Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times


Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու հիշատակը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Նույն օրը առավոտյան հրապարակվեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ:

 

 

Ն․Ս․Օ․Տ․Տ․ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,
Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի:

Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին։

Սիրելիներ, այս տարի համավարակի պատճառով հնարավորություն չունենք ուխտավորաբար քայլելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբվելու մեր եկեղեցիներում և հուշակոթողների առջև՝ մեր սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար։ Այս իրավիճակում ընտանեկան հարկերից ներս և մեր նահատակների անմար հիշատակի առջև հոգևոր միասնությամբ աղոթենք և ուխտենք՝ իրագործել ազգային նվիրական տեսիլքները ազատ ու անկախ մեր հայրենիքի ապահովության, առաջընթացի ու բարօրության, սփյուռքի առավել շենացման, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր արդար դատի՝ պահանջատիրության հաղթանակի։ Այս իղձերը կարող ենք կյանքի կոչել ազգի ու հայրենյաց հանդեպ պարտքի ու պատասխանատվության գիտակցությամբ, ազգային միաբանությամբ և մեր ջանքերը միավորելով՝ ի սեր հայրենյաց և հայոց լուսավոր գալիքի։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հրավիրում ենք այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղության ու համերաշխության մեջ ընթանա մեր կյանքը, հաղթահարենք մեր առջև ծառացած առկա փորձությունները, և Տիրոջ օրհնությունն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն։

 

 

 

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների
ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
______
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս առիթով խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին և նշանակությանը հայ ժողովրդի կյանքում: Գարեգին վարդապետը մասնավորապես նշեց. «Այսօր մեր ողջ Եկեղեցին՝ Հայաստանում, թե Սփյուռքում, ամբողջ հայոց ազգը հիշատակում է Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերին, որոնք ընկան հանուն իրենց հավատքի և հայրենիքի։ Դեռևս հինգերորդ դարից մեր Եկեղեցու սուրբ հայրերը մինչև այսօրվա Ամենայն Հայոց Հայրապետ իրենց պատգամներում, իրենց խոսքերում յուրաքանչյուրիս կոչ են անում միասնականության, մեկ լինելու, ազգովի համախմբվելու։ Ինչու՞։

Ընդհանրապես, ցեղասպանության մասնագետներն ասում են, որ ցեղասպանությունները սկսվում են ռասայական կամ այլ գետնի վրա բաժանումներից։ Պատմությունն այդպես է ապացուցել։ Այլ կերպ ասելով՝ ցեղասպանությունը սկսվում է բաժանումից։ Հետևաբար, սիրելինե՛ր, մենք պետք է փորձենք գտնել այն ընդհանուր կետը, թե ինչի՛ շուրջ կամ, ավելի ճիշտ, ո՛ւմ շուրջ պետք է կարողանանք միասնական լինել։ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» պատգամը և ավետիսն ամենքիդ փոխանցելով՝ մտածում ենք, որ միանշանակ դա Քրիստոսի անձն է. անձ, որի շուրջ մեր ազգը և բոլոր քրիստոնյաները կարող են համախմբված լինել, որպեսզի երբևէ չլինի ցեղասպանություն մարդկության պատմության մեջ։

․․․Իսկապես, ցանկացած դժբախտության և դժվարության մեջ մեր ազգը կարողացել է Քրիստոսին ապավինելով հաղթահարել դրանք։ Այսօրվա մեր կյանքը դրա վառ վկայությունն է։ Օրվա խորհրդի շարականը, որ նվիրված է սուրբ նահատակներին, ասում է․ «Չփոխեցին իրենց հավատքի ադամանդյա վստահությունը անցավոր այս կյանքի փափուկ վայելքների հետ և ցորենի հատիկի պես հողի մեջ ընկնելով՝ մեկի դիմաց հարյուրապատիկ պտուղ տվեցին»։

Այո՛, իրապես, նրանք ընտրեցին Քրիստոսին աշխարհային բոլոր վայելքների դիմաց, թեպետև ընկան, բայց ուժ տվեցին մեզ այսօր ավելի ամուր լինելու մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի մեջ»:

Վերջում Հայր Գարեգինը հորդորեց ամենքին հայցել սրբադասված նահատակների բարեխոսությունն առ Աստված, որպեսզի Ամենազոր Տերը դժվարին այս կացության մեջ հայտնված հայոց ազգին պարգևի հոգու և մարմնի առողջություն, իր շնորհները հեղի ժողովրդի վրա, ամուր ու անսասան պահի հայրենի սահմանները։

Կեսօրին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, ուր բերվել էր նաև սուրբ նահատակների մասունքարանը, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: