Լույս է տեսել «Թումանյանը՝ քննադատ» գիրքը, ուր տեղ է գտել Ամենայն հայոց բանաստեղծի քննադատությունը, որը նախ և առաջ ազգային գրական, մշակութային, արժեքային համակարգին է նվիրված։
Այս դժվարին օրերին լույս է տեսել Ամենայն հայոց բանաստեղծի քննադատական բնույթի հոդվածների, ելույթների, զեկուցումների, նամակների ժողովածուն։
Թերևս սա պետք է նախ և առաջ վերահրատարակություն համարել, քանի որ գրքի առաջին հատվածը լույս է տեսել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։ Այն ժամանակ դեռ համակարգված չէր Թումանյանի ողջ գրական ժառանգությունը։ Դրան ձեռնամուխ էր եղել Թումանյանի դուստրը՝ Նվարդը և նա ցանկացավ, որ մեծ բանաստեղծի գրական ժառանգությանը զուգահեռ ընթերցողին հասնի Թումանյանի քննադական միտքը։ Այնուհետև թումանյանական ժողովածուների և հատորների ֆոնին մոռացվեց այս հետաքրքիր հավաքածուն, ուր Թումանյանական աշխարը յուրովի է բացահայտվում, քանի որ միշտ մեծ լոռեցու կողքին գտնված նրա դուստրը ժամանակագրական կարգով ներկայացրել էր ընթերցողին Թումանյանի քննադատությունը։
Իսկ երբ Թումանյանի 150-ամյա հոբելյանից առաջ Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ քննարկում էինք հնարավոր նոր հրատարակությունները, նա լուռ ինձ մեկնեց 80 տարի առաջ լույս տեսած գիրքը, ուր ամփոփված էին Թումանյանական քննադական մտքի մասունքները։ Փոխադարձ լռությունը նշանակում էր, որ գիրքը պետք է վերահրատարակել, բայց գուցե որոշ հավելումներով, որը ժամանակին չէր հասցրել անել Նվարդ Թումանյանը։
Ահա և երկարատև աշխատանքից՝ ճշգրտումներից ու հստակեցումներից հետո տպագրված է «Թումանյանը՝ քննադատ» գիրքը։ Այն կարծես ընթերցվում է ինչպես գեղարվեստական գրականություն, որի էջերում կյանքի և իրականության խոր գիտակի ու մտահոգ մարդու մտքերն են ու խոհերը. «...Զարմանալի ժողովուրդ ենք մենք։ Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպերը կուտակվել Մասիսի ձյունափառ գագաթին և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը։ Հայոց հայրենասերն Արտազը, Տարոնը ավելի է սիրում, քան Արտազում և Տարոնում ապրող ժողովուրդը»։
Նոր-նոր գրական աշխարհ մտած Հովհաննես Թումանյանը մտահոգվում է իրեն շրջապատող աշխարհով, այն իրականությամբ, որ գոյություն ուներ ժամանակի հայկական միւավայրում. «Երկիր ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք իմանում»։
Թումանյանը անտարբեր չէր ինչպես հասարակական զարգացումների, այնպես էլ մշակույթի խնդիրներով։ Օրինակ, նա կարող էր խորհուրդ տալ գավառական մամուլին («Մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին») կամ գնահատական արտահայտել գրական լեզվի մասին («Ամեն մի գրող գրական լեզուն զարգացնելու գործի վրա է և միշտ կարիք է զգում նորանոր ոճերի, դարձվածքների ու բառերի»)։
Թումանյանը այն գրողն է, որ ժամանակ էր գտնում գնահատելու ինչպես մեր գրական ազգային արժեքները կրողներին, այնպես էլ այն գործիչներին, ովքեր իրենց համամարդկային արժեքները թողել են մարդկությանը։ Այս առումով միշտ նրա բարձր գնահատանքի կիզակետում են եղել Խաչատուր Աբովյանը, Հովնաթանյանները, Սայաթ-Նովան, Նալբանդյանը, Սունդուկյանը, Աղայանը, Շիրվանզադեն և իր ժամանակի շատ սկսնակ բանաստեղծներ ու գրողներ։ Օրինակ, Սայաթ-Նովայի հետ կապված գրում է, «Այժմ ուրիշ է ժամանակը, մարդիկ աչքերը բացել են, հիմա Սայաթ-Նովան կկենդանանա մեր ժողովրդի հոգում և էլ չի մոռացվի»։
Թումանյանը համաշխարհային գրականության գիտակ էր և ուզում էր, որ այդ արժեքային համակարգը օգտակար լինի հայկական իրականությանը և գրականությանը։ Մասնավորապես նա ինքնատիպ դիտարկումներ ունի Շեքսպիրի, Սերվանտեսի, Պուշկինի, Տոլստոյի, Լերմոնտովի, Ռուսթավելու և այլ գրողների ստեղծագործական ժառանգության հետ կապված։
Ինչպես ներկայացվող տարբեր ժանրերի և ձևաչափերի նյութերն են վկայում մեծն Թումանյանը գրական աշխարհի զարգացման գործում ոչինչ երկրորդական չէր համարում, քանի որ շատ ածանցյալ խնդիրներ անմիջական առնչություն ունեին հիմնականին։ Եվ պատահական չէր, որ Նա մտահոգ էր հայոց պատմության արժևորման, հայագիտության ազգային ֆոնդի, դասագրքերի բարփոխումների, հայագիտության առաջընթացի, ազգագրության, թատրոնի և իհարկե բուն գրականության խնդիրներով։
