Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

 

Ի՞նչ վիճակում է գտնվում Լեհաստանում Քովիդ 19 համավարակի դեմ պայքարը։ Հայտնի է, որ Լեհաստանը Չեխիայի եւ Սլովակիայի նման շատ խիստ սահմանափակումներ մտցրեց  անցած մեկ ամսավա ընթացքում։ Ինչպիսի՞ն են արդյունքները։  

- Ճիշտ է, որ Լեհաստանը բավականին վաղ և խիստ սահմանափակումներ մտցրեց կապված համավարակի հետ: Դատելով ընդհանուր վարակակիրների և  մահացածների թվից, կարելի է ասել, որ այդ միջոցառումներն ունեցել են իրենց դրական ազդեցությունը տարածումը կանխելու և վերահսկելի դարձնելու առումով:

Ապրիլի 20-ի դրությամբ վարակակիրների թիվը 9453 է, իսկ մահացածներինը` 362: Սա բավականին ցածր ցուցանիշ է 38 մլն բնակչություն ունեցող երկրի համար` համեմատած իր հարևանների հետ: Հետաքրքիր է, որ վարակվածների թիվը, հարաբերական ճշգրտությամբ, կանխատեսվել էր դեռևս շաբաթներ առաջ:

Այս իրավիճակը` այսինքն վերահսկելիությունը և կայունացման միտումը, թույլ տվեց կառավարությանը ապրիլի 20-ից մեղմացնել որոշ սահմանափակումներ և արտոնել հանրային այգիներ, անտառներ քաղաքացիների մուտքը, ոչ սննդային խանութների աշխատանքը: Հարկ է նշել, որ լեհ քաղաքացիները մեծ պատասխանատվությամբ են մոտենում տանը մնալու, հանրային վայրերում դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու իշխանությունների պահանջներին և հորդորներին:

-    Լեհաստանում վարակվածների շրջանում արդյո՞ք կան հայեր եւ եթե տեղյակ եք, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։

 -   Լեհաստանում ՀՀ դեսպանության ունեցած տեղեկություններով, այս պահին ունենք մեկ վարակակիր ՀՀ քաղաքացի: Նա հոսպիտալացվել է:

 - Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել Երեւան։  Հայտնի՞ են, թե երբ են վերականգնվելու Վարշավա-Երեւան չվերթները։

- Ստեղծված իրավիճակում դեսպանությունն անմիջապես գործարկել է թեժ գիծ, որը հասանելի է 24/7, նաև WhatsApp և Viber հավելվածներով: Կատարվում է Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների գրանցում. նրանք յոթ տասնյակից ավելի են: Պատասխաններ են տրվում նրանց տարաբնույթ հարցումներին նաև էլ. փոստով և Facebooki-ի հարթակով:

Դեսպանության Facebook էջով մշտապես տեղեկատվություն է հրապարակվել Լեհաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Խիստ կարիք ունեցողներին ցուցաբերվել է նաև ֆինանսական աջակցություն: Ցավոք, մինչ այս պահը, հնարավոր է եղել կազմակերպել սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Սակայն, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են` հարևան երկրների օդային հաղորդակցության գործող հնարավորություններն օգտագործելու առումով: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են սպասել Վարշավա-Երևան ուղիղ չվերթների վերականգնմանը:

Վարշավա-Երևան չվերթների արգելքը` ընդհանուր օդային հաղորդակցության կասեցման շրջանակներում, շարունակվելու է մինչ ապրիլի 26-ը: Դրանց վերսկսումը կապված է Լեհաստանի իշխանությունների առաջիկա որոշումից:   

 - Ի՞նչ վիճակում են հայտնվել տեղացի հայերը եւ ի՞նչ ռեժիմով է աշխատում նրանց հետ դեսպանությունը, տեղական համայնքային կառույցները մասնակցում են այդ աշխատանքին։

-Լեհաստանի քաղաքացի հանդիսացող հայերը կամ մշտական բնակության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները, բնականաբար, ենթարկվում են երկրի իշխանությունների կողմից սահմանված կանոններին: Այս առումով խնդիրներ չեն ծագել և դեսպանության միջամտության կարիք չի առաջացել:

 

Հակոբ Ասատրյան

 ՕՐԵՐ ամսագիր