Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներից Արայիկ Հարությունյանը ստացել է ընտրողների 88 տոկոս քվեները կամ 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը կամ 5428։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
 
Նա տեղեկացրեց, որ քվեարկության մասնակցիների թիվը 47 165 է, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 45 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է, կամ 3.97 տոկոս:
 
«Եթե զուգահեռ անցկացնենք մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների հետ, մասնավորապաես նախագահական ընտրությունների առաջին փուլի տվյալների հետ, ապա Արայիկ Հարութունյանը գերազանցել է իր նախկին ցուցանիշը 3784 ձայնով»,- ասաց Սրբուհի Արզումանյանը:
 
ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Արցախում տեղի ունենալիք կադրային քաղաքականության փոփոխություններին, ասել է. »Մեր հանրապետությունում բարձր պաշտոններ զբաղեցնողներն առաջին հերթին պետք է լինեն հանրության համար հասանելի, աշխատեն թափանցիկ, լինեն մարդկային և հարգվեն հասարակության կողմից՝ հիմքում ունենալով արհեստավարժությունը»:
«Նշանակումների ժամանակ կհիմնավորենք, թե ինչու և ինչ սկզբունքներով է տվյալ անձը զբաղեցնում այդ պաշտոնը: Մենք պատրաստ ենք համագործակցելու քաղաքական բոլոր ուժերի հետ: Մոտ օրերս հանդիպումներ կունենամ խորհրդարան անցած քաղաքական թիմերի, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Միասին մենք պետք է կերտենք բարեկեցիկ և ապահով երկիր: Նշեմ նաև, որ 2021 թվականը լինելու է թռիչքային: Առաջիկա հինգ տարիներին մեր կատարած աշխատանքներով կապացուցենք, որ մենք կարող ենք իրականացնել մեր նախընտրական ծրագիրը»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
 
Նորընտիր նախագահին շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ 

նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։ 

«Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։

 Այս առաւօտ, ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Արցախի Հանրապետութեան նորընտիր վսեմաշուք նախագահ տիար Արայիկ Յարութիւնեանին ուղղած նամակով մը շնորհաւորեց անոր ընտրութիւնը:

Իր նամակին մէջ Հայրապետը յատկապէս ըսաւ. «Արցախի Հանրապետութեան ամրացումը, հայոց բանակի հզօրացումը եւ տնտեսութեան զարգացումը մեր Սուրբ Աթոռին համար միշտ եղած են առաջնահերթ յանձնառութիւն։ Անցնող տարիներու ընթացքին, մեր յանձնառութիւնը գործի վերածող ծրագիրներ մշակած ենք, թէ՛ Կաթողիկոսարանը ուղղակիօրէն, եւ թէ իր թեմերուն ճամբով։ Կը վստահեցնենք Ձեզ, որ նոյն ոգիով պիտի շարունակենք գործնապէս մասնակից դառնալ Արցախի առաւել հզօրացման աշխատանքներուն»:


Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահաւորագիր է յղել տիար Արայիկ Յարութիւնեանին Արցախի Հանրապետութեան նախագահի բարձր պաշտօնում ընտրուելու առիթով:

Շնորհաւորական նամակում մասնաւորապէս ասուած է․ «Վերջին շաբաթներին ուշադրութեամբ հետեւել ենք Արցախ աշխարհում տեղի ունեցող ընտրապայքարին: Համապետական այս ընտրութիւնները կարեւոր հանգրուան էին` ողջ աշխարհին փաստելու արցախահայութեան նուիրումը ժողովրդավարութեան համընդհանուր արժէքներին: Արցախի մեր բարեպաշտ զաւակները վստահութիւն յայտնեցին պետական կառավարման ոլորտում Ձեր բազմամեայ փորձառութեանը եւ հանրապետութեան ապագայ զարգացման ու հզօրացման Ձեր տեսլականին:

Համայն հայութեան ձգտումն ու ցանկութիւնն է տեսնել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրաւունքի միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետութեան շէն ու առաջընթաց կեանքը: Յանուն դրա է մեր ողջ ժողովուրդը կրել նեղութիւններ եւ զրկանքներ, հեղուել արիւնը բազում հայորդիների: Հրամայական է Արցախի ժողովուրդի համար իշխանութիւնների գլխաւորութեամբ պահպանել միասնականութիւնը եւ համերաշխութեան ոգին յանդիման առկայ մարտահրաւէրների, իսկ քաղաքական ուժերի պայքարում գերակայեն ողջախոհութիւնը, օրինայարգութիւնը եւ համագործակցութիւնը` երբեք տեղիք չտալով բեւեռացման եւ բաժանումների»։

Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ տիար Յարութիւնեանի նախագահութեան տարիներին առաւել շէնանայ ու պայծառանայ կեանքը Արցախ աշխարհում: Նորին Սրբութիւնը ընդգծել է, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր աշխարհասփիւռ բոլոր կառոյցներով պիտի շարունակի իր ջանքերը ու զօրակցութիւնը բերել Արցախին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Երկնաւոր Տիրոջն Իր Ամենախնամ Աջով պահել ու պահպանել արցախցիներին եւ հանապազ օրհնել նրանց քաջարի ոգին ու Արցախի գալիք ամէն օրը:

Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է Արցախի հետ սերտ համագործակցությանը` ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։