Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times


Ապրիլի 21, 2020 թ., Երեւան.  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կանցկացնի առցանց քննարկում, որը տեղի կունենա 2020 թ. ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին՝ հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ: Միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաեւ 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները:

Առցանց քննարկման բանախոսներն են Նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Քննարկումը տեղի կունենա Futures Studio քննարկումների հարթակում, որը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:

Ապրիլի 24-ը միշտ էլ առանձնահատուկ է եղել բոլոր հայերի համար, բայց այս տարի այն հատկապես ուշագրավ է, քանի որ լրանում են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը եւ  Հոլոքոստի 75-րդ տարելիցը, ինչպես նաեւ «Ավրորայի» 5-ամյակը: Ստեղծման օրից ի վեր «Ավրորան» հավատարիմ է մնացել իր ավանդույթներին. այդ օրը ծաղիկ է խոնարհել Ծիծեռնակաբերդում՝ հարգելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, եւ մեծարել է մերօրյա հերոսներին ու Մատենադարանում հայտարարել  «Ավրորայի» հերոսների անունները՝ դրանք արձանագրելով «Մատյան մարդասիրաց» տարեգրքում:

Այժմ, երբ կորոնավիրուսային նոր հիվանդության հետեւանքով փոխվել է համաշխարհային օրակարգը, մենք չենք կարող սովորականի պես հավաքվել Մատենադարանում եւ ստիպված ենք փոփոխելու մեր ծրագրերն ու համապատասխանեցնելու ներկա իրավիճակին: Այդուհանդերձ, մենք միասին ենք, եւ այս առցանց միջոցառումը մեզ հնարավորություն կընձեռի մեծարելու 2020 թ. «Ավրորայի» հերոսներին, ինչպես նաեւ անդրադառնալու «Ավրորայի» հիմնական գաղափարներին՝ մեր ամուր հավատամքին, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության, եւ մեր նախնիներին փրկողների հանդեպ ունեցած երախտագիտությունը գործի վերածելու մեր հանձնառությանը:

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ մենք շատերից ավելի լավ ենք գիտակցում, թե մարդիկ այսօր ինչ դժվարությունների միջով են անցնում: Մենք փայփայում ենք անձնական փորձով ձեռք բերված այն իմացությունը, որ գոյապահպանմանը հաջորդում է վերածնունդ, եւ ձգտում ենք մարդկության մեջ սերմանել այդ հույսը։ Այդպես ենք վարվել անցյալում եւ կարողանալու ենք այդպես վարվել կրկին՝ միասին։

2020 թ. ապրիլի 24-ի առցանց միջոցառումը բաց է բոլորի համար: Քննարկումը տեղի կունենա անգլերեն՝ հայերեն եւ ռուսերեն թարգմանությունների ապահովմամբ: Zoom հարթակի հղում ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն կամ կարող են քննարկումը դիտել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն կամ ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն այն մասնակիցներին, որոնք գրանցվել են Zoom-ի միջոցով: Միացեք առցանց քննարկմանը եւ օգնեք մեզ սփռելու երախտագիտության ուղերձը:          

 

 

 

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում՝ այսպիսով շարունակելով մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռում է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբում է բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

Ավելին՝ www.auroraprize.com