Գնահատելով հայ գրականության վիճակը, նա գրում է. «Բանաստեղծի ոտը հարազատ և իրական հողի վրա պետք է լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչև երկինք հասնի»։
Թումանյանը ուշադիր էր նոր գրական սերնդի նկատմամբ և անհրաժեշտ էր համարում նրանց կողքին լինելու, նրանց պատգամում մոտ լինելու ժողովրդին»։ Նա իր ելույթներից մեկը վերնագրել է «Խոսք սկսնակ բանաստեղծներին», ուր հետևյալ դիտարկումը ունի. «Բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, չարիքների ու կարիքների աշխարհը՝ ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը»։
Թումանյանական քննադական մտքի փայլատակումները դրսևորվել են նաև նրա նամակագրության ընթացքում՝ իր բարեկամներին և գրչակիցներին՝ Ղազարոս Աղայանին, Արամ Նազարեթյանին, բժ. Ար. Զարգարյանին, Փիլիպոս Վարդազարյանին, Արսեն Ղլջյանին, Մարիամ Թումանյանին և այլոց։ Մասնավորապես՝ Մարիամ Թումանյանին 1899 թվականի հունիսի 24-ին գրում է Դսեղից. «Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդներով, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում, հաստատվում, առաջ գալիս, որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկառելի»։
Ընդհանրապես թումանյական քննադատությունում ու հրապարակախոսությում միշտ գերական հայրենիքն է ու հայրենապաշտությունը, առանց որի նա չի տեսնում և ոչ մի զարգացում։ Հանդես գալով Հայաստանի օգնության կոմիտեում, նա կոչ է անում շտապ օգնել Հայաստանին. «Լսիր քեզ կանչող հայրենիքի ձայնը և շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն, ինչ-որ երազել ես դարերով՝ ազատ ու շեն հայրենիք»։
Նոր գրքում ոգուն համաձայն Թումանյանի թոռնուհին՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը համապասխան հավելումներ է կատարել, որոնք ամենատարբեր պատճառներով չէին կարող տեղ գտնել 1939 թվականին հրատարակված ժողովածույում, դրանք նույն բնույթի և ուղղվածության թումանյանական դատողություններ, մտորումներ և եզրահանգումներ են դարձյալ նվիրված գրականությանը, արվեստին, թատրոնին, կրթությանը, հոգևոր աշխարհին: Իրմա Սաֆրազբեկյանը նոր գրքում ավելացրել է նաև հատվածներ Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցներ» գրքից, ուր ուշագրավ դիտարկումներ կան, որոնք առնչվում են Թումանյանական քննադատությանը։ Այստեղ պետք է նկատել, որ Նվարդ Թումանյանը 1914 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոր մահը ուշագրավ գրառումներ ու դիտարկումներ է կատարել և փոխանցել սերունդներին։
«Փաստորեն Նվարդ Թումանյանն է սկիզբ դրել թումանյանագիտությանը, կարգավորել հոր արխիվը, տպագրության պատրաստել գրական ժառանգությունը,-մեր զրույցում ասում է Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը, - Նվարդը զբաղվում էր հայ-ռուսական գրական կապերով ու առնչություններով և մեծ դերակատարություն է ունեցել Թումանյանի գրական ժառանգությունը բարձրակարգ ռուսերենով ընթերցողին ներկայացնելու գործում։ Առիթը ուզում եմ օգտագործել և ընդգծել, որ գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, իսկ տպագրությունը իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որի ղեկավար Մկրտիչ Կարապետյանի համար պատվի և արժանապատվության խնդիր է Թումանյանի գրական ժառանգությունը տպագրական բարձր մակարդակով ներկայացնել ընթերցողին»։ Ամփոփելով ասենք, որ «Թումանյանը՝ քննադատ» մի հետաքրքիր և ինքնատիպ պատուհան է դեպի թումանյանական աշխարհ, որի արժեքային համակարգից անընդհատ՝ անկախ տարածությունից ու ժամանակից կարելի է օգտվել, ինչու ոչ՝ նաև դասեր քաղել, որովհետև թումանյական խոհերն ու մտահոգությունները այսօր էլ հրատապ են ու այժմեական: Եվ դրանք կարող են այնպիսի լիցքեր հաղորդել, որ կարողանանք պահպանել ու զարգացնել մեր լինելությունը և ինքնությունը՝ առանց արժեքային համակարգի կորուստների։
Սերգո Երիցյան
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր
Հ.Գ. Ի դեպ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է գիրքը ձեռք բերել:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից մեր հարցին պատասխանեցին՝ կարող են պատվիրել առցանց՝ editprint.am, կառաքենք: