Ապրիլի 23-ին և 24-ին Ռումանիոյ հայությունն իր աղոթքի ձայնը միացրեց համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին:
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տնօրինությամբ ապրիլի 23-ին, ժամ 20:00-ին, ղողանջեցին Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը՝ երեք րոպե տևողությամբ, յուրաքանչյուր հայ մարեց իր տան լույսը և մոմավառությամբ մասնակցեց համահայկական հարգանքի տուրքին:
Հաջորդ օրը, ժամը 11:00-ին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո դարձյալ ղողանջեցին բոլոր եկեղեցիների զանգերը: Այնուհետև թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Առաջնորդանիստ Տաճարում կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, հոգևորականաց դասը:
Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները համատեղ ծաղկեպսակ դրեցին Տաճարի բակում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև: Երեցկին, սոպրանո Արմինե Խաչատրյանը օրվա խորհրդին համահունչ հանդես եկավ կոմիտասյան երկու անզուգական կատարումներով՝ ,,Կռունկ,, և ,,Գարունա,,:
Զանգերի ղողանջումից հետո կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ` հանդիսապետությամբ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:
Ելնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից՝ միջոցառումներին մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, ովքեր Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին, բոլոր ռումինահայերի անունից, ծաղկեպսակ զետեղեցին և ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանին ներկայացրել են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի վերաբերյալ քաղաքական հայտարարություն:
Նույն օրը երեկոյան ռումինահայերը, ինչպես և համայն հայ ժողովուրդը, միացան «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային:
Այս օրերին Ռումինիայի հայաշատ բոլոր բնակավայրերում համայնքային և եկեղեցական կառույցների կողմից անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին և Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը նաև իր պատգամն էր հղել թեմի հավատավոր զավակներին, որում մասնավորապես ասվում է.
,,Այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքն է հնչեցնում առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմում է նրանց բարեխոսությանը:
Աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի դեմ և իր ուշադրությունը, համակ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել է համավարակի դեմ պայքարելուն: Ստեղծված են դժվարին պայմաններ, տարբեր երկրներում, այդ թվում և Ռումինիայում իշխանությունների կողմից հայտարարված է արտակարգ դրություն, սահմանափակված է մարդկանց տեղաշարժի հնարավորությունը: Բայց այս ամենը չպիտի խոչընդոտեն, որպեսզի յուրաքանչյուրս մեր բնակության վայրից մեր աղոթքի ձայնը միացնենք և հայցենք մեկ ու կես միլիոն նահատակների բարեխոսությունը:
Ռումինահայ համայնքն այսօր իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու մեր իրավունքների պաշտպանության: Օրեր առաջ տոնախմբեցինք Տիրոջ հրաշափառ հարությունը և վստահ ենք, որ մի օր վերստին պիտի հանդիպենք մեր նահատակված քույրերի, եղբայրների, մանուկների ու ծերերի հետ: Քանզի ինչպես Քրիստոս է ասում. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց ուրիշ ոչինչ չեն կարող անել, այն Նրանից, որ կարող է մարմինն ու հոգին կորստյան մատնել գեհենի կրակների մեջ»:
Մեր այս միասնությունը ևս մեկ հնարավորություն է դատապարտության մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ մարդկության դեմ գործված հանցագործությունների, որոնք արդար գնահատական չեն ստացել, ինչպես և այսօր իրագործվող ոճրագործությունների դեմ, հատկապես` Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և ահաբեկչության, նաև` մեր կոչն ուղղելու բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու համար:
Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի բոլոր ժողովուրդներին այս համավարակի հաղթահարման ժանապարհին, հաջողություններ պարգևի բոլորիս հաջողելու մեր առաքելության մեջ` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության. Ամեն,,:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան եւ ՀՀ դեսպանություն