմնականում օգտագործում  են Կարմիր բանակ արտահայտությունը/ ունեցած դերի վերաիմաստավորմամբ։

Լուսանկարում՝ նախագահ Զեմանը ծաղկեպսակ է զետեղում Վիտկովի հուշահամալիրում

Մարշալ Կոնեւը եւ Պրահայի ազատագրումը

Այս  տարվա տոնական միջոցառումներից առաջ որոշակի հասարակական լարվածություն եւ Ռուսաստան-Չեխիա հարաբերությունների վատթարացում  առաջացրեց մարշալ Կոնեւի արձանի ապամոնտաժումը Պրահա 6 թաղամասի Ինտերբրիգադի հրապարակից, որտեղ այն տեղադրվել էր 1980 թվականին՝ իբրեւ շնորհակալություն Պրահան ազատագրած մարշալին եւ նրա զինվորներին։ 

Սակայն վերջին տարիներին լայնամասշտաբ արշավանք սկսվեց արձանի դեմ եւ վերջապես Պրահա 6-ի նոր թաղապետ Կոլարը հասավ իր նպատակին՝ արտակարգ դրության պայմաններում  2020թ. ապրիլի 3-ին ապամոնտաժեց արձանը, իմանալով , որ ոչ մի ընդդիմադիր չի կարող ցույց կազմակերպել։ Արձանի շուրջ կրքերն այնքան բորբոքվեցին,  որ Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, չեխական որոշ ընդդիմադիրներ պահանջեցին կրճատել ռուս դիվանագետների թիվը Պրահայում, չհասականլով, որ նման կրճատում կարող է անել նաեւ Ռուսաստանը՝ Մոսկվայում տեղակայված չեխ դիվանագետների թվից։  Նույնիսկ կարծիք տարածեցին, թե ռուս դիվանագետներից ոմանք հատուկ թույն են բերել Մոսկվայից, որ թունավորեն Պրահա 6-ի թաղապետին, ինչը նախագահ Զեմանը հերքեց, ասելով, որ հետախուզական  եւ անվտանգության երեք ծառայություններից ոչ մեկն այդ փաստը չի հաստատել։ 

Բացի այդ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քաղաքապետարանի այն անդամների դեմ, որոնք արձանը ապամոնտաժելուն կողմ են քվեարկել։ Ավելին, քաղաքային երեք  գործիչ ՝ Պրահա-6-ի համայնքապետ Օնդրեյ Կոլարը, Պրահայի քաղաքապետ Զդենկ Հրիբը և Պրահա-Ռզեպորիեի քաղաքային թաղամասի ղեկավար Պավել Նովոտնին պահանջեցին իրենց անվտանգության ապահովում եւ ներկայումս գտնվում են ոստիկանության պաշտպանության ներքո: Կոլարը վախենում է  Մարշալ Կոնեւի հուշարձանի ապամոնտաժման հետ կապված իր որոշումների համար, քաղաքապետը՝  Ռուսաստանի դեսպանատան գլխավոր մասնաշենքի  դիմացի փողոցը Բորիս Նեմցովի անունով  անվանափոխելու համար, իսկ Նովոտնիի դեպքում ՝ Պրահայում զոհված 300 ՌՈԱ զինծառայողների՝ վլասովականների համար հուշաքար տեղադրելու համար։

Իր հերթին նախագահ Զեմանը չեխական ռադիոյին տված հարցազրույցում ասաց, որ ոչ մեկին թույլ չի տրվում խառնվելու Չեխիայի ներքին գործերին։ Նա համարում  է , որ Ռուսաստանի քննչական կոմիտեի որոշումը՝ Ինտերպոլի միջոցով պատասխանտվության ենթարկել այս երեք գործիչներին, անիրական է, ինչը նաեւ արդյունք է այդ գործիչների թույլ տված հիմարության։  Նախագահ Զեմանի կարծիքով այս գործիչները հայտնի դառնալու խնդիր ունեն, այլապես միաջազգային  հարցերը պետք է թողնեին հանրապետական մակարդակի քաղաքական գործիչների լուծմանը։ Իր հերթին, Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը նոտա էր ուղարկել Մոսկվային, երբ Ռուսաստանում Չեխիայի դեսպանության վրա հարձակվել էին եւ պլակատ փակցրել՝ ,,Դադարեցրեք ֆաշիզմը,, վերտառությամբ։ Չեխական արտգործնախարարությունը  նաեւ դիմել է ռուսական կողմին՝ ինչ որ ձեւով հանգուցալուծելու այս լարվածությունը։

Այժմ թաղապետարանը արձանը տեղափոխել է պահոց՝ հետագայում այն 20-րդ դարի պատմությանը նվիրված նորաստեղծ թանգարանին հանձնելու նպատակով։  Մինչդեռ ընդդիմադիր Պիրատներ կուսակցության ներկայացուցիչները առաջարկում են արձանը վաճառել Ռուսաստանին։ Կոնեւի արձանի շուրջ հասարակությունը երկու մասի է բաժանվել։ Մի մասը պնդում է, որ  չի կարելի պատմությունը ուրանալ եւ Պրահան ազատագրած մարդուն պետք է արժանին մատուցել, իսկ մյուս մասն էլ պնդում է, թե Կոնեւը մասնակցություն է ունեցել 1956թ Բուդապեշտի դեպքերի կազմակերպմանը, որ սովետական զորքերը Պրահա են մտել այն ժամանակ, երբ արդեն այն ազատագրված էր եւ այլ պատճառաբանություններ, այդ թվում, որ արձանը դրվել է ոչ թե պատերազմին հաջորդող տարիներին, այլ՝ 1980-ին։ Իսկ ռուսական կողմն ասում է, որ Չեխիան խախտել է 1993թ. ստորագրված պայմանագիրը, ըստ որի պետք է պահպանեին Համաշխարհային պատերազմում զոհված զինվորների գերեզմաններն ու հուշարձանները։ 

Այս պատճառաբանությունների հետ  է կապված նաեւ այն թեզը, որ այս տարվա ելույթներում եւ  հեռուստատեսային բանավեճերում սկսեցին խոսել  1945 թվականի մայիսի 5-ին Պրահայում սկսված ապստամբության  եւ դրա  ունեցած նշանակության մասին, որը որոշիչ դեր է կատարել Չեխոսլովակիայի մայրաքաղաքի ազատագրման հարցում։ Սակայն ինչպես  վկայում են խորհրդային պատմական աղբյուրները, որոնք նվիրված են Պրահայի ազատագրմանը,  ապստամբության մասնակիցներին չի հաջողվել ամբողջովին ազատագրել քաղաքը, քանի որ մայիսի 6-ին թշնամուն հաջողվել է կրկին գրավել քաղաքի կարեւոր կամուրջներն ու բարիկադները։ Այնուհետեւ քաղաք են մտել վլասովականները, որոնք ցանկացել են համագործակցել ազգային խորհրդի ղեկավարության հետ, որպեսզի քաղաքը հանձնեն ամերիկացիներին, սակայն կոմունիստ ղեկավարները նրանց համարելով դավաճաններ չեն համագործակցել, ստիպված վերջիններս նահանջել են Պլզենի ուղղությամբ ,ուր գերեվարվել են Առաջին Ուկրաինական ռազմաճակատի զորքերի կողմից։ Այս ռազմաճակատի զորքերի ղեկավարն էր մարշալ Կոնեւը։

Իսկ մայիսի 8-ին ապստամբության ղեկավարները բանակցություններ են սկսել հիտլերականների հետ՝ կրակի դադարեցման եւ զենքը հանձնելու պահանջներով, սակայն էսէսականները խախտել են պայմանավորվածությունը եւ Պանկրացում, Մասարիկի անվանն կայարանում եւ Ռոկիցիանյան խճուղու վրա հաշվեհարդար են տեսել ապստամբների հետ։ Վերջիններիս հրամանատարությունը անմիջապես տեղյակ է պահել սովետական հրամանատարությանը, եւ Կարմիր բանակի ուժերը արդեն մայիսի 6-ից սկսած հարձակման են անցել Առաջին Ուկրաինական ռազմաճակատի  3-րդ գվարդիական եւ 13-րդ բանակները՝ գեներալ -գնդապետներ Գորդովի եւ Պուխովի հրամանատարությամբ։ Նրանց են միացել նաեւ տանկային բրիգադները։ Իսկ մայիսի 7-ին Պրահայի հարավ-արեւելքից հարձակման են անցել Երկրորդ ուկրաինական ռազմաճակատի զորքերը։ Միաժամանակ արեւելքից մայիսի 6-7-ի կողմերը չեխոսլովակյան քաղաքներն ու շրջանները ազատագրելով առաջ են շարժվել Չորրորդ ուկրաինական ռազմաճակատի զորքերը։

Լուսանկարում՝ Նովոտնին, Կոլարը եւ Հրիբը

Մի խոսքով, այն որ Խորհրդային բանակը ունեցել է որոշիչ դեր, նույնպես անհնար է հերքել։ Եվ գերմանացիները վերջնական կապիտուլյացիայի ակտը ստորագրեցին մայիսի 8-ին Բեռլինի արվարձան Կառլսհորստում, որի արդյունքում մայիսի 9-ին ռազմաճակատի արեւելյան մասում գերմանացի զինվորները վայր էին դնում զենքերը եւ հանձնվում։ Բայց նրանց ,,Կենտրոն,, խմբավորումը դեռ շարունակում էր դիմադրել։ Այդ պատճառով  Ուկրաինական ռազմաճակատի տանկային բրիգադները 80 կիլոմետրանոց արագացված երթ են արել եւ մայիսի 9-ի առավոտյան մտել Պրահա հյուսիս-արեւմուտքից ՝ գեներալ–լեյտենանտ Բելովի ղեկավարած տանկային բրիգադները, որոնց հաջորդել են  գնդապետներ Ֆոմիչեւի եւ Պրոշինի տանկային բրիգադների մուտքը քաղաք։ Հյուսիսից քաղաք են մտել 3-րդ գվարդիական տանկային բանակի զորքերը։

Լուսանկարում՝ Վլասովականներին նվիրված հուշաքարը

Եվ այդպես Պրահայի տարբեր մասերից քաղաք են մտել խորհրդային տարբեր տանկային բրիգադներ։ Պրահայի ազատագրումից հետո , մայիսի 10-11-ը խորհրդային զորքերը դեռեւս շարունակել են ոչնչացնել դիմադրություն ցույց տվող  ֆաշիստական զորքերին, եւ Կարլովի Վարի-Պլզեն – Չեսկի Բուդյովիցե սահմանագծում ի վերջո հանդիպել են ամերիկյան զորքերին։ Պրահայի մարտական գործողության ավարտը ազդարարել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի վերջին գործողության ավարտը Եվրոպայում։ Հետագայում  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ հատուկ մեդալ է սահմանվել  ,, Պրահայի ազատագրման համար,, , որով պարգեւատրվել է շուրջ 390 հազար մարդ, այդ թվում՝ հայեր։

Հայերը եւ Չեխոսլովակիայի ազատագրումը

Միայն Պրահայի ազատագրման համար մարտական շքանշաններով ու մեդալներով պարգեւատրվել են 500 հայ սպաներ ու  զինվորներ։ Միայն 40 հայ տանկիստներ արժանացել են շքանշանների՝ կռվելով 4-րդ գվարդիական տանկային բանակի շարքերում։ Դրանցից մեկը նաեւ հրամանատար Վահան Հովհաննեսի Նիկողոսովն էր, որի վաշտը ոչնչացրել էր բազմաթիվ տանկեր ու զրահամեքենաներ։ Պրահայի ապստամբներին օգնելու նպատակով առաջիններից մեկը Պրահա է մտել գվարդիայի կապիտան Սահակյանը, որը պարգեւատրվել է ,,Պրահայի ազատագրման համար,, մեդալով։ Այսպես կարող ենք թվարկել հարյուրավոր հայերի անուններ, որոնցից յուրաքանչյուրը հերոսաբար կռվել է , ինչպես հրետանավոր գվարդիայի կրտսեր սերժանտ Գրիգոր Գաբրիելի Խաչատրյանը, որը միայնակ է մնացել եւ հրետանին օգտագործելուց հետո նռանկներ է նետել, իսկ իրեն հասած գերմանացիներից մեկին ատրճանակով է սպանել, իսկ մյուսին խեղդել,մինչեւ որ հասել են հետեւակայինները։

Լուսանկարում՝ Չեխիայում  Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ծաղկեպսակ է դնում  Անհայտ զինվորի հուշարձանին

Իհարկե, մայրաքաղաք Պրահան ազատագրած հայ ռազմիկների մեջ իր արժանի տեղն ունի Սովետական Միության հերոս, գեներալ –լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը, որն արդեն ակտիվորեն մասնակցել էր Ուկրաինայի ազատագրմանը, եղել էր Կիեւ քաղաքի կայազորի պետ, այնուհետեւ մասնակցել էր Մոլդովայի, Ռումինիայի եւ Լեհաստանի ազատագրմանը, իսկ 1945թ.  հունվարի 21-ին նրա ղեկավարծ կորպուսի զորամասերն արդեն մտել էին Բեռլին՝ միայն Գերմանիայում գրավելով շուրջ 930 բնակավայր։  Նա Բեռլինյան խմբավորման ջախջախումից հետո Առաջին Ուկրաինական ռազմաճակատի 52-րդ բանակի կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել  Պրահայի մարտական գործողություններին։ Նա մասնակցել է նաեւ Մլադա Բոլեսլավ քաղաքի ազատագրմանը, եւ արժանացել  է ոչ միայն այդ քաղաքի,  այլեւ Պրահայի պատվավոր քաղաքացի կոչմանը։

Պրահայի ազատագարումից հետո, նրա կորպուսի զորամասերը ազատագրել  են չեխական եւս 221 բնակավայր։ Նա երկար տարիներ հանդիսացել է Խորհրդային-Չեխոսլովակյան ընկերության հայկական բաժանմունքի ղեկավարը։

Նշենք նաեւ, որ Պրահայի ազատագրմանը ակտիվորեն մասնակցել է  գնդապետ Գ.Բուռնազյանի 168-րդ թեթեւ հրետնային  բրիգադը, որի շարքերում մեծ թվով հայ զինվորներ են ծառայել։  

Չեխոսլովակիայի համար մղված մարտերում  աչքի ընկած հայերի մասին 1983 թվականին հանգամանալից ուսումնասիրություն է տպարգել Կլեմենտ Հարությունյանը, Հայաստանի ակադեմիայի հրատարակչությունում լույս ընծայելով ,, Հայ ռազմիկները Չեխոսլովակիայի ազատագրման համար մղված մարտերում /1944-1945թթ/ մենագրությունը։ Նա մանրամասն  ներկայացրել է, թե որ ռազմաճակատում ովքեր են մարտնչել եւ Չեխոսլովակիայի համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար ովքեր են արժանացել պարգեւների։ Նրանց թվում  է գվարդիայի փոխգնդապետ Գրիգոր Բաղյանը, որը արժանացել  է  Սովետական միության հերոսի կոչման։

Հայերը նշանակալի մասնակցություն են ունեցել նաեւ Սլովակիայի քաղաքների ու մայրաքաղաք Բրատիսլավայի ազատագրմանը, որին իր ակտիվ մասնակցությունն է բերել հատկապես 409-րդ հրաձգային դիվիզիան, որ կազմավորվել էր  Սովետական Հայաստանում 1941 թվականի օգոստոսին, իսկ 1942թ վերակազմավորվել էր  որպես հայկական ազգային միավորում։ Մոզդոկի մոտ ծավալված մարտերից դիվիզիան հասել է մինչեւ Եվրոպա։

Չեխոսլովակիայի ազատագրմանը մասնակցել են նաեւ հայ պարտիզանները, որոնց անունները նույնպես հայտնի են։

Լուսանկարում՝ Արշավիր Դավիդյանի շիրիմի մոտ

Հայ զինվորների գերեզմաններ կան Չեխիայի եւ Սլովակիայի տարբեր շրջաններում, թե առանձին գերեզմանոցներում,  եւ թե եղբայրական գերեզմաններում։ Նրանցից է 19 տարեկանում զոհված Արշավիր Դավիդյանը, որը մասնակցել է Սազավա գյուղի պաշտպանությանը եւ նրա գերեզմանը գտնվում է գյուղի կենտրոնում։ Ամեն տարի այստեղ Ուրարտու հայ-չեխական միության եւ Վիսոչինայի մարզի հայ համայնքի ջանքերով տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ։ Այս տարի համավարակի պատճառով միայն փոքրաթիվ թվով հայեր են ծաղիկներ խոնարհել Արշավիր Դավիդյանի շիրմաքարին, ինչպես նաեւ առաջին աշխարհամարտի զոհվածների հուշարձանին։ Նրա հիշատակը հարգել են նաեւ քաղաքապետարանի եւ մարզպետարանի ներկայացուցիչները՝ ծաղկեպսակներ զետեղելով հայ զինվորի հուշաքարին։

Իսկ մայիսի 9-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանության աշխատակիցները, ինչպես նաեւ չեխահայեր  ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են խոնարհել Չեխոսլովակիայի ազատագրման ժամանակ զոհված Կարմիր բանակի զինվորների և 1945 թ․ Պրահայի ապստամբության մասնակիցներին նվիրված հուշարձաններին։

Ի դեպ,  Կոնեւի նախկին  արձանի տարածքում նույնպես ծաղիկներ են հայտնվել չեխ ընդդիմադիրների կողմից՝ ժողովրդական դեմոկրատների։ Ինչպես չեխ պատմաբան Ժանտովսկին նշեց վերջերս կայացած մի հեռուստաբանավեճում, իհարկե հանիրավի մոռացված պատմական դեպքերը պետք է վերականգնել, սակայն նաեւ չպետք է մոռանալ  այն լուրջ ներդրումը, որ ունեցել է Կարմիր բանակը  Չեխոսլովակիայի ազատագրման գործում։

 

Հակոբ Ասատրյան

Պրահա