Ծաղիկներ խոնարհվեցին Անդրանիկի կիսանդրու առջև
Մայիսի 9-ին, եռատոնի առիթով, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ հարգանքի տուրք մատուցվեց երկրորդ աշխարհամարտի և Հայրենական պատերազմի, ինչպես նաև Արցախյան հերոսամարտի ժամանակ ընկած քաջ հայորդիների հիշատակին:
Նախ աղոթք հնչեցվեց Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում բոլոր հերոսների և նահատակների հոգիների համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար տիար Վարուժան Փամբուկչյանը, քահանայից դասը:
Այս առիթով հրապարակվեց Սրբազան Հոր խոսքը, ուր Թեմակալ առաջնորդն անդրադառնում է եռատոնի համազգային նշանակությանը, շեշտում Սփյուռքի կարևոր դերակատարությունն ու ներգրավվածությունը համահայկական գործընթացներում՝ մասնավորապես նշելով. ,,Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարից Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում ռումանահայությանը, բուլղարահայությանը և համայն հայ ժողովրդին՝ ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման եռատոնի առիթով:
Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Մեր ժողովրդի հերոս զավակները պատվով հանձնեցին այդ քննությունը՝ բազմիցս նույնիսկ իրենց ուժերից վեր սխրանքներ գործելով և նպաստելով հաղթանակի ու բաղձալի խաղաղության հաստատմանը:
Սակայն 1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք բերեց կրկնակի և եռակի իմաստ: 1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը: 1992թ. մայիսի 9-ին ազատագրվեց հայոց հինավուրց քաղաք Շուշին, որով Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս սխրագործությունը և դրա ամբողջական պատմական նշանակությունն ուղղակի հսկայական է: Հայ ժողովուրդը դարձյալ հարկադրված եղավ պաշտպանելու իր ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում հայի գոյությանը սպառնացող անողորմ հակառակորդին։
Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու մայրերի և նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը, ինչպես նաև Պաշտպանության բանակի հիմնադրման օրը, որը երաշխավորն է Արցախ աշխարհում խաղաղության և անվտանգության։ Պատմության ընթացքում մշտապես մայիսը եղել է հաղթական ու հերոսական ամիս հայ ժողովրդի համար, ինչպես Վարդանանց հերոսամարտը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, Շուշիի ազատագրումը և Արցախյան պատերազմի հաղթանակը:
Տոնական այս օրը հպարտորեն մեր խոնարհումն ենք բերում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին: Միևնույն ժամանակ աներկբայորեն ազդարարում ենք, որ Արցախի տարածքը եղել է, կա և մնալու է պատմական և ներկայիս Հայաստանի անբաժանելի մասնիկը:
Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնահարցը միայն Հայաստանի և Արցախի հայության հարցը չէ, այլ նաև շուրջ 8 միլիոն հայկական Սփյուռքի: Հետևաբար իբրև 8 միլիոնանոց զորավոր Սփյուռք, ապրելով աշխարհի տարբեր անկյուններում, մենք մեկ անգամ ևս մեր ձայնն ենք բարձրացնում և ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Արցախը հայկական տարածք է, պատմական Հայաստանի մի մասնիկը, և ի վերջո, Արցախը ամբողջական և միացյալ Հայաստան է և վերջ: Բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և հավիտյան ձգտել և ձգտում է ստեղծել միացյալ Հայաստան, որի անբաժանելի մասն է նաև Արցախը: Սփյուռքը չի ընդունում Արցախի հարցի կարգավորման ոչ փուլային, ոչ փաթեթային տարբերակները:
Երբեք Արցախը չի լինելու Ադրբեջանի տարածք: Սա միայն խոսք չէ, այլ երդում, որ տվել է յուրաքանչյուր հայ ծննդյան օրվանից և հավատարիմ է իր երդումին մինչ ի մահ: Ուստի եթե Ադրբեջանը երբևէ փորձի վտանգի տակ դնել Արցախի հայ բնակչության անվտանգությունը, ապա միանշանակ մեծագույն հակահարված կստանա նաև համայն Սփյուռքի կողմից:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Ի սրտէ շնորհավորում ենք Եռատոնի առիթվ, գլուխ ենք խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիների ու հերոսների հիշատակի առջև և աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը,,:
Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղիկներ դրվեցին Տաճարի բակում կանգնեցված ՀՀ ազգային հերոս Անդրանիկի կիսանդրու առջև և ներկաներն իրենց խորնարհումը բերեցին Հայրենիքի համար մարտնչած և նահատակված քաջորդիների հիշատակի առջև:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան