ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սերտ համագործակցությամբ, պարետատան կազմակերպմամբ և Չինաստանի կառավարության աջակցությամբ այսօր Չինաստանից Հայաստան ժամանեց Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների նոր խմբաքանակով բեռնված ինքնաթիռ:
Օգնության ձեռքբերման համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում սփյուռքից հավաքագրվել է կես միլիոն դոլարը գերազանցող գումար, որը մասնավորապես տրամադրվել է արգենտինահայ բարերար, գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների («Արմենիա միջազգային օդանավակայաններ», Կոնվերս բանկ, «Կարաս» գինիներ), Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս մարդասիրական հիմնադրամի, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Իզմիրլյան հիմնադրամի կողմից: Նվիրատվություններ են կատարել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, «Իմ քայլը» հիմնադրամը, այլ դոնորներ, ինչպես նաև չինացի բարերաներ: Ուղեբեռը ներառում է ավելի քան 87000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 20000 KN95 պաշտպանիչ դիմակ, 24000 բժշկական դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրելու համար: Խմբաքանակը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ըստ կարիքի բուժհաստատություններին բաշխելու համար:
Խոսելով նախաձեռնության մասին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց օգնության կազմակերպման գործում ներդրում ունեցած բոլոր կողմերին և նշեց, որ սփյուռքը մշտապես կանգնած է հայրենիքի կողքին, և Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը հիմնել է փոխադարձության և փոխվստահության գաղափարների վրա:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք, լինելով նույնպիսի բարդ իրավիճակում, ցանկանում են կանգնել հայրենիքի կողքին: Համավարակի դեմ պայքարում Հայաստանի համար շատ կարևոր է սփյուռքի կողմից ցուցաբերվող մասնագիտական և ֆինանսական աջակցությունը: Սա Հայաստան-սփյուռք գործակցության ևս մեկ փայլուն օրինակ է, և այս պայքարում մեր հայրենակիցների յուրաքանչյուր ներդրումն օգտագործվում է նպատակային ու արդյունավետ կերպով, ծառայում համազգային շահերին»,-նշեց Զարեհ Սինանյանը:
Կարևորելով Կորոնավիրուսի դեմ պայքարում նման նախաձեռնությունը՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք իրենց ներդրումն են ունենում համավարակի կանխարգելման գործում, և վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով և միասնաբար հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները: «Այս օրերին մենք ուժերի գերլարումով պայքարում ենք համավարակի դեմ, և նմանօրինակ նախաձեռնությունները մեզ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն ուժ են հաղորդում պայքարը մինչև վերջ տանելու և նվազագույն կորուստներով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ահա այս աջակցությունը կրկին ապացուցում է Հայաստան-սփյուռք միասնականությունն ու խնդիրները համատեղ ուժերով հաղթահարելու մեր կամքը»:
Նախաձեռնության վերաբերյալ տեսանյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/videos/236294357718695/?t=30
https://www.youtube.com/watch?v=uqbFW43dk2s
***
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով: