Բոստոնում վախճանվեց անվանի դիվանագետ եւ գիտնական Ռուբեն Շուգարյանը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
1993 թվականին մի օր, նախագահականում հերթական բրիֆինգից հետո Ռուբենը խնդրեց, որ ես մնամ, ասաց խոսելու առիթ կա։ ,, Նախագահն այսօր ինձ առաջարկել է ԱՄՆ մեկնել իբրեւ դեսպան, ուզում եմ քո կարծիքը իմանալ,- հարցրեց Ռուբենը։ Ու թեեւ զարմացա, բայց ուրախացա եւ ասացի.,, Ես շատ կտխրեմ, որ մենք կկորցնենք քեզ նման մամուլի քարտուղարի, բայց շատ ուրախ եմ, որ դու ես լինելու մեր դեսպանը Ամերիկայում,,։
Այնուհետեւ տարիներ անց հանդիպեցինք Վաշինգտոնում՝ Հայաստանի դեսպանությունում, ուր ես գտվնում էի իբրեւ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի դիտորդ։ Հետագայում մեր կապը կտրվեց, մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ ենք ունեցել , բայց երկու տարի առաջ հանդիպեցինք Բրյուսելում՝ Արցախին նվիրված մի խորհրդաժողովում եւ երկար զրուցեցինք։ Չէի սպասում, որ այսքան շուտ հրաժեշտ կտա կյանքին։
Հայաստանի պետությունը թեեւ 2008 թվականի մարտի 1-ից հետո դիվանագետների մի խմբի, այդ թվում Ռուբենին հեռացրել էր աշխատանքից, եւ զրկել դեսպանի կոչումից, սակայն ուրախ եմ, որ գոնե 2019-ին այդ կոչումը նա վերստացավ։ Նրա ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների սկզբնավորման ու զարգացման ոլորտում անուրանալի է։
Նա մնաց նվիրյալ դիվանագետ, ուսուցիչ, մեծատառով Մարդ եւ ընտանիքի հայր։
Իրոք ծանր կորուստ։ Աստված հոգին լուսավորի։
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա
Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը և առաջ մղել ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները: Դրա արդյունքն են եղել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գրանցված ձեռքբերումները:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Շուգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: Նոր լուսավոր մարդկային և փայլուն դիվանագետի կերպարը մշտապես վառ կմնան մեր հիշողություններում:
Ռուբեն Շուգարյանի կենսագրությունը
Ծնվել է 1962թ․ հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում: 1980-1985թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, իսկ 1985-1989թթ․ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։
1985-1990թթ․ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանում, 1990-1991թթ․ աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:
1991-1993թթ․ եղել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար և արտաքին կապերի գծով օգնական:
1993-1999թթ․ զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2005-2008թթ․ զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտոնը:
2008թ-ից սկսած դասավանդում էր Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս և գիտնական:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
«Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին:
Տոհմական մտավորական ընտանիքից սերած կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ:
Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանել իր հետագա դասախոսական և գիտական-վերլուծական աշխատանքներում:
Արտաքուստ մեղմ և ընկերական, նա ճշգրիտ և սկզբունքային էր խոսքի և գործի մեջ:
Ռուբենի հետ ինձ կապում էր ուսանողական տարիներից սկսած բարեկամությունը և ընկերությունը, շատ հարցերում մեր հայացքների ու գնահատականների նմանությունը:
Նա մեզնից հեռանում է մի տարիքում, երբ արդեն կուտակել էր փորձ, գիտելիքներ ու միջազգային ճանաչում, որոնք ծառայեցնում և դեռ երկար տարիներ կարող էր ծառայեցնել Հայրենիքին:
Հազար ափսոս: Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին:
Անդառնալի կորստի այս ծանր պահին իմ և Նունեի կողմից խորապես ցավակցում եմ Ռուբենի տիկնոջը, զավակներին և բոլոր հարազատներին»:
«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- գրել է Փաշինյանը։
Սիրելի ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԻ հիշատակին
…Մա՛րդ էր, Հորացիո…
Երկնքում մերոնք են թևածում՝
Արմանը, Գառնիկը, հիմա դու,
Ի՜նչ վաղ են տղերքը հեռանում,
Շարվեշար՝ վիրավոր, անտրտունջ